ՍԱՂՄՈՍՆԵՐ 38
38
Տառապող մարդու աղոթքը
Դավթի սաղմոս. հիշատակի համար։
1Ո՜վ Տեր, քո բարկությամբ մի՛ հանդիմանիր ինձ և մի՛ խրատիր ինձ քո զայրույթով,
2Որովհետև քո նետերը խրվեցին իմ մեջ, և քո ձեռքը ծանրացավ ինձ վրա։
3Իմ մարմնում առողջություն չկա քո բարկության պատճառով. իմ ոսկորներում խաղաղություն չկա իմ մեղքի պատճառով։
4Որովհետև իմ անօրենությունները գլխիցս վեր բարձրացան. մեծ ու ծանր բեռ են դարձել ինձ վրա։
5Խոցերս հոտում ու փտում են իմ հիմարության պատճառով։
6Ես կորացած ու խիստ ցած եմ ընկած և ամեն օր շրջում եմ սգավոր։
7Որովհետև իմ երիկամները լիքն են բորբոքմամբ, և առողջություն չկա իմ մարմնում։
8Ես թուլացած եմ և սաստիկ փշրված. հոգոց եմ հանում իմ սրտի հառաչելուց։
9Ո՜վ Տեր, քո առաջ է իմ ամբողջ փափագը, և իմ հառաչանքը ծածուկ չէ քեզնից։
10Սիրտս դողում է. իմ զորությունը լքել է ինձ, և իմ աչքի լույսն էլ ինձ մոտ չէ այլևս։
11Իմ սիրելիներն ու ընկերները կանգնած են իմ խոցերի դեմ, և իմ ազգականներն էլ կանգնած են հեռու։
12Իմ անձը փնտրողները որոգայթ են լարում, և անօրենություն են խոսում ինձ համար չարիք ուզողները ու նենգություն են հնարում ամեն օր։
13Բայց ես խուլի պես չեմ լսում և համրի նման բերանս բաց չեմ անում։
14Ես եղա այն մարդու նման, որը չի լսում, և որի բերանում պատասխան չկա։
15Որովհետև ես ապավինում եմ քեզ, Տե՛ր, դու պիտի պատասխան տաս, ո՜վ Տեր իմ Աստված։
16Որովհետև ես ասացի. «Թող չուրախանան ինձ վրա իմ թշնամիները, երբ իմ ոտքը սահի, իմ դեմ պարծենան»։
17Որովհետև ես պատրաստ եմ ընկնելու համար, և իմ ցավը միշտ իմ աչքի առաջ է։
18Որովհետև ես միշտ պատմում եմ իմ անօրենությունը և տրտմում եմ իմ մեղքի համար։
19Բայց իմ թշնամիները ողջ են և զորավոր, և շատ են ինձ զուր ատողները։
20Բարու փոխարեն ինձ չար հատուցողները հակառակվում են ինձ, որ ես չարի փոխարեն հետևում եմ բարուն։
21Մի՛ լքիր ինձ, ո՜վ Տեր իմ Աստված, մի՛ հեռացիր ինձնից։
22Շո՛ւտ արա, որ ինձ օգնես, ո՜վ Տեր, իմ Փրկի՛չ։
Արդեն Ընտրված.
ՍԱՂՄՈՍՆԵՐ 38: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018