Եբրայեցիներին 9:11-22

Եբրայեցիներին 9:11-22 ՆՎԱԱ

Իսկ Քրիստոսը՝ գալիք բարիքների Քահանայապետը, եկավ՝ անցնելով ավելի մեծ, կատարյալ և անձեռակերտ խորանով, այսինքն՝ ո՛չ այս աշխարհի արարածների կողմից պատրաստված և ո՛չ էլ նոխազների ու զվարակների արյունով, այլ իր իսկ արյամբ մեկ անգամ այն սրբարանը մտավ ու հավիտենական փրկություն ստացավ։ Որովհետև եթե ցուլերի, նոխազների արյունը և երինջների մոխիրը շաղ տալով՝ մաքրում են պղծվածների մարմինը, որչա՜փ ևս առավել Քրիստոսի արյունը, որ հավիտենական Հոգով ինքն իրեն անարատ զոհ մատուցեց Աստծուն, կմաքրի ձեր խիղճը այն մահացու գործերից, որպեսզի կենդանի Աստծուն պաշտեք։ Եվ դրա համար նա նոր ուխտի միջնորդ է, քանի որ իր մահը առաջին ուխտի ժամանակ գործված հանցանքների քավության համար եղավ, որպեսզի կանչվածները հավիտենական ժառանգության խոստումն ստանան։ Որովհետև ուր որ կտակ կա, հարկ է, որ կտակարարի մահը հաստատվի, քանի որ կտակը մեռնելուց հետո է գործում. այն երբեք ուժ չի ունենա, քանի դեռ կտակարարը կենդանի է։ Ուստի և առաջին ուխտն առանց արյան չէր հաստատվի։ Որովհետև երբ Մովսեսն օրենքի բոլոր պատվիրանները հայտնեց ժողովրդին, վերցնելով ցուլերի և նոխազների արյունը ջրի, կարմիր բրդի ու զոպայի հետ՝ սրսկեց օրենքի գրքի ու ամբողջ ժողովրդի վրա և ասաց. «Սա է ուխտի արյունը, որ Աստված պատվիրեց ձեզ»։ Եվ խորանի ու պաշտամունքի բոլոր անոթների վրա նույնպես արյուն սրսկեց։ Գրեթե ամեն բան ըստ օրենքի արյունով է մաքրվում, և առանց արյուն թափելու թողություն չի լինում։