ՍԱՂՄՈՍՆԵՐ 57
57
Օգնության աղոթք
Երգողների գլխավորին։ «Մի՛ ապականիր» եղանակով։ Դավթի երգ. երբ նա փախել էր Սավուղից և քարայրում էր։
1Ողորմի՛ր ինձ, ո՜վ Աստված, ողորմի՛ր ինձ, որովհետև իմ անձը հույսը դրել է քեզ վրա, և ես պիտի քո թևերի հովանուն հուսամ, մինչև որ չարիքներն անցնեն։
2Ես կանչում եմ Բարձրյալ Աստծուն, որ բարիք է անում ինձ։
3Նա երկնքից օգնություն կուղարկի և կփրկի ինձ. նա ամոթահար կանի նրան, ով ուզում է կուլ տալ ինձ։ (Սելա)։ Աստված ուղարկում է իր ողորմությունն ու ճշմարտությունը։
4Իմ անձն առյուծների մեջ է. ես ընկած եմ բոց փչող մարդկանց որդիների մեջ. նրանց ատամները նիզակներ ու նետեր են, և նրանց լեզուները՝ սրած թրեր։
5Բարձրացի՛ր, ո՜վ Աստված, երկնքի վրա, թող քո փառքը լինի ամբողջ երկրի վրա։
6Որոգայթ պատրաստեցին իմ քայլերի համար. իմ անձը խոնարհված էր. փոս փորեցին իմ առջև, և իրենք ընկան մեջը։ (Սելա)։
7Սիրտս պատրաստ է, ո՜վ Աստված, սիրտս պատրաստ է. պիտի օրհնեմ երգով և սաղմոս ասեմ։
8Զարթնի՛ր, իմ փա՛ռք, զարթնե՛ք, սաղմոսարա՛ն և քնա՛ր. ես պիտի զարթնեմ վաղ առավոտյան,
9Պիտի գոհանամ քեզնից, Տե՛ր, ժողովուրդների մեջ. սաղմոս պիտի ասեմ քեզ ազգերի մեջ,
10Որովհետև քո ողորմությունը մեծ է մինչև երկինք, և քո ճշմարտությունը՝ մինչև ամպերը։
11Բարձրացի՛ր, ո՜վ Աստված, երկնքի վրա. քո փառքը թող լինի ամբողջ երկրի վրա։
Արդեն Ընտրված.
ՍԱՂՄՈՍՆԵՐ 57: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018