Բ Կորնթացիներին 2
2
1Բայց ես իմ մեջ այս որոշեցի, որ դարձյալ չգամ ձեզ մոտ՝ ձեզ չտրտմեցնելու։ 2Որովհետև եթե ես ձեզ տրտմեցնեմ, էլ ո՞վ ինձ կուրախացնի, եթե ոչ ինձանից տրտմածը։ 3Եվ այս գրեցի, որ երբ գամ, տրտմություն չկրեմ նրանցից, ովքեր պետք է ինձ ուրախացնեին։ Ձեր բոլորի վրա վստահ եմ, որ իմ ուրախությունը ձեր բոլորինն է։ 4Շատ նեղությունից և սրտիս տագնապից է, որ առատ արտասուքով գրեցի ձեզ, ոչ որպեսզի տրտմեցնեմ ձեզ, այլ որպեսզի իմանաք ձեր նկատմամբ իմ ունեցած անսահման սերը։
Քրիստոնեական ներողամտություն
5Եթե որևէ մեկը տրտմեցրել է, ոչ միայն ինձ է տրտմեցրել, այլ, չափազանցրած չլինեմ, ինչ-որ չափով նաև ձեզ բոլորիդ։ 6Այդպիսի մարդու համար բավական է այն հանդիմանությունը, որ շատերի կողմից եղավ։ 7Այսուհետև, ընդհակառակը, դուք ավելի՛ ներեք ու մխիթարեք նրան, որպեսզի այդպիսին սաստիկ տրտմության մեջ չընկղմվի։ 8Դրա համար աղաչում եմ ձեզ, որ նրա նկատմամբ սեր ցուցաբերեք։ 9Այն բանի համար նաև գրեցի ձեզ, որ ձեզ փորձելով իմանամ, թե արդյոք ամեն բանում հնազա՞նդ եք։ 10Եթե դուք մեկին ինչ-որ բան ներեք, ես էլ կներեմ։ Որովհետև ես էլ եթե ինչ-որ բան ներում եմ, ձեզ համար եմ ներում՝ Քրիստոսի առաջ, 11որպեսզի սատանայից չմոլորվենք, որովհետև նրա խորհուրդներին քաջատեղյակ ենք։
Պողոսը Տրովադայում
12Երբ ես Քրիստոսի Ավետարանի համար հասա Տրովադա, և չնայած Տերն ինձ համար բացել էր դուռը, 13իմ հոգում հանգստություն չունեի, որովհետև իմ Տիտոս եղբորն այնտեղ չգտա, ուստի նրանց հրաժեշտ տալով՝ գնացի Մակեդոնիա։
Հաղթանակ Քրիստոսով
14Գոհություն մատուցեմ Աստծուն, որ ամեն ժամ մեզ մասնակից է դարձնում Քրիստոսով հաղթությանը և իր գիտության բույրը ամեն տեղ տարածում մեզանով։ 15Մենք Աստծու համար Քրիստոսի անուշ բույրն ենք փրկվածների թե կորուսյալների մեջ։ 16Ոմանց համար՝ մահվան հոտ, որ դեպի մահ է տանում, իսկ ոմանց համար՝ կյանքի բույր, որ դեպի կյանք է տանում։ Եվ այս բաներին ո՞վ է ընդունակ։ 17Քանի որ նման չենք շատ ուրիշների, որոնք Աստծու խոսքը վաճառում են, այլ պարզությամբ, ինչպես Աստծու կողմից ուղարկվածներ, Քրիստոսով խոսում ենք Աստծու առաջ։
Արդեն Ընտրված.
Բ Կորնթացիներին 2: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018