Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 36

36
Հուդայի Հովաքազ թագավորը
(Դ Թագ. 23.30-35)
1Երկրի ժողովուրդը Հովսիայի որդի Հովաքազին վերցրեց և իր հոր փոխարեն թագավոր դարձրեց Երուսաղեմում։ 2Հովաքազը քսաներեք տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեք ամիս թագավորեց Երուսաղեմում։ 3Եգիպտոսի թագավորը Երուսաղեմում նրան հեռացրեց աթոռից և երկրի վրա հարյուր տաղանդ արծաթ և մեկ տաղանդ ոսկի հարկ դրեց։ 4Եգիպտոսի թագավորը Հուդայի ու Երուսաղեմի վրա թագավոր նշանակեց նրա եղբայր Եղիակիմին և նրա անունը փոխեց ու դրեց Հովակիմ, իսկ նրա եղբայր Հովաքազին Նեքավովն առավ ու տարավ Եգիպտոս։
Հուդայի Հովակիմ թագավորը
(Դ Թագ. 23.36–24.7)
5Հովակիմը քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նա չարիք գործեց իր Տեր Աստծու առջև։ 6Նրա դեմ ելավ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը և նրան կապեց պղնձե կրկնակի ոտնակապերով, որպեսզի նրան տանի Բաբելոն։ 7Նաբուգոդոնոսորը Բաբելոն տարավ Տիրոջ տան անոթները և Բաբելոնում դրանք դրեց իր տաճարի մեջ։ 8Հովակիմի պատմության մնացած մասը, նրա կատարած պղծությունները, և ինչ որ կար նրա դեմ, ահա դրանք գրված են Իսրայելի և Հուդայի թագավորների գրքում։ Նրա որդի Հովաքինը թագավոր դարձավ նրա փոխարեն։
Հուդայի Հովաքին թագավորը
(Դ Թագ. 24.8-17)
9Հովաքինը ութ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեք ամիս ու տասը օր թագավորեց Երուսաղեմում։ Նա չարիք գործեց Տիրոջ առջև։ 10Հաջորդ տարի Նաբուգոդոնոսոր թագավորը զորք ուղարկեց և նրան, Տիրոջ տան թանկարժեք անոթներով հանդերձ, բերել տվեց Բաբելոն, և նրա հոր եղբայր Սեդեկիային թագավոր նշանակեց Հուդայի և Երուսաղեմի վրա։
Հուդայի Սեդեկիա թագավորը
(Դ Թագ. 24.18-20, Երմ. 52.1-3ա)
11Սեդեկիան քսանմեկ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ 12Նա չարիք գործեց իր Տեր Աստծու առջև. չխոնարհվեց Տիրոջ բերանով խոսող Երեմիա մարգարեի առաջ։
Երուսաղեմի անկումը
(Դ Թագ. 25.1-21, Երմ. 52.3բ-11)
13Նա ապստամբեց նաև Նաբուգոդոնոսոր թագավորի դեմ, որը նրան երդվեցրել էր Աստծու անունով։ Նա համառորեն#36.13 Եբր. խստացրեց իր պարանոցը։ կարծրացրեց իր սիրտը, որ չվերադառնա Իսրայելի Տեր Աստծուն։ 14Քահանաների բոլոր գլխավորներն ու ժողովուրդը նույնպես չափազանց շատ անօրենություններ գործեցին ուրիշ ազգերի բոլոր գարշությունների պես և պղծեցին Տիրոջ տունը, որը նա սրբագործել էր Երուսաղեմում։ 15Տերը՝ նրանց հայրերի Աստվածը, իր պատգամավորների ձեռքով կրկին ու կրկին#36.15 Եբր. կանուխ ելնելով ուղարկել։ նրանց ուղարկում էր իր պատգամները, որովհետև խնայում էր իր ժողովրդին և իր բնակարանը։ 16Բայց նրանք անարգում էին Աստծու պատգամավորներին, արհամարհում էին նրա խոսքերը, ծաղրում էին նրա մարգարեներին, մինչև որ բորբոքվեց Տիրոջ բարկությունն իր ժողովրդի դեմ այնպես, որ բժշկելու միջոց չմնաց։ 17Տերը նրանց վրա ուղարկեց քաղդեացիների թագավորին, որն էլ սրով սպանեց նրանց երիտասարդներին իրենց իսկ սրբարանում, և չխնայեց երիտասարդին, կույսին, ծերին և ալևորին. բոլորին մատնեց նրա ձեռքը։ 18Նա Աստծու տան բոլոր անոթները՝ մեծերն ու փոքրերը, Տիրոջ տան գանձերը, թագավորի և նրա իշխանների գանձերը, բոլորը տարավ Բաբելոն։ 19Այրեցին Աստծու տունը, քանդեցին Երուսաղեմի պարիսպը և կրակով այրեցին բոլոր պալատներն ու փչացրին բոլոր թանկարժեք իրերը։ 20Իսկ սրից մնացածներին գերի տարավ Բաբելոն, և նրանք նրա ու նրա որդիների ծառաները դարձան մինչև Պարսից թագավորության տիրապետությունը, 21որպեսզի կատարվի Տիրոջ խոսքը, որ ասվեց Երեմիա մարգարեի բերանով. «Երկիրը պիտի ավերակ մնա յոթանասուն տարի՝ ամբողջացնելու շաբաթների հանգիստը, որ չէր պահվել»#36.21 Ակնարկություն է Ղևտ. 25.1-7 համարներին, որտեղ յոթ տարին մեկ հողը մեկ տարի պիտի հանգստանա։։
Կյուրոսը հրեաներին արտոնում է վերադառնալ
(Եզր. 1.1-4)
22Պարսից Կյուրոս թագավորի առաջին տարում, որպեսզի կատարվի Երեմիայի բերանով ասված Տիրոջ խոսքը, Տերը զարթնեցրեց պարսից Կյուրոս թագավորի հոգին, և նա իր ամբողջ թագավորության մեջ մունետիկ կանչել տվեց, նաև գրավոր հրովարտակ հրապարակեց՝ ասելով.
23«Այսպես է ասում պարսից Կյուրոս թագավորը. “Երկնքի Տեր Աստվածն ինձ տվել է երկրի բոլոր թագավորությունները, և նա ինձ պատվիրել է իր համար մի տուն կառուցել Երուսաղեմում, որ Հուդայի երկրում է։ Ձեզնից ով որ նրա ժողովրդից է, նրա Տեր Աստվածն իր հետ լինի, և թող գնա”»։

Արդեն Ընտրված.

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 36: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք