Պիտի բարձրացնեմ քեզ, ո՛վ իմ Աստված, ո՛վ Թագավոր, և պիտի օրհնեմ քո անունը հավիտյանս հավիտենից։ Ամեն օր պիտի օրհնեմ քեզ և քո անունը պիտի գովեմ հավիտյանս հավիտենից։ Մեծ է Տերը և հույժ գովելի, և չափ չկա նրա մեծությանը։ Սերունդը սերնդին պիտի գովի քո գործերը, և պիտի պատմեն քո զորությունները։ Քո փառավոր մեծության գեղեցկության մասին և քո հրաշալի գործերի մասին պիտի ես մտածեմ։ Քո ահավոր զորության մասին պիտի խոսեն, և ես պիտի պատմեմ քո մեծությունը։ Քո մեծ բարության հիշատակը պիտի հրապարակեն և ցնծությամբ պիտի պատմեն քո մեծության մասին։ Ողորմած և գթած է Տերը, համբերատար է և բազումողորմ։ Բարի է Տերը բոլորի համար, և նրա գթությունը իր բոլոր գործերի վրա է լինում։ Տե՛ր, քո բոլոր գործերը քեզ պիտի գովաբանեն, և քո սրբերը պիտի օրհնեն քեզ։ Քո թագավորության փառքի մասին պիտի խոսեն և պիտի պատմեն քո զորությունները, Որպեսզի մարդկանց որդիներին իմացնեն նրա զորությունները և նրա թագավորության փառավոր մեծությունը։ Քո թագավորությունը հավիտենական թագավորությունն է, և քո իշխանությունը՝ սերնդից սերունդ։ Տերը հաստատ է պահում ցած ընկնողներին և կանգնեցնում է բոլոր կռացածներին։ Բոլորի աչքերը քեզ են սպասում, և դու նրանց կերակուրը տալիս ես իրենց ժամանակին։ Դու բացում ես քո ձեռքը և հաճությամբ կշտացնում ես ամեն կենդանու։ Տերն արդար է իր բոլոր ճանապարհների մեջ և ողորմած է իր բոլոր գործերում։ Տերը մոտիկ է բոլորին, որ իրեն են կանչում. այն բոլորին, որ ճշմարտությամբ կանչում են իրեն։ Նա կատարում է իրենից վախեցողների կամքը և լսում է նրանց աղաղակը ու փրկում է նրանց։ Տերը պահում է բոլոր իրեն սիրողներին, բայց պիտի կորցնի բոլոր ամբարիշտներին։ Իմ բերանը պիտի խոսի Տիրոջ օրհնությունը, և ամեն մարմին պիտի օրհնի նրա սուրբ անունը հավիտյանս հավիտենից։
Կարդալ ՍԱՂՄՈՍՆԵՐ 145
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՍԱՂՄՈՍՆԵՐ 145:1-21
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր