ՂՈՒԿԱՍ 22
22
Հուդայի համաձայնությունը՝ մատնելու Հիսուսին
(Մտթ. 26.1-5, 14-16, Մրկ. 14.1-2, 10-11, Հովհ. 11.47-53)
1Մոտեցավ Բաղարջակերաց տոնը, որը կոչվում էր Պասեք։ 2Իսկ քահանայապետներն ու դպիրները Հիսուսին սպանելու հնար էին փնտրում, բայց վախենում էին ժողովրդից։
3Ապա սատանան մտավ Իսկարիովտացի կոչված Հուդայի մեջ, որ տասներկուսի թվում էր։ 4Սա գնաց բանակցեց քահանայապետների, դպիրների և ժողովրդի իշխանավորների հետ, որ Հիսուսին նրանց մատնի։ 5Նրանք ուրախացան և խոստացան Հուդային արծաթ տալ։ 6Եվ նա հանձն առավ ու պատեհ առիթ էր փնտրում՝ ամբոխից մեկուսի նրան մատնելու նրանց։
Վերջին ընթրիքը
(Մտթ. 26.17-25, Մրկ. 14.12-21, Ա Կրնթ. 11.23-25)
7Վերջապես եկավ Բաղարջակերաց օրը, երբ օրենք էր մորթել զատկական գառը։ 8Եվ Հիսուսը ուղարկեց Պետրոսին և Հովհաննեսին ու ասաց. «Գնացե՛ք, պատրաստե՛ք մեզ համար զատկական ընթրիքը, որ ուտենք»։ 9Նրանք ասացին. «Որտե՞ղ ես ուզում, որ պատրաստենք»։ 10Եվ նրանց ասաց. «Ահա երբ քաղաք մտնեք, ձեզ կհանդիպի մի մարդ՝ ջրի սափորը բարձած. գնացե՛ք նրա հետևից այն տունը, ուր նա կմտնի։ 11Եվ կասեք տանտիրոջը. “Վարդապետը քեզ ասում է՝ ո՞ւր է այն հյուրասրահը, որտեղ աշակերտներիս հետ պիտի ուտեմ զատկական ընթրիքը”։ 12Եվ նա ձեզ ցույց կտա զարդարված մի մեծ վերնատուն. հենց այնտեղ էլ կպատրաստեք»։ 13Աշակերտները գնացին գտան, ինչպես որ իրենց ասել էր, ու պատրաստեցին Պասեքը։
14Երբ ժամը հասավ, Հիսուսը սեղան նստեց, տասներկու առաքյալներն էլ՝ նրա հետ։ 15Եվ նրանց ասաց. «Շատ ցանկացա այս Պասեքի ընթրիքն ուտել ձեզ հետ, քանի դեռ չեմ չարչարվել։ 16Բայց ասում եմ ձեզ, թե այլևս չեմ ուտելու սրանից, մինչև որ Պասեքն իր լրումին չհասնի Աստծու արքայության մեջ»։
Հաղորդության խորհրդի հաստատումը
(Մտթ. 26.26-30, Մրկ. 14.22-26)
17Եվ բաժակը վերցնելով՝ գոհություն հայտնեց Աստծուն ու ասաց. «Առե՛ք այս և բաժանե՛ք ձեր մեջ. 18ասում եմ ձեզ, թե այսուհետև որթատունկի բերքից չեմ խմելու, մինչև որ չգա Աստծու արքայությունը»։
19Եվ հաց վերցնելով՝ գոհություն հայտնեց Աստծուն, կտրեց, տվեց նրանց և ասաց. «Այս է իմ մարմինը, որ շատերի համար է տրված. ա՛յս արեք իմ հիշատակի համար»։ 20Նույնպես և ընթրիքից հետո բաժակը վերցրեց և ասաց. «Այս բաժակը նոր Ուխտ է, որ կնքվում է ձեզ համար թափված իմ արյունով։
Հիսուսը խոսում է իր մատնության մասին
(Հովհ. 13.21-30)
21Բայց ահավասիկ իմ մատնիչի ձեռքն ինձ հետ այս սեղանի վրա է։ 22Մարդու Որդին աշխարհից կգնա ըստ սահմանվածի, բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով կմատնվի»։ 23Եվ նրանք սկսեցին հարցնել իրար մեջ, թե իրենցից ո՛վ է, որ անելու է այդ։
Մեծը արքայության մեջ
24Նրանց մեջ վեճ առաջացավ, թե իրենցից ո՛վ պիտի մեծ համարվի։ 25Հիսուսը նրանց ասաց. «Ազգերի թագավորները տիրում են իրենց ժողովուրդների վրա, և նրանց վրա իշխողները բարերարներ են կոչվում։ 26Բայց դուք հանկարծ այդպես չլինեք, այլ ով մեծն է ձեր մեջ, թող կրտսերի պես լինի, իսկ առաջնորդը՝ սպասավորի պես։ 27Ո՞վ է ավելի մեծ. սեղան նստո՞ղը, թե՞ սպասավորը։ Չէ՞ որ սեղան նստողը։ Բայց ես ձեր մեջ եմ իբրև սպասավոր»։
Առաքյալներին խոստացված վարձատրությունը
28«Եվ դուք իմ փորձությունների մեջ ինձ հետ մնացիք մինչև այժմ։ 29Եվ ես խոստանում եմ ձեզ, ինչպես որ իմ Հայրն ինձ խոստացավ տալու արքայությունը, 30որ կուտեք և կխմեք իմ սեղանից իմ արքայության մեջ և կնստեք տասներկու գահերի վրա՝ դատելու Իսրայելի տասներկու ցեղերին»։
Կանխասություն Պետրոսի ուրացության մասին
(Մտթ. 26.31-35, Մրկ. 14.27-31, Հովհ. 13.36-38)
31Եվ Տերն ասաց. «Սիմո՛ն, Սիմո՛ն, ահա սատանան ուզեց ձեզ ցորենի նման մաղել։ 32Բայց ես աղոթեցի քեզ համար, որպեսզի քո հավատը չպակասի, և դու, երբ կրկին ինձ դառնաս, հաստատես քո եղբայրներին»։ 33Եվ Պետրոսն ասաց. «Տե՛ր, պատրաստ եմ քեզ հետ գնալ և՛ բանտ, և՛ դեպի մահ»։ 34Եվ Հիսուսը նրան ասաց. «Ասում եմ քեզ, Պետրո՛ս, այսօր, դեռ աքաղաղը չկանչած, դու երեք անգամ կուրանաս՝ ասելով, որ ինձ չես ճանաչում»։
Քսակ, մախաղ և սուր
35Եվ նրանց ասաց. «Երբ ուղարկեցի ձեզ առանց քսակի, մախաղի և կոշիկների, մի՞թե որևէ բանի կարոտ մնացիք»։ 36Նրանք պատասխանեցին. «Եվ ոչ մի բանի»։ Ապա ասաց. «Իսկ այժմ ով քսակ ունի, թող վերցնի այն, նույնպես և մախաղ, իսկ ով չունի, թող վաճառի իր վերարկուն և իր համար սուր գնի։ 37Բայց ասում եմ ձեզ, այս ևս, որ գրված է, պետք է, որ կատարվի ինձ վրա, թե՝ “Անօրենների հետ դասվեց” (Ես. 53.12)։ Որովհետև ինչ որ իմ մասին գրված է, կատարվելու է»։ 38Եվ նրանք ասացին. «Տե՛ր, ահավասիկ այստեղ երկու սուր կա»։ Եվ նրանց ասաց. «Բավական են»։
Աղոթք Ձիթենյաց լեռան վրա
(Մտթ. 26.36-46, Մրկ. 14.32-42)
39Հիսուսն ըստ իր սովորության ելավ գնաց Ձիթենյաց լեռը. նրա հետևից գնացին նաև աշակերտները։ 40Երբ տեղ հասավ, ասաց նրանց. «Աղոթքի՛ կանգնեք, որ փորձության մեջ չընկնեք»։ 41Եվ ինքը հեռացավ նրանցից մոտ մի քարընկեց, ծնրադրեց, աղոթում էր ու ասում. 42«Հա՛յր, եթե կամենում ես, այս բաժակն ինձնից հեռացրո՛ւ, բայց ոչ թե իմ կամքը, այլ քոնը թող լինի»։ 43Նրան երկնքից մի հրեշտակ երևաց և ուժ էր տալիս նրան. նա տագնապի մեջ էր և ամբողջ հոգով աղոթում էր։ 44Նրա քրտինքը հոսում էր արյան կաթիլների նման՝ շիթ-շիթ գետին թափվելով։ 45Աղոթքից վեր կենալով՝ եկավ աշակերտների մոտ, բայց նրանց տրտմությունից քնած գտավ 46ու ասաց. «Ինչո՞ւ եք քնել. վե՛ր կացեք, աղոթե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք»։
Հիսուսի մատնությունը և ձերբակալությունը
(Մտթ. 26.47-56, Մրկ. 14.43-50, Հովհ. 18.1-12)
47Եվ մինչ նա դեռ խոսում էր, ահա երևաց մի ամբոխ, և նա՝ Հուդա կոչեցյալը, տասներկուսից մեկը, առաջնորդում էր նրանց։ Երբ Հուդան մոտեցավ Հիսուսին, համբուրեց նրան (քանզի այս նշանն էր տվել նրանց, թե՝ «Ում ես համբուրեմ, նա՛ է, նրա՛ն բռնեք»)։ 48Հիսուսը նրան ասաց. «Հուդա՛, համբուրելո՞վ ես մատնում Մարդու Որդուն»։ 49Երբ նրա շուրջը գտնվողները տեսան եղածը, նրան ասացին. «Տե՛ր, սրով հարվածե՞նք»։ 50Եվ աշակերտներից մեկը հարվածեց քահանայապետի ծառային և կտրեց գցեց նրա աջ ականջը։ 51Հիսուսը պատասխանեց և ասաց. «Թո՛ւյլ տվեք, բավ է եղածը»։ Եվ դիպչելով ականջին՝ բժշկեց այն։ 52Եվ քահանայապետների, տաճարի իշխանավորների ու ծերերի կողմից իր վրա եկածներին ասաց. «Ինչպես ավազակի՞ վրա եք գալիս սրերով ու մահակներով. 53չէ՞ որ միշտ ձեզ հետ էի տաճարում, և դուք ինձ վրա ձեռք չբարձրացրիք. սակայն ա՛յս է ձեր ժամը և խավարի իշխանության զորությունը»։
Պետրոսի ուրացումները
(Մտթ. 26.69-75, Մրկ. 14.66-72, Հովհ. 18.15-18, 25-27)
54Եվ բռնելով նրան՝ տարան և մտցրին քահանայապետի տունը. իսկ Պետրոսը հեռվից գնում էր նրա հետևից։ 55Երբ գավթի մեջ կրակ վառեցին և շուրջը նստեցին, Պետրոսն էլ նստեց նրանց մեջ։ 56Մի աղախին տեսավ նրան՝ կրակի լույսի մոտ նստած, ուշադիր նայեց նրան ու ասաց. «Սա էլ նրանց հետ էր»։ 57Բայց Պետրոսն ուրացավ ու ասաց. «Ես նրան չեմ ճանաչում, ո՛վ կին»։ 58Եվ քիչ հետո մեկ ուրիշը տեսավ նրան ու ասաց. «Դո՛ւ էլ նրանցից ես»։ Պետրոսն ասաց. «Ո՛վ մարդ, ես նրանցից չեմ»։ 59Եվ երբ մի ժամ էլ անցավ, մեկ ուրիշը վիճում էր և ասում. «Ճիշտ որ սա էլ նրա հետ էր, որովհետև գալիլեացի է»։ 60Պետրոսն ասաց. «Ո՛վ մարդ, չգիտեմ, թե ի՛նչ ես խոսում»։ Եվ նույն պահին, մինչ նա այս էր ասում, աքաղաղը կանչեց։ 61Տերը դարձավ և նայեց Պետրոսին. Պետրոսը հիշեց Տիրոջ խոսքը, որ ասել էր իրեն. «Աքաղաղը չկանչած՝ երեք անգամ կուրանաս, թե ինձ ճանաչում ես»։ 62Եվ դուրս ելնելով՝ Պետրոսը դառնորեն լաց եղավ։
63Եվ նրան պահպանող մարդիկ ծիծաղում էին նրա վրա, խփում, 64ծածկում էին նրա երեսը և տանջում, հարցնում էին նրան և ասում. «Դե՛, մարգարեացի՛ր՝ ո՞վ է, որ քեզ խփեց»։ 65Եվ հայհոյելով՝ ուրիշ շատ բաներ էլ էին ասում նրա երեսին։
Հիսուսը ատյանի առաջ
(Մտթ. 26.57-68, Մրկ. 14.53-65, Հովհ. 18.12-14, 19-24)
66Եվ երբ լույսը բացվեց, հավաքվեց ժողովրդի ծերակույտը՝ քահանայապետներ և դպիրներ, և Հիսուսին քաշեցին բերեցին իրենց ատյանի առաջ և ասացին. «Եթե դու ես Քրիստոսը, ասա՛ մեզ»։ 67Նրանց ասաց. «Եթե ձեզ ասեմ էլ, չեք հավատա։ 68Եվ եթե ես ձեզ հարցնեմ, ինձ պատասխան չեք տա։ 69Բայց սրանից հետո Մարդու Որդին պիտի նստի ամենազոր Աստծու աջ կողմում (Դան. 7.13)»։
70Եվ ամենքը միասին ասացին. «Ուրեմն դու Աստծու Որդի՞ն ես»։ Եվ նա ասաց նրանց. «Դուք եք ասում, թե ես եմ»։ 71Եվ նրանք ասացին. «Էլ ի՞նչ վկայություն է պետք մեզ, որովհետև մենք ինքներս լսեցինք նրա բերանից»։
वर्तमान में चयनित:
ՂՈՒԿԱՍ 22: ՆԷԱ
हाइलाइट
शेयर
कॉपी
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն