YouVersion Logo
Search Icon

ՂԵՎՏԱԿԱՆ 26

26
1«Ձեզ համար ձեռակերտ կամ քանդակված կուռքեր մի՛ ստեղծեք, արձան մի՛ կանգնեցրեք և ձեր երկրում երկրպագելու համար քարակոթող մի՛ դրեք։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։ 2Իմ շաբաթները պահե՛ք և իմ սրբարանից երկնչե՛ք. ես եմ Տերը։
Օրհնություններ Օրենքին հնազանդվողներին
(Բ Օր. 28.1-14)
3Եթե ըստ իմ հրամանի ընթանաք, իմ պատվիրանները պահպանեք և կատարեք դրանք, 4ապա անձրև կուղարկեմ ձեզ իր ժամանակին, և հողն իր բերքը կտա, իսկ դաշտերի ծառերը կտան իրենց պտուղները։ 5Ձեր կալսումը կտևի մինչև այգեկութ, իսկ ձեր այգեկութը՝ մինչև նոր ցանքսի ժամանակը։ Դուք կուշտ հաց կուտեք և ձեր երկրում անհոգ կապրեք։ 6Ձեր երկրին խաղաղություն կպարգևեմ, կքնեք, և չի լինի մեկը, որ ձեզ վախեցնի։ Ձեր երկրից կվերացնեմ չար գազաններին։ Եվ ձեր երկրում պատերազմ չի լինի։ 7Դուք կհալածեք ձեր թշնամիներին, և նրանք սպանված կընկնեն ձեր առաջ։ 8Ձեր հինգ հոգին կհալածի հարյուր հոգու, իսկ ձեր հարյուրը՝ բյուրավորների, ձեր թշնամիները սրի հարվածներից կընկնեն ձեր առաջ։ 9Իմ հայացքը ձեզ վրա կլինի, կաճեցնեմ ու կբազմացնեմ ձեզ և հաստատ կմնամ ձեզ հետ կնքած իմ ուխտին։ 10Կուտեք նախորդ ու դրանից էլ առաջ ստացած բերքը և ստիպված հին բերքը շտեմարանից պիտի հանեք՝ այն նոր բերքով լցնելու։ 11Ես իմ ուխտը կհաստատեմ ձեր մեջ և ես ձեզնից չեմ խորշի։ 12Ես կքայլեմ ձեր մեջ և կլինեմ ձեր Աստվածը, իսկ դուք կլինեք իմ ժողովուրդը։ 13Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ ձեզ հանեցի եգիպտացիների երկրից, երբ դեռ ստրուկ էիք, քանդեցի ձեր ստրկական լծի կապանքները և ձեզ համարձակ այստեղ բերեցի»։
Անեծքներ Օրենքին անհնազանդներին
(Բ Օր. 28.15-68)
14«Բայց եթե չլսեք ինձ և չկատարեք իմ այս բոլոր հրամանները, 15այլ արհամարհեք դրանք, իմ կարգադրություններից ձանձրանալով՝ չկատարեք իմ պատվիրաններն ու լուծարեք իմ հաստատած ուխտը, 16ապա ես նույնը կանեմ ձեր նկատմամբ. տագնապալից տարակույսների կմատնեմ ձեզ, քոսով ու դեղնախտով կհիվանդացնեմ ձեզ, որ պակասի ձեր աչքի լույսը, և դուք հալումաշ լինեք։ Այնժամ զուր տեղը պիտի ցանեք ձեր սերմերը, և այն ձեր հակառակորդները պիտի ուտեն։ 17Ես իմ հայացքը ձեր դեմ պիտի հառեմ, և դուք պիտի ընկնեք ձեր թշնամիների առաջ։ Ձեզ ատողները ձեզ պիտի հալածեն, և դուք փախստական պիտի լինեք, եթե անգամ որևէ մեկը չհալածի ձեզ։ 18Եթե այդքանից հետո էլ ինձ չլսեք, ձեր գործած մեղքերի համար յոթնապատիկ ավելի պիտի պատժեմ։ 19Ես պիտի խորտակեմ ձեր ամբարտավան պարծենկոտությունը, երկինքը ձեզ վրա երկաթի պես ծանր պիտի դարձնեմ, իսկ ձեր հողը՝ պղնձի պես կարծր։ 20Ձեր զորությունն ի չիք պիտի դառնա, հողն իր բերքը չպիտի տա, ոչ էլ վայրի ծառերը պտուղ պիտի տան։ 21Իսկ եթե դուք շարունակեք շեղվել ուղիղ ճանապարհից ու չկամենաք լսել ինձ, ըստ ձեր գործած մեղքերի՝ յոթնապատիկ ավելի պիտի պատժեմ ձեզ։ 22Ձեզ վրա երկրի վայրի գազաններ պիտի ուղարկեմ, նրանք պիտի ուտեն ձեզ ու պիտի հոշոտեն ձեր անասունները։ Այսպիսով պիտի պակասեցնեմ ձեր թիվը, և ձեր ճանապարհները կամայանան։ 23Իսկ եթե դրանից հետո էլ չխրատվեք և դեռ հակառակվեք ինձ, 24ես ևս զայրանալով պիտի հակառակվեմ ձեզ և ձեր գործած մեղքերի դիմաց յոթնապատիկ ավելի պիտի պատժեմ ձեզ։ 25Ձեզ սրակոտոր պիտի անեմ՝ վրեժ առնելով ուխտը խախտելու համար։ Եվ եթե պատսպարվեք ձեր քաղաքներում, ես ձեզ մահ պիտի ուղարկեմ, և դուք թշնամիների ձեռքը պիտի մատնվեք։ 26Երբ ձեզ նեղեմ հացի պակասությամբ, մեկ թոնիրը բավական կլինի տասը կնոջ հաց եփելու համար, և ձեզ հաց պիտի բաժանեն հաշված կշռով։ Պիտի ուտեք ու չպիտի կշտանաք։
27Եթե դրանից հետո էլ ինձ չանսաք ու հակառակ գնաք ինձ, 28ես նույնպես զայրանալով պիտի հակառակվեմ ձեզ և ձեր գործած մեղքերի համեմատ յոթնապատիկ ավելի պիտի պատժեմ ձեզ։ 29Եվ կուտեք ձեր տղաների մարմինները, կուտեք ձեր դուստրերի մարմինները։ 30Ես պիտի կործանեմ ձեր արձանները, պիտի խորտակեմ ձեր փայտյա ձեռակերտ կուռքերը։ Ձեր դիակները պիտի նետեմ ձեր ջարդուփշուր եղած կուռքերի բեկորների վրա, և իմ հոգին պիտի խորշի ձեզնից։ 31Ձեր քաղաքներն ավերակ պիտի դարձնեմ, պիտի ամայացնեմ ձեր տաճարները և ձեր զոհերի անուշ բույրն այլևս չպիտի հոտոտեմ։ 32Պիտի ավերեմ ձեր երկիրը, և նրա մեջ ապրող ձեր թշնամիները պիտի զարմանան դրա վրա։ 33Ձեզ պիտի ցրեմ տարբեր ժողովուրդների մեջ, և ձեզ վրա իջած սուրը պիտի կոտորի ձեզ։ Ձեր երկիրն ավերակ պիտի դառնա, իսկ ձեր քաղաքները՝ ամայի։ 34Այնքան ժամանակ, մինչ երկիրն ավերակ պիտի մնա, պիտի վայելի իր հանգստյան օրերը, իսկ դուք պիտի լինեք ձեր թշնամիների երկրում՝ օտար երկրում։ Այնքան ժամանակ, մինչ երկիրն ավերակ պիտի մնա, պիտի վայելի իր շաբաթները, 35ավերման բոլոր օրերին պիտի հանգստանա այն շաբաթների փոխարեն, որ չհանգստացավ ձեր՝ այնտեղ բնակվելու ժամանակ։ 36Ձեր թշնամիների երկրում վերապրածներիդ սրտում վախ պիտի գցեմ. նրանք պիտի սարսռան տերևների սոսափյունից, նրանք փախուստի պիտի դիմեն, ինչպես փախչում են ռազմի դաշտից, և պիտի ընկնեն առանց որևէ մեկից հալածված լինելու։ 37Եղբայրը պիտի լքի իր եղբորը, ինչպես ռազմի դաշտում, առանց որևէ մեկից հետապնդված լինելու։ Դուք չպիտի կարողանաք դիմադրել ձեր թշնամիներին։ 38Դուք պիտի կորչեք ժողովուրդների մեջ, և ձեր թշնամիների երկիրը ձեզ կուլ պիտի տա։ 39Ձեզնից վերապրածներն իրենց գործած մեղքերի համար պիտի կոտորվեն իրենց թշնամիների երկրում և իրենց հայրերի մեղքերի համար նրանց հետ հալումաշ պիտի լինեն։ 40Նրանք պիտի խոստովանեն իրենց ու իրենց հայրերի գործած մեղքերը, որ հանցանք են գործել և արհամարհել են ինձ, և որ հակառակվել են ինձ, 41դրա համար ես էլ նրանց հակառակվեցի բարկությամբ և ոչնչացրի նրանց իրենց թշնամիների երկրում։
Այնժամ պիտի ամաչի նրանց անթլփատ սիրտը, և այնժամ պիտի ընդունեն իրենց մեղքերը։ 42Ես էլ կհիշեմ Հակոբին, Իսահակին և Աբրահամին տված իմ խոստումը, կհիշեմ նաև այն երկիրը, 43որը, լքվելով նրանց կողմից, պիտի վայելի իր շաբաթները, քանի որ այն ավերակ էր դարձել իր բնակիչների պատճառով։ Նրանք պիտի պատժվեն իրենց կատարած անօրենությունների համար այն բանի փոխարեն, որ արհամարհեցին իմ պատվիրանները, և իմ հրամանները նրանց համար տաղտկալի դարձան։ 44Երբ նրանք իրենց թշնամիների երկրում էին, ես նրանց անտես չարեցի և ոչ էլ զզվեցի նրանցից՝ նրանց ոչնչացնելու և նրանց հետ իմ կապած ուխտը լուծելու համար, քանզի ես եմ Տերը՝ նրանց Աստվածը։ 45Ես կհիշեմ նրանց հետ կապած իմ նախկին ուխտը, երբ բոլոր հեթանոս ժողովուրդների աչքի առաջ նրանց հանում էի եգիպտացիների երկրից՝ ստրկության բնակավայրից, որպեսզի լինեմ նրանց Աստվածը, քանզի ես եմ Տերը»։
46Սրանք են այն պատգամները, հրամաններն ու օրենքները, որը Տերը Սինա լեռան վրա Մովսեսի միջոցով հաստատեց իր և Իսրայելի որդիների միջև։

Currently Selected:

ՂԵՎՏԱԿԱՆ 26: ՆԷԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in