ԱՌԱԿՆԵՐ 6
6
Այլ զգուշացումներ
1Որդյա՛կ իմ, եթե դու երաշխավոր եղար քո ընկերոջ համար կամ ձեռքդ օտարի համար գրավական տվեցիր,
2Դու քո բերանի խոսքերի որոգայթի մեջ բռնվեցիր, քո բերանի ասածներով՝ ծուղակի մեջ,
3Ապա այսպե՛ս արա, որդյա՛կս, և ազատի՛ր քեզ, որովհետև քո ընկերոջ ձեռքն ընկար. գնա՛, խոնարհվի՛ր և թախանձի՛ր քո ընկերոջը։
4Աչքերիդ քուն մի՛ տուր և նինջ՝ քո կոպերին։
5Ազատի՛ր քեզ, ինչպես այծյամը՝ որսորդի ձեռքից, կամ թռչունը՝ թռչնորսի։
6Մրջյունի մո՛տ գնա, ո՛վ ծույլ, նրա ճանապարհները տե՛ս և իմաստո՛ւն եղիր.
7Նա ղեկավար, զորական կամ կառավարող չունի,
8Բայց իր հացը պատրաստում է ամռանը, իր ուտելիքը հնձի ժամանակ է հավաքում։
9Մինչև ե՞րբ ես պառկելու, ո՛վ ծույլ, քնիցդ ե՞րբ ես զարթնելու։
10Մի քիչ քնես, մի քիչ մրափես, մի քիչ էլ ձեռք ձեռքի դրած պառկես,
11Այն ժամանակ քո աղքատությունը ավազակի պես կգա, և քո կարիքը՝ զինված մարդու պես։
12Անպիտան մարդը՝ անօրեն մարդը, չարախոս բերանով է ման գալիս։
13Նա աչքերի թարթումով ակնարկում է, ոտքերով նշան է տալիս, մատներով ցույց է տալիս։
14Նենգություն կա նրա սրտում. նա միշտ չարություն է նյութում, կռիվներ տարածում։
15Հետևաբար հանկարծ կգա նրա դժբախտությունը, նա ակնթարթորեն պիտի կոտրվի և բուժում չպիտի գտնի։
16Վեց բան կա, որ Տերն ատում է, և յոթը զզվելի են նրա հոգու առաջ.
17Ամբարտավան աչքեր, ստախոս լեզու և անմեղ արյուն թափող ձեռքեր.
18Չար մտադրություններ ունեցող սիրտ, դեպի չարություն վազելու շտապող ոտքեր.
19Ստեր փչող կեղծ վկա և եղբայրների մեջ կռիվ հրահրող։
Զգուշացում շնությունից
20Որդյա՛կ իմ, պահի՛ր քո հոր պատվիրանները և մի՛ մերժիր քո մոր ուսուցումը։
21Դրանք միշտ քո սրտի՛ն փաթաթիր, քո վզի՛ն կապիր դրանք։
22Թող գնալուդ ժամանակ առաջնորդեն քեզ, քնած ժամանակ պահպանեն քեզ, և երբ որ արթնանաս, խոսակցեն քեզ հետ։#6.22 Եբր. եզակի։
23Որովհետև պատվիրանը ճրագ է, իսկ ուսուցումը՝ լույս, խրատի հանդիմանությունը՝ կյանքի ճանապարհ,
24Որպեսզի պահպանեն քեզ չար կնոջից, անառակ կնոջ շողոքորթող լեզվից։
25Քո սրտում նրա գեղեցկությունը մի՛ ցանկացիր, և նա թող քեզ չհրապուրի իր թարթիչների շարժումով,
26Որովհետև մի պոռնիկ կնոջ պատճառով աղքատանում են մինչև մի նկանակ հացի, իսկ շնացող ամուսնացած կինը պատվական հոգին կորսա։
27Հնարավո՞ր է, որ մի մարդ կրակ ունենա իր ծոցի մեջ, և նրա զգեստները չայրվեն։
28Կամ կարելի՞ է, որ մի մարդ թեժ ածուխների վրա ման գա, և նրա ոտքերը չայրվեն։
29Այսպես է նաև իր հարևանի կնոջ մոտ գնացողը. նրան դիպչող ամեն ոք անպատիժ չի մնալու։
30Չեն արհամարհի այն գողին, որ գողացել է իր քաղցը հագեցնելու համար, քանի որ սոված էր։
31Սակայն եթե բռնվի, յոթնապատիկ պիտի հատուցի, իր տան ամբողջ ունեցվածքը պիտի տա։
32Ով շնանում է մի կնոջ հետ, պակասամիտ է. ով անում է այս բանը, կործանում է իրեն։
33Նա վերք և անարգանք կգտնի, և նրա նախատինքը չի ջնջվի։
34Որովհետև նախանձը ամուսնու կատաղությունն է, և նա վրեժխնդրության օրը չի ընդունելու։
35Նա ոչ մի փրկագնի չի նայելու, և կաշառքը որքան էլ շատացնես, չի գոհանալու։
Արդեն Ընտրված.
ԱՌԱԿՆԵՐ 6: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018