Բ Կորնթացիներին 3

3
Նոր Ուխտի պաշտոնյան
1Դարձյա՞լ սկսենք ինքներս մեզ հանձնարարել, թե՞ ոմանց պես մեզ հանձնարարական նամակներ են պետք ձեզ համար կամ հանձնարարականներ ձեր կողմից։ 2Մեր նամակը դուք եք՝ մեր սրտում գրված և բոլոր մարդկանց կողմից ճանաչված ու կարդացված։ 3Ակնհայտ է, որ դուք եք Քրիստոսի նամակը՝ մեր ծառայությամբ գրված, և գրված ոչ թե թանաքով, այլ կենդանի Աստծու Հոգով, ոչ թե քարե տախտակների վրա, այլ սրտի մարմնեղեն տախտակների վրա։
4Մենք Քրիստոսով այսպիսի վստահություն ունենք առ Աստված. 5ոչ թե որ մենք ինքներս ենք ընդունակ մի բան մտորելու, այլ որ մեր ընդունակ լինելն Աստծուց է, 6որը մեզ ընդունակ դարձրեց ծառաները լինելու նոր ուխտի. ոչ թե գրի, այլ Հոգու, որովհետև գիրն սպանում է, իսկ Հոգին՝ կենդանացնում։ 7Արդ եթե մահվան ծառայությունը՝ փորագրված քարերի վրա, այնպիսի փառքով տրվեց, որ Իսրայելի որդիները Մովսեսի երեսին չէին կարողանում նայել նրա երեսի փառքի պատճառով, որ անցողիկ էր, 8որքա՜ն առավել փառքով կլինի Հոգո՛ւ ծառայությունը։ 9Որովհետև եթե դատապարտության տանող ծառայությունը փառքով էր, ապա որքա՜ն առավել փառքով է արդարության տանող ծառայությունը։ 10Քանի որ այն, ինչ փառավոր էր, կորցնում է իր փառքը ներկայիս գերազանց փառքի հետ համեմատած։ 11Որովհետև եթե այն, ինչ անցողիկ էր, փառքով տրվեց, որքա՜ն առավել փառքով է այն, ինչ մնայուն է։
12Արդ այսպիսի հույս ունենալով՝ մեծ համարձակությամբ ենք վարվում 13և ոչ ինչպես Մովսեսը, որ իր երեսին քող էր գցում, որպեսզի Իսրայելի որդիները նրա անցողիկ փառքի վերջը չտեսնեն։ 14Բայց նրանց միտքը կուրացավ, որովհետև մինչև այսօր Հին Կտակարանի ընթերցումի վրա այդ քողը մնում է, որովհետև Քրիստոսի միջոցով է վերանալու։ 15Մինչև այսօր, երբ Մովսեսի գիրքն են կարդում, նրանց սրտերի վրա նույն քողն է ընկած։ 16Բայց երբ դեպի Տերը դառնան, այդ քողը կվերցվի։ 17Տերը Հոգին է, ու որտեղ Տիրոջ Հոգին է, այնտեղ է ազատությունը։ 18Սակայն մենք բոլորս, բաց երեսով Տիրոջ փառքը ինչպես հայելու մեջ տեսնելով, նույն պատկերով կերպարանափոխվում ենք փառքի մի աստիճանից դեպի մյուսը՝ առաջնորդվելով Տիրոջ կողմից, որ է Հոգին։

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք