ԵՍԱՅԻ 30

30
Անօգուտ դաշինք Եգիպտոսի հետ
1«Վա՜յ ապստամբ որդիներին,- ասում է Տերը,- որոնք խորհուրդ են անում, բայց ոչ ինձնով, որոնք դաշինք են կապում, բայց ոչ իմ հոգով, այդպիսով մեղքի վրա մեղք են շատացնում, 2որոնք առանց ինձ հարցնելու գնում իջնում են Եգիպտոս, որպեսզի ապավինեն փարավոնի պաշտպանությանը և պատսպարվեն Եգիպտոսի հովանու տակ։ 3Բայց փարավոնի պաշտպանությունը ձեզ համար ամոթ պիտի լինի, իսկ Եգիպտոսի հովանու տակ պատսպարվելը՝ նախատինք, 4որովհետև թեև նրա իշխանավորները Տայանիսում են, և նրա պատգամաբերները հասել են Հանես, 5բոլորը պիտի ամաչեն մի ժողովրդից, որից օգուտ չեն ունենալու իրենք, որը ո՛չ օգնություն և ո՛չ էլ օգուտ, այլ ամոթ և նախատինք է բերելու իրենց»։
6Հարավի#30.6 Այսինքն՝ անապատի։ անասունների պատգամը։
Նեղության և տառապանքի մի երկրի միջով, որտեղ ապրում են մատակ առյուծն ու առույգ առյուծը, իժն ու թևավոր կիզող օձը, նրանք, իրենց հարստությունը դրած էշերի մեջքի վրա և գանձերը՝ ուղտերի սապատի վրա, գնում են մի այնպիսի ժողովրդի մոտ, որն օգուտ չունի իրենց։ 7Ունայն ու դատարկ է եգիպտացիների օգնությունը. դրա համար ես նրանց կոչում եմ «ամբարտավան դատարկապորտներ»։
Անհնազանդ ժողովուրդը
8«Արդ, գնա՛, նրանց առաջ գրի՛ր այս մի տախտակի վրա, արձանագրի՛ր մի գրքի մեջ, և դա թող մնա որպես հավիտենական վկայություն գալիք օրվա համար»։ 9Քանզի դա ապստամբ ժողովուրդ է, խաբեբա որդիներ, որդիներ, որոնք չեն ուզում լսել Տիրոջ ուսուցումը,#30.9 Այսինքն՝ Օրենքը։ 10որոնք տեսանողներին ասում են. «Մի՛ տեսեք», և մարգարեներին. «Մեզ համար ճշմարիտը մի՛ մարգարեացեք, մեզ ախորժելի՛ բաներ ասացեք, խաբեություննե՛ր մարգարեացեք, 11հեռացե՛ք ճանապարհից, շեղվե՛ք ուղուց, վերացրե՛ք մեր առաջից Իսրայելի Սրբին»։ 12Դրա համար այսպես է ասում Իսրայելի Սուրբը. «Քանի որ մերժեցիք այս խոսքը և ապավինել եք բռնությանն ու խաբեությանը և դրանց հենվեցիք, 13դրա համար էլ այս անօրենությունը ձեզ համար կլինի բարձր պարսպի նման, որն ուռած և ճաքած է, որը փլուզման ենթակա է, և որի կործանումը վրա կհասնի հանկարծակի, միանգամից։ 14Այն փշրվելու է, ինչպես փշրվում է բրուտի ամանը, որը փշրվում է անխնա, և դրա կտորտանքներից խեցու մի կտոր չի գտնվելու կրակարանից կրակ վերցնելու և ջրափոսից ջուր հանելու համար». 15քանզի այսպես է ասում Տեր Աստված՝ Իսրայելի Սուրբը. «Դարձի գալով և հանգիստ մնալով կփրկվեք, հանդարտությամբ և վստահելով կլինի ձեր զորությունը»։ Բայց դուք չեք ուզում։ 16Դուք ասացիք. «Ո՛չ, մենք կփախչենք ձիով»։ Դրա համար էլ կփախչեք։ Դուք ասացիք. «Մենք արագընթաց ձիերի վրա կհեծնենք»։ Դրա համար էլ արագընթաց պիտի լինեն ձեզ հալածողները։ 17Մեկի հանդիմանության առաջ ձեր հազարը կփախչի, և հինգի հանդիմանության առաջ կփախչեք բոլորդ, մինչև որ մնաք լեռան գագաթին ցցված ձողի նման, բլրի վրա դրոշակի նման։ 18Դրա համար Տերը սպասում է, որ ձեզ իր հաճությունը ցույց տա, և վեր է կենալու, որ ձեզ գթա. որովհետև Տերն իրավունքի Աստված է. երանելի են բոլոր նրանք, ովքեր սպասում են նրան։
Աստված օրհնելու է իր ժողովրդին
19Դու այլևս լաց չես լինելու, ո՜վ Սիոնում՝ Երուսաղեմի մեջ, բնակվող ժողովուրդ։ Նա պիտի ողորմի#30.19 Ողորմելով պիտի ողորմի, այսինքն՝ անպայման պիտի ողորմի։ քեզ, քո աղաղակի ձայնին. հենց որ նա լսի, պատասխանելու է քեզ։ 20Ու թեև Տերը ձեզ տա նեղության հաց և տառապանքի ջուր, քո Ուսուցիչն այլևս թաքուն չի լինելու, և քո աչքերը տեսնելու են քո Ուսուցչին։ 21Երբ աջ կողմը գնաք կամ երբ ձախ կողմը գնաք, քո ականջները քո հետևից լսելու են մի ձայն, որ կասի. «Սա է ճանապարհը, գնացեք ա՛յս ճանապարհով»։ 22Այն ժամանակ դու անմաքուր կհամարես քո կուռքերի արծաթապատումն ու քո արձանների ոսկե ձուլվածքը, դու դրանք ցիրուցան կանես դաշտանի շորի#30.22 Կամ անմաքուր կնոջ (դաշտան)։ պես և դրանց կասես՝ դո՛ւրս։ 23Եվ նա անձրև կտա հողում ցանած քո սերմին, և երկրի հացահատիկի բերքը հարուստ և առատ կլինի։ Այդ օրը քո հոտերը կարածեն ընդարձակ արոտավայրում, 24և այն եզներն ու էշերը, որոնք հողն են վարում, պիտի ուտեն աղած անասնակեր՝ բահով և եղանով մաղված։ 25Մեծ կոտորածի օրը, երբ աշտարակները տապալվեն, ամեն բարձր լեռան և ամեն բարձրադիր բլրի վրա վտակներ՝ ջրերի հոսանքներ են լինելու, 26լուսնի լույսն արեգակի լույսի պես են լինելու, և արեգակի լույսը՝ յոթնապատիկ ավելի, յոթ օրվա լույսի չափ, այն օրը, երբ Տերը կկապի իր ժողովրդի վերքը և կբժշկի նրա կրած հարվածի խոցը։
Աստված պատժելու է Ասորեստանին
27Ահա Տիրոջ անունը գալիս է հեռվից՝ նրա բորբոքված բարկությամբ ու ծանր ծխի մեջ. նրա շուրթերը լի են ցասումով, և նրա լեզուն լափող կրակի պես է։ 28Նրա շունչը հորդահոս հեղեղատի պես է, որը մինչև պարանոցն է հասնում, որպեսզի ցնցի ազգերին կործանման մաղի մեջ և մոլորության սանձ դնի ժողովուրդների կզակին։ 29Ձեզ համար երգ կլինի, ինչպես սուրբ տոնակատարության գիշերը, և սրտի ուրախություն՝ դեպի Տիրոջ լեռը՝ Իսրայելի վեմի մոտ սրինգով գնացող մարդու նման։ 30Տերը լսելի պիտի դարձնի իր փառավոր ձայնը և ցույց տա իր բազուկի իջնելը՝ սաստիկ բարկությամբ, լափող կրակի բոցով, հեղեղով, փոթորկով և կարկուտի քարերով։ 31Տիրոջ ձայնը զարհուրեցնելու է ասորեստանցուն, երբ նրան հարվածի գավազանով։ 32Նրա համար սահմանված յուրաքանչյուր հարվածը#30.32 Բռց. անցնելը։, որ Տերն իջեցնելու է նրա վրա, թմբուկներով և քնարներով կլինի։ Պատերազմելու է նրա դեմ՝ շարժելով իր ձեռքը։ 33Վաղուց պատրաստ է կիզարանը, պատրաստվել է թագավորի համար. այն խորացվել է, լայնացվել է։ Նրա խարույկը կրակ և առատ փայտ ունի։ Տիրոջ շունչը ծծմբի հեղեղատի պես վառելու է այն։

Արդեն Ընտրված.

ԵՍԱՅԻ 30: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք