ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 20

20
Իսրայելը պատրաստվում է պատերազմի
1Այն ժամանակ Իսրայելի բոլոր որդիները դուրս եկան, և ժողովուրդը մեկ մարդու պես հավաքվեց Դանից մինչև Բերսաբեե և Գաղաադի երկիրը՝ Մասփայում, Տիրոջ առաջ։ 2Եվ ներկայացան ամբողջ ժողովրդի՝ Իսրայելի բոլոր ցեղերի գլխավոր մարդիկ՝ չորս հարյուր հազար սուր քաշող հետևակ զորք՝ Աստծու ժողովրդի հավաքին։ 3Եվ Բենիամինի որդիները լսեցին, որ Իսրայելի որդիները գնացել են վեր՝ Մասփա։ Եվ Իսրայելի որդիներն ասացին. «Պատմե՛ք, թե ինչպե՛ս եղավ այս չար գործը»։ 4Այն ղևտացի մարդը՝ սպանված այն կնոջ մարդը, պատասխանեց և ասաց. «Ես ու իմ հարճը եկանք Բենիամինի Գաբաան, որ գիշերը մնանք։ 5Եվ Գաբաայի բնակիչները վեր կացան իմ դեմ, գիշերը պաշարեցին տունն իմ դեմ և ինձ ուզում էին սպանել. և իմ հարճին լլկեցին, ու նա մեռավ։ 6Ես էլ վերցրի իմ հարճին ու նրան կտոր-կտոր արեցի և ուղարկեցի Իսրայելի ժառանգության ամբողջ երկրին, որովհետև նրանք Իսրայելի մեջ մեծ հանցանք և անզգամություն արեցին։ 7Ահա դուք բոլորդ Իսրայելի որդիներ եք. ձեր մեջ խոսե՛ք և խորհո՛ւրդ արեք այստեղ»։ 8Եվ ամբողջ ժողովուրդը մեկ մարդու պես վեր կացավ ու ասաց. «Մեզնից ոչ մեկն իր վրանը չգնա, և ոչ մեկը չվերադառնա իր տուն։ 9Եվ հիմա այս բանն ենք անելու Գաբաային. նրա վրա գնանք վիճակով։ 10Իսրայելի բոլոր ցեղերից վերցնենք հարյուրից տասը և հազարից հարյուրը և տասը հազարից հազար մարդ, որ ժողովրդի համար պաշար տանեն, որ Բենիամինի Գաբաան մտնելով՝ նրան հատուցեն Իսրայելում նրա արած բոլոր անզգամությունների համար»։ 11Եվ Իսրայելի բոլոր մարդիկ մեկ մարդու պես միաբանությամբ հավաքվեցին այն քաղաքի դեմ։
12Եվ Իսրայելի ցեղերը Բենիամինի ամբողջ ցեղի մոտ մարդիկ ուղարկեցին և ասացին. «Այս ի՞նչ չարագործություն է, որ եղավ ձեր մեջ։ 13Եվ հիմա Գաբաայում եղած այն չար զավակ մարդկանց տվե՛ք, որ նրանց սպանենք և չարիքը վերացնենք Իսրայելից»։ Բայց Բենիամինի որդիները չուզեցին լսել իրենց եղբայրների՝ Իսրայելի որդիների խոսքը։ 14Եվ Բենիամինի որդիներն իրենց քաղաքներից հավաքվեցին Գաբաայի մեջ, որ Իսրայելի որդիների դեմ պատերազմեն։ 15Եվ այն օրն իրենց քաղաքներից եկած Բենիամինի որդիները թվով քսանվեց հազար սուր քաշող մարդիկ էին, բացի Գաբաայի բնակիչներից, որոնք յոթ հարյուր ընտիր մարդիկ էին։ 16Այս ամբողջ ժողովրդի մեջ ընտրված ու ձախլիկ յոթ հարյուր մարդ կար, որոնք բոլորն էլ պարսատիկով մազի վրա քար էին գցում՝ առանց վրիպելու։ 17Եվ Իսրայելի մարդկանց էլ հաշվեցին. բացի Բենիամինի որդիներից, չորս հարյուր հազար սուր քաշող մարդ էր. և սրանք բոլորն էլ պատերազմող մարդիկ էին։
Պատերազմ Բենիամինի դեմ
18Եվ վեր կացան գնացին Բեթել. և Իսրայելի որդիներն Աստծուն հարցրին ու ասացին. «Բենիամինի դեմ պատերազմելու համար մեզնից ո՞վ պիտի լինի առաջինը»։ Եվ Տերն ասաց. «Հուդան լինի առաջինը»։ 19Իսրայելի որդիներն առավոտը վեր կացան և բանակ դրեցին Գաբաայի դեմ դիմաց։ 20Իսրայելացիները դուրս եկան Բենիամինի դեմ պատերազմելու և իսրայելացիները Գաբաայի մոտ նրանց դեմ շարվեցին պատերազմի համար։ 21Բենիամինի որդիները դուրս եկան Գաբաայից և այն օրն Իսրայելից քսաներկու հազար մարդ գետին տապալեցին։ 22Եվ ժողովուրդը՝ այսինքն իսրայելացիները, ուժ առան և այս անգամ էլ գնացին ու շարվեցին նույն տեղում պատերազմելու համար, որտեղ շարվել էին առաջին օրը։ 23Իսրայելի որդիները գնացին վեր և Տիրոջ առաջ մինչև իրիկուն լաց եղան ու Տիրոջը հարցրին՝ ասելով. «Մեր եղբոր՝ Բենիամինի դեմ մեկ անգամ էլ գնա՞նք պատերազմելու համար»։ Եվ Տերն ասաց. «Գնացե՛ք նրա դեմ»։ 24Երկրորդ օրն Իսրայելի որդիները մոտեցան Բենիամինի որդիներին։ 25Եվ երկրորդ օրը Բենիամինի որդիները Գաբաայից դուրս եկան նրանց դեմ և Իսրայելի որդիներից կրկին տասնութ հազար մարդ գետին տապալեցին. դրանք բոլորն էլ սուր քաշող մարդիկ էին։
26Այն ժամանակ Իսրայելի բոլոր որդիները՝ այսինքն՝ ամբողջ ժողովուրդը, ելան Բեթել գնացին և այնտեղ նստեցին Տիրոջ առաջ, լաց եղան և այդ օրը մինչև իրիկուն ծոմ պահեցին և Տիրոջ առաջ ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեցին։ 27Եվ Իսրայելի որդիները Տիրոջը հարցրին (այդ օրերին Աստծու ուխտի տապանակն այնտեղ էր. 28և այդ օրերին նրա առաջ կանգնում էր Ահարոնի որդի Եղիազարի որդին՝ Փենեհեսը) ու ասացին. «Մեր եղբոր՝ Բենիամինի որդիների դեմ այս անգամ էլ գնա՞նք պատերազմելու համար, թե՞ դադարեցնենք»։ Եվ Տերն ասաց. «Գնացե՛ք, որովհետև վաղը ձեր ձեռքը պիտի մատնեմ նրանց»։
29Եվ իսրայելացիները դարանակալներ դրեցին Գաբաայի շրջակայքում։ 30Իսրայելի որդիները երրորդ օրը գնացին Բենիամինի որդիների վրա և նախորդ անգամների պես շարվեցին Գաբաայի դիմաց։ 31Այն ժամանակ Բենիամինի որդիները ելան ժողովրդին դիմագրավելու և քաղաքից բաժանվեցին, առաջին անգամների պես սկսեցին ջարդել ժողովրդին և երեսունի չափ իսրայելացի սպանեցին այն ճանապարհներին, որոնցից մեկը գնում է Բեթել, իսկ մյուսը՝ դաշտի Գաբաա։ 32Բենիամինի որդիներն ասացին. «Ահա նրանք մեր առաջ կոտորվում են առաջին անգամների պես»։ Եվ Իսրայելի որդիներն ասացին. «Փախչենք և նրանց քաղաքից դուրս հանենք դեպի ճանապարհները»։ 33Եվ Իսրայելի բոլոր մարդիկ իրենց տեղից վեր կացան ու շարվեցին Բաալ-Թամարի առաջ։ Եվ Իսրայելի դարանակալները հանկարծ դուրս եկան իրենց տեղից՝ Գաբաայի դաշտից։ 34Ամբողջ Իսրայելից տասը հազար ընտրված մարդ դուրս եկավ Գաբաայի առջև, և պատերազմը սաստկացավ. նրանք չգիտեին, որ չարիք է հասել իրենց վրա։ 35Տերն Իսրայելի առջև զարկեց Բենիամինին, և այդ օրն Իսրայելի որդիները Բենիամինից քսանհինգ հազար հարյուր մարդ կոտորեցին. դրանք բոլորն էլ սուր քաշող մարդիկ էին։
Ինչպե՞ս հաղթեցին իսրայելացիները
36Բենիամինի որդիները տեսան, որ իրենք հաղթվեցին, որովհետև իսրայելացիները, ապավինելով Գաբաայի շրջակայքում դրած դարանակալներին, տեղ զիջեցին Բենիամինի որդիներին։ 37Դարանակալները շուտ հարձակվեցին Գաբաայի վրա և դարանակալները տարածվեցին ու ամբողջ քաղաքը սրի քաշեցին։ 38Եվ իսրայելացիները դարանակալների հետ նշան տալու ժամանակ էին որոշել, որ մեծ կրակով ծուխ հանեն քաղաքից։ 39Այն ժամանակ իսրայելացիները ցույց տվեցին, թե փախուստի են դիմում պատերազմի մեջ, և Բենիամինի որդիները սկսեցին ջարդել իսրայելացիներին և երեսունի չափ մարդ սպանեցին, որովհետև ասացին. «Անտարակույս, նրանք մեր առաջ կոտորվում են, ինչպես առաջին պատերազմում»։ 40Բայց երբ քաղաքից կրակի ծուխը սկսեց սյունի պես բարձրանալ, Բենիամինի որդիները դեպի ետ նայեցին, և ահա քաղաքի հրդեհը երկինք էր բարձրանում։ 41Եվ երբ իսրայելացիները ետ դարձան, Բենիամինի որդիները շվարած մնացին, որովհետև տեսան, որ չարիքը հասել է իրենց վրա։ 42Եվ նրանք իսրայելացիների առաջից դարձան դեպի անապատի ճանապարհը, բայց պատերազմը հասավ նրանց. և քաղաքներից դուրս եկողները, նրանց իրենց մեջ առնելով, սպանեցին։ 43Այսպես պաշարեցին Բենիամինի որդիներին, հալածեցին նրանց և հեշտությամբ ջարդեցին նրանց մինչև Գաբաայի դիմաց՝ արևելյան կողմից։ 44Եվ Բենիամինից տասնութ հազար մարդ ընկավ. դրանք բոլորն էլ զորավոր մարդիկ էին։ 45Մնացածները դարձան դեպի անապատը և փախան դեպի Ռեմոնի վեմը. ճանապարհներին նրանցից հինգ հազար մարդիկ ճռաքաղ արեցին. և նրանց մինչև Գեդոմ հալածելով՝ նրանցից երկու հազար մարդ ևս ջարդեցին։ 46Եվ այդ օրը Բենիամինի ցեղից բոլոր ընկածները քսանհինգ հազար սուր քաշող մարդիկ էին. դրանք բոլորն էլ զորավոր մարդիկ էին։ 47Վեց հարյուր մարդ դարձավ ու փախավ դեպի անապատ՝ Ռեմոնի վեմը, և Ռեմոնի վեմում մնաց չորս ամիս։ 48Եվ իսրայելացիները, դառնալով դեպի Բենիամինի որդիները, նրանց սրի բերան քաշեցին՝ քաղաքների միջի մարդկանցից մինչև անասունները և ինչ որ գտնվեց, և կրակով այրեցին այն բոլոր քաղաքները, որտեղ գտնվել էին իրենք։

Արդեն Ընտրված.

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 20: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք