Մատթեոս 21
21
Հիսուսի մուտքը Երուսաղեմ
(Մրկ. 11.1-11, Ղուկ. 19.28-40, Հովհ. 12.12-19)
1Երբ մոտեցան Երուսաղեմին ու եկան Բեթփագե՝ Ձիթենյաց լեռան մոտ, այդ ժամանակ Հիսուսը երկու աշակերտի ուղարկեց 2և նրանց ասաց. «Գնացե՛ք ձեր դիմացի գյուղը և այնտեղ անմիջապես կգտնեք մի կապած էշ, քուռակն էլ հետը։ Արձակե՛ք, ինձ մո՛տ բերեք։ 3Եթե որևէ մեկը ձեզ ինչ-որ բան ասի, ասե՛ք, որ դրանք պետք են Տիրոջը, և նա իսկույն դրանք կուղարկի»։ 4Բայց այս ամենը եղավ, որպեսզի իրականանար մարգարեի միջոցով ասված խոսքը. 5«Սիոնի դստերն ասե՛ք.
"Ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը՝
հեզ, էշին ու քուռակին հեծած" (Զաք. 9.9)»։
6Աշակերտները գնացին ու արեցին այնպես, ինչպես Հիսուսը նրանց պատվիրեց։ 7Էշն ու քուռակը բերեցին, իրենց հագուստները դրանց վրա գցեցին, և Հիսուսը դրանց վրա նստեց։ 8Ժողովրդի միջից շատերն իրենց հագուստները փռում էին ճանապարհին, ուրիշներն էլ ծառերից ճյուղեր էին կտրում ու ճանապարհին փռում։ 9Եվ առջևից ու հետևից գնացող բազմությունը բացականչում էր ու ասում.
«Օվսաննա՜ Դավթի Որդուն (եբր. Սաղ. 118.25),
օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկողը (Սաղ. 118.26).
օվսաննա՜ Բարձրյալին»։
10Երբ Հիսուսը Երուսաղեմ մտավ, ամբողջ քաղաքը ցնցվեց։ Հարցնում էին. «Ո՞վ է սա»։
Տաճարում առևտուր անողների վտարումը
(Մրկ. 11.15-17, Ղուկ. 19.45-48, Հովհ. 2.13-22)
11Եվ ժողովրդի բազմությունն ասում էր. «Սա Հիսուս մարգարեն է՝ Գալիլեայի Նազարեթ քաղաքից»։
12Հիսուսը մտավ Աստծու տաճարը և վռնդեց տաճարից բոլոր առք ու վաճառք անողներին, ավերեց լումայափոխների սեղանները և աղավնեվաճառների աթոռները։ 13Եվ ասաց նրանց. «Գրված է.
"Իմ տունն աղոթքի տուն պիտի կոչվի" (Ես. 56.7բ),
իսկ դուք այն ավազակների որջ եք դարձրել»։
Հիսուսը տաճարում
(Ղուկ. 19.47-48)
14Տաճարում նրան մոտեցան կույրեր ու կաղեր, և նա բժշկեց նրանց։ 15Երբ քահանայապետներն ու դպիրները տեսան նրա կատարած հրաշքները և երեխաներին, որոնք տաճարում բացականչում էին. «Օվսաննա՜ Դավթի Որդուն», բարկացան։ 16Եվ նրան ասացին. «Լսո՞ւմ ես՝ դրանք ի՛նչ են ասում»։ Հիսուսը նրանց ասաց. «Այո՛, դուք երբևէ չե՞ք կարդացել.
"Մանուկների ու կաթնակերների բերանով
օրհնություն կատարեցիր" (Սաղ. 8.2)»։
17Եվ թողնելով նրանց՝ գնաց քաղաքից դուրս՝ Բեթանիա, և գիշերն այնտեղ մնաց։
Անիծված թզենին
(Մրկ. 11.12-14, 20-24)
18Առավոտյան, երբ Հիսուսը քաղաք էր վերադառնում, քաղց զգաց։ 19Ճանապարհին մի թզենի տեսնելով՝ մոտեցավ, բայց վրան ոչինչ չգտավ, բացի տերևից։ Եվ թզենուն ասաց. «Թող քեզանից հավիտյան պտուղ չլինի», ու թզենին իսկույն չորացավ։ 20Երբ աշակերտները տեսան, զարմացան և ասացին. «Թզենին ինչպե՞ս իսկույն չորացավ»։ 21Հիսուսը պատասխանեց ու նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե հավատ ունենաք ու չերկմտեք, ոչ միայն թզենու հետ պատահածը կանեք, այլև եթե այդ լեռանն ասեք՝ "Ե՛լ և ծո՛վն ընկիր", կկատարվի։ 22Եվ այն ամենը, ինչ աղոթքի մեջ հավատքով խնդրեք, կստանաք»։
Հարց Հիսուսին՝ իր իշխանության մասին
(Մրկ. 11.27-33, Ղուկ. 20.1-8)
23Երբ Հիսուսը տաճար եկավ և ուսուցանում էր, նրան մոտեցան քահանայապետներն ու ժողովրդի ծերերը և ասացին. «Ի՞նչ իշխանությամբ ես այդ բաներն անում, և ո՞վ տվեց քեզ այդ իշխանությունը»։ 24Հիսուսը պատասխանեց նրանց. «Ես էլ ձե՛զ մի բան հարցնեմ. եթե ինձ ասեք, ես էլ ձեզ կասեմ, թե ի՛նչ իշխանությամբ եմ այս բաներն անում։ 25Հովհաննեսի մկրտությունը որտեղի՞ց էր՝ երկնքի՞ց, թե՞ մարդկանցից»։ Եվ նրանք իրար մեջ խորհուրդ էին անում և ասում. «Եթե ասենք՝ երկնքից, մեզ կասի. "Հապա ինչո՞ւ չհավատացիք նրան", 26իսկ եթե ասենք՝ մարդկանցից, ժողովրդից ենք վախենում, որովհետև բոլորը Հովհաննեսին մարգարե են համարում»։ 27Հիսուսին պատասխանեցին ու ասացին՝ չգիտենք։ Նա էլ ասաց նրանց. «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թե ի՛նչ իշխանությամբ եմ այս բաներն անում։
Առակ երկու որդիների մասին
28Բայց դուք ի՞նչ եք կարծում։ Մի մարդ երկու որդի ուներ։ Նա եկավ և առաջինին ասաց. "Որդի՛, այսօր գնա՛, իմ այգում աշխատի՛ր"։ 29Իսկ նա պատասխանեց ու ասաց. "Չեմ ուզում", բայց հետո զղջաց ու գնաց։ 30Գնաց մյուսի մոտ և նույնն ասաց։ Նա էլ պատասխանեց ու ասաց. "Կգնա՛մ, տե՛ր", ու չգնաց։ 31Այդ երկուսից ո՞վ հոր կամքը կատարեց»։ Նրան ասացին՝ առաջինը։ Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մաքսավորներն ու պոռնիկները ձեզանից առաջ կմտնեն Աստծու արքայություն։ 32Որովհետև Հովհաննեսը ձեզ մոտ արդարության ճանապարհով եկավ, իսկ դուք նրան չհավատացիք, բայց մաքսավորներն ու պոռնիկները նրան հավատացին։ Դուք դա տեսաք, բայց հետո էլ չզղջացիք ու նրան չհավատացիք։
Չար մշակների առակը
(Մրկ. 12.1-11, Ղուկ. 20.9-19)
33Մի ուրի՛շ առակ լսեք։ Մի տանուտեր մարդ կար, որն այգի տնկեց, ցանկապատեց այն, մեջը հնձան փորեց ու աշտարակ շինեց, ապա այն տվեց մշակներին և օտար երկիր գնաց։ 34Երբ բերքի ժամանակը մոտեցավ, իր ծառաներին մշակների մոտ ուղարկեց՝ բերքից իր բաժինը վերցնելու։ 35Մշակները նրա ծառաներին բռնեցին, մեկին ծեծեցին, մեկին սպանեցին, մեկին էլ քարկոծեցին։ 36Դարձյալ ուրիշ՝ նախկիններից շատ ծառաների ուղարկեց. սրանց էլ նույնն արեցին։ 37Վերջապես նրանց մոտ իր որդուն ուղարկեց՝ ասելով. "Իմ որդուց կամաչեն"։ 38Բայց մշակները, որդուն տեսնելով, իրար մեջ ասացին. "Սա է ժառանգը. եկեք սրան սպանենք և սրա ժառանգությանը տիրանանք"։ 39Եվ բռնեցին նրան, այգուց դուրս հանեցին ու սպանեցին։ 40Արդ, երբ այգու տերը գա, այն մշակներին ի՞նչ կանի»։ 41Նրան ասացին. «Չարերին դաժանորեն կորստյան կմատնի, իսկ այգին ուրիշ մշակների կտա, որոնք բերքը ժամանակին իրեն կտան»։ 42Հիսուսը նրանց ասաց. «Դուք Սուրբ Գրքում երբեք չե՞ք կարդացել.
"Այն քարը, որ շինարարները մերժեցին,
անկյունաքար դարձավ.
սա Տիրոջ կողմից եղավ,
և մեր աչքին զարմանալի է" (Սաղ. 118.22-23)։
43Դրա համար ասում եմ ձեզ, որ Աստծու արքայությունը ձեզանից կվերցվի և կտրվի մի ազգի, որն այն պտղաբեր կդարձնի։ 44Ով այս քարի վրա ընկնի, ջարդուփշուր կլինի, իսկ ում վրա այն ընկնի, նրան կճզմի»։
45Երբ քահանայապետներն ու փարիսեցիները նրա առակները լսեցին, հասկացան, որ իրենց մասին է ասում։ 46Եվ ուզում էին նրան բռնել, բայց ժողովրդից վախեցան, որովհետև նրան մարգարե էին համարում։
Արդեն Ընտրված.
Մատթեոս 21: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018