Բայց ես իմ մեջ այս որոշեցի, որ դարձյալ չգամ ձեզ մոտ՝ ձեզ չտրտմեցնելու։ Որովհետև եթե ես ձեզ տրտմեցնեմ, էլ ո՞վ ինձ կուրախացնի, եթե ոչ ինձանից տրտմածը։ Եվ այս գրեցի, որ երբ գամ, տրտմություն չկրեմ նրանցից, ովքեր պետք է ինձ ուրախացնեին։ Ձեր բոլորի վրա վստահ եմ, որ իմ ուրախությունը ձեր բոլորինն է։ Շատ նեղությունից և սրտիս տագնապից է, որ առատ արտասուքով գրեցի ձեզ, ոչ որպեսզի տրտմեցնեմ ձեզ, այլ որպեսզի իմանաք ձեր նկատմամբ իմ ունեցած անսահման սերը։
Եթե որևէ մեկը տրտմեցրել է, ոչ միայն ինձ է տրտմեցրել, այլ, չափազանցրած չլինեմ, ինչ-որ չափով նաև ձեզ բոլորիդ։ Այդպիսի մարդու համար բավական է այն հանդիմանությունը, որ շատերի կողմից եղավ։ Այսուհետև, ընդհակառակը, դուք ավելի՛ ներեք ու մխիթարեք նրան, որպեսզի այդպիսին սաստիկ տրտմության մեջ չընկղմվի։ Դրա համար աղաչում եմ ձեզ, որ նրա նկատմամբ սեր ցուցաբերեք։ Այն բանի համար նաև գրեցի ձեզ, որ ձեզ փորձելով իմանամ, թե արդյոք ամեն բանում հնազա՞նդ եք։ Եթե դուք մեկին ինչ-որ բան ներեք, ես էլ կներեմ։ Որովհետև ես էլ եթե ինչ-որ բան ներում եմ, ձեզ համար եմ ներում՝ Քրիստոսի առաջ, որպեսզի սատանայից չմոլորվենք, որովհետև նրա խորհուրդներին քաջատեղյակ ենք։