Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21

21
Հուդայի Մանասե թագավորը
(Բ Մն. 33.1-20)
1Մանասեն տասներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և հիսունհինգ տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունն էր Էփսիբա։ 2Նա չարիք գործեց Տիրոջ առաջ այն ազգերի գարշությունների նման, որոնց Տերը քշել էր Իսրայելի որդիների առջևից։ 3Նա կրկին շինեց այն Բարձր տեղերը, որոնք քանդել էր իր հայր Եզեկիան, զոհասեղաններ կանգնեցրեց Բահաղի համար և Աստարովթ շինեց, ինչպես շինել էր Իսրայելի Աքաաբ թագավորը, և երկրպագեց երկնքի բոլոր զորություններին ու պաշտեց նրանց։ 4Տիրոջ տանը սեղաններ շինեց, որի մասին Տերն ասել էր. «Երուսաղեմում պիտի դնեմ իմ անունը»։ 5Տիրոջ տան երկու գավիթներում զոհասեղաններ շինեց երկնքի բոլոր զորությունների համար։ 6Եվ իր որդուն այրեց կրակով. գուշակություն և հմայություն էր անում, վհուկներ ու նշանագետներ էր պահում. նա շատ չարիքներ գործեց Տիրոջ առաջ, որ բարկացնի նրան։ 7Եվ իր շինած Աստարովթի կուռքը դրեց այն տանը, որի համար Տերն ասել էր Դավթին և նրա որդի Սողոմոնին. «Իմ անունը հավիտյան պիտի դնեմ այս տանը և Երուսաղեմում, որը ես ընտրել եմ Իսրայելի բոլոր ցեղերից։ 8Եվ Իսրայելի ոտքն այլևս չպիտի շարժեմ այդ երկրից, որ տվել եմ իրենց հայրերին, միայն թե զգուշությամբ կատարեն իրենց տված իմ բոլոր պատվիրանները և այն բոլոր օրենքները, որ իմ ծառան՝ Մովսեսը, պատվիրել է իրենց»։ 9Բայց նրանք չլսեցին, և Մանասեն մոլորեցրեց նրանց, և նրանք ավելի չարիքներ գործեցին, քան այն ազգերը, որոնց Տերը քշել էր Իսրայելի առջևից։
10Եվ Տերը խոսեց իր ծառաների՝ մարգարեների միջոցով՝ ասելով. 11«Որովհետև Հուդայի Մանասե թագավորն արել է այդ գարշությունները և իրենից առաջ եղած ամորհացիների բոլոր արածներից ավելի չարիքներ է գործել և Հուդային էլ մեղանչել է տվել իր կուռքերով, 12դրա համար էլ այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ահա ես այնպիսի չարիք կբերեմ Երուսաղեմի և Հուդայի վրա, որ ամեն ոք, ով լսի այն, նրա երկու ականջները սկսեն զնգալ։ 13Երուսաղեմի վրա կձգեմ Սամարիայի լարը և Աքաաբի տան խորաչափ կապարը և Երուսաղեմը կսրբեմ, ինչպես ամանն են սրբում, սրբում են ու շրջում երեսի վրա։ 14Եվ կլքեմ իմ ժառանգորդության մնացորդին ու նրանց կտամ իրենց թշնամիների ձեռքը, և նրանք ավար ու հափշտակություն կլինեն իրենց բոլոր թշնամիների համար, 15որովհետև չարիք գործեցին իմ առաջ և այն օրից, երբ իրենց հայրերը դուրս եկան Եգիպտոսից, մինչև այսօր բարկացրին ինձ”»։ 16Նաև անմեղ արյուն թափեց Մանասեն, այնքան շատ, որ ծայրեծայր լցրեց Երուսաղեմը, բացի իր այն մեղքից, որով մեղանչել տվեց Հուդային՝ Տիրոջ առաջ չարություն գործելով։
17Մանասեի մնացած գործերի, նրա բոլոր արածների և նրա գործած մեղքի մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։ 18Մանասեն ննջեց իր հայրերի հետ և թաղվեց իր տան պարտեզում՝ Ոզայի պարտեզում, և նրա որդի Ամոնը թագավոր դարձավ նրա փոխարեն։
Հուդայի Ամոն թագավորը
(Բ Մն. 33.21-25)
19Ամոնը քսաներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երկու տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունը Մեսողոմիթ էր՝ ետեբացի Արուսի դուստրը։ 20Նա չարիք գործեց Տիրոջ առաջ, ինչպես արել էր իր հայրը՝ Մանասեն։ 21Նա գնաց այն ամբողջ ճանապարհով, որով գնացել էր իր հայրը, և ծառայեց այն կուռքերին, որոնց պաշտել էր իր հայրը, և երկրպագեց նրանց։ 22Եվ թողեց իր հայրերի Տեր Աստծուն ու չգնաց Տիրոջ ճանապարհով։
23Եվ Ամոնի ծառաները դավադրություն արեցին նրա դեմ և թագավորին սպանեցին իր տանը։ 24Բայց երկրի ժողովուրդը ջարդեց Ամոն թագավորին բոլոր դավաճանողներին և երկրի ժողովուրդը նրա որդի Հովսիային թագավոր դարձրեց նրա փոխարեն։ 25Եվ Ամոնի մնացած գործերի մասին, որ արել է նա, գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։ 26Նրան թաղեցին իր գերեզմանում՝ Ոզայի պարտեզում, և նրա որդի Հովսիան թագավոր դարձավ նրա փոխարեն։

Արդեն Ընտրված.

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք