ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 10

10
Պետրոսը և Կոռնելիոսը
1Կեսարիայում Կոռնելիոս անունով մի մարդ կար, մի հարյուրապետ «Իտալական» կոչվող գնդից։ 2Նա, իր ամբողջ ընտանիքով բարեպաշտ և աստվածավախ լինելով, շատ ողորմություններ էր անում ժողովրդի մեջ և միշտ առ Աստված աղոթքի մեջ էր։ 3Կեսօրից հետո՝ ժամը երեքի մոտ, տեսիլքի մեջ նա հայտնապես տեսավ Աստծու հրեշտակին, որ մտավ իր մոտ ու ասաց՝ Կոռնելիո՛ս։ 4Եվ ակնապիշ նայելով հրեշտակին՝ զարհուրեց ու ասաց. «Ի՞նչ է, Տե՛ր»։ Եվ հրեշտակը նրան ասաց. «Քո աղոթքներն ու քո ողորմությունները Աստծու առաջ ելան, և Աստված քեզ չի մոռանա։ 5Եվ արդ, մարդի՛կ ուղարկիր Հոպպե և կանչի՛ր ոմն Սիմոնի, որ Պետրոս է կոչվում. 6նա իջևանել է կաշեգործ ոմն Սիմոնի մոտ, որի տունը մոտ է ծովին»։ 7Երբ իր հետ խոսող հրեշտակը գնաց, Կոռնելիոսը կանչեց ծառաներից երկուսին և իր սպասավորներից բարեպաշտ մի զինվորի 8ու նրանց ամեն բան պատմելով՝ Հոպպե ուղարկեց։
9Հաջորդ օրը, մինչ նրանք ճանապարհին էին և արդեն մոտեցել էին քաղաքին, Պետրոսը կեսօրին տանիք բարձրացավ՝ աղոթելու։ 10Նա քաղց զգաց և ուտել էր ուզում։ Մինչ ճաշ էին պատրաստում, հափշտակության մեջ ընկավ. 11տեսնում էր երկինքը բացված և չորս ծայրերից կախված անոթանման մի մեծ սփռոց, որ իջավ նստեց երկրի վրա։ 12Նրա մեջ կային երկրի բոլոր չորքոտանիները, գազանները, սողունները և երկնքի թռչունները։ 13Եվ ահա նրան մի ձայն հասավ. «Վե՛ր կաց, Պետրո՛ս, մորթի՛ր և կե՛ր»։ 14Պետրոսը պատասխանեց. «Քա՛վ լիցի, Տե՛ր, որովհետև երբեք պիղծ և անմաքուր բան չեմ կերել»։ 15Բայց ձայնը նրան կրկին անգամ հասավ. «Ինչ որ Աստված մաքուր է դարձրել, դու պիղծ մի՛ համարիր»։ 16Այս պատահեց երեք անգամ, և սփռոցը կրկին երկինք վերացավ։ 17Մինչ Պետրոսը մտքում զարմացած էր, թե տեսած տեսիլքն ի՛նչ է, ահա Կոռնելիոսի ուղարկած մարդիկ հարցրին Սիմոնի տան մասին, կանգնեցին դռանը, 18ձայն տվեցին ու հարցրին, թե արդյոք Սիմոնը, որ Պետրոս է կոչվում, այդտե՞ղ է օթևանել։ 19Եվ մինչ Պետրոսը մտորում էր տեսիլքի մասին, Հոգին նրան ասաց. «Ահավասիկ երեք մարդ քեզ է փնտրում. 20ուստի վե՛ր կաց, իջի՛ր և առանց երկմտելու գնա՛ նրանց հետ, որովհետև նրանց ես եմ ուղարկել»։ 21Երբ Պետրոսն այդ մարդկանց մոտ իջավ, ասաց. «Ում փնտրում եք, ահա ես եմ. ի՞նչ նպատակով եք եկել»։ 22Նրանք ասացին. «Կոռնելիոս հարյուրապետը՝ մի արդար և աստվածավախ մարդ, հարգված նաև ամբողջ հրեա ազգի կողմից, սուրբ հրեշտակից հրաման ստացավ քեզ իր տունը կանչելու և քեզնից մի խոսք լսելու»։ 23Պետրոսը ներս կանչեց նրանց և իր մոտ օթևան տվեց։ Հաջորդ օրը Պետրոսը վեր կացավ ու գնաց նրանց հետ. Հոպպեում գտնվող եղբայրներից ոմանք ևս նրա հետ գնացին։ 24Հաջորդ օրը մտան Կեսարիա։ Կոռնելիոսը նրանց էր սպասում՝ կանչած լինելով իր ազգականներին և մտերիմ բարեկամներին։ 25Հենց Պետրոսը ներս մտավ, Կոռնելիոսը նրան ընդառաջ գնաց և նրա ոտքերն ընկնելով՝ երկրպագեց։ 26Պետրոսը ոտքի կանգնեցրեց նրան ու ասաց. «Ոտքի՛ ելիր, ես ինքս էլ մարդ եմ»։ 27Եվ նրա հետ խոսելով՝ ներս մտավ ու այնտեղ հավաքված մի մեծ բազմություն գտավ։ 28Պետրոսը նրանց ասաց. «Դուք ինքներդ գիտեք, որ հրեա մարդուն չի կարելի օտարազգու հետ շփվել կամ նրան մոտենալ, սակայն Աստված ինձ ցույց տվեց, որ մարդկանցից ոչ մեկին պետք չէ պիղծ կամ անմաքուր համարել. 29դրա համար էլ առանց առարկության եկա, երբ կանչվեցի։ Բայց այժմ հարցնում եմ ձեզ. “Ինչո՞ւ կանչեցիք ինձ”»։ 30Կոռնելիոսը պատասխանեց. «Չորս օր առաջ՝ մոտավորապես այս ժամին, մինչև ցերեկվա ժամը երեքն աղոթք էի անում իմ տանը, ահա լուսավոր զգեստներով մի մարդ եկավ կանգնեց իմ առաջ 31ու ասաց. “Կոռնելիո՛ս, քո աղոթքները լսելի եղան, և քո ողորմությունները հիշվեցին Աստծու առաջ։ 32Արդ, մա՛րդ ուղարկիր Հոպպե և կանչի՛ր Պետրոս կոչված Սիմոնին. նա օթևանել է կաշեգործ ոմն Սիմոնի տանը՝ ծովի մոտ։ Նա կգա և կխոսի քեզ հետ”։ 33Ես իսկույն մարդ ուղարկեցի քեզ մոտ։ Դու լավ արեցիր, որ եկար. այժմ ամենքս կանգնած ենք Աստծու առաջ՝ լսելու այն ամենը, ինչ քեզ հրամայված է Տիրոջից»։
Պետրոսի ճառը Կոռնելիոսի տանը
34Պետրոսը բացեց բերանն ու ասաց. «Իրապես, այժմ հասկացա, որ Աստծու կողմից աչառություն չկա, 35այլ բոլոր ազգերի մեջ ով երկնչում է նրանից և արդարություն գործում, ընդունելի է նրան։ 36Այս խոսքը նա ուղարկեց իսրայելացիներին՝ խաղաղությունն ավետելու Հիսուս Քրիստոսի միջոցով. նա է բոլորի Տերը։ 37Դուք ինքներդ գիտեք այդ խոսքը, որը Հովհաննեսի քարոզած մկրտությունից հետո տարածվեց Գալիլեայից սկսած ամբողջ Հրեաստանով մեկ. 38Հիսուսին, որ Նազարեթից էր. Աստված նրան օծեց Սուրբ Հոգով և զորությամբ, և որը շրջեց բարիք անելով ու սատանայից բռնված բոլորին բժշկելով, որովհետև Աստված նրա հետ էր։ 39Եվ մենք վկայում ենք այն ամենի մասին, ինչ արեց նա Հրեաստանում և Երուսաղեմում, և որին սպանեցին՝ խաչափայտից կախելով։ 40Նրան Աստված երրորդ օրը հարություն տվեց և հայտնի դարձրեց 41ոչ թե ամբողջ ժողովրդին, այլ մեզ՝ վկաներիս, որ ի սկզբանե Աստծուց ընտրված էինք. մենք կերանք ու խմեցինք նրա հետ մեռելներից նրա հարություն առնելուց հետո։ 42Եվ նա պատվիրեց մեզ քարոզել ժողովրդին և վկայություն տալ, որ ինքն է Աստծուց սահմանված դատավորը, որ դատելու է կենդանիներին և մեռածներին։ 43Բոլոր մարգարեները նրա մասին վկայում են, որ բոլոր նրան հավատացողները նրա անունով մեղքերի թողություն կստանան»։
Հեթանոսներն ընդունում են Սուրբ Հոգին
44Եվ մինչ Պետրոսը այս բաներն էր ասում, Սուրբ Հոգին իջավ բոլոր նրանց վրա, ովքեր այս խոսքն էին լսում։ 45Թլփատությունից դարձի եկած հավատացյալները#Նկատի ունի ծագումով հրեաներին։, որոնք Պետրոսի հետ էին եկել, զարմացան, որ հեթանոսների վրա ևս Սուրբ Հոգու շնորհները հեղվում են. 46որովհետև լսում էին, որ նրանք լեզուներ էին խոսում և փառաբանում Աստծուն։ Այն ժամանակ Պետրոսը պատասխանեց. 47«Ո՞վ կարող է արգելել, որ ջրով մկրտվեն սրանք, որոնք ևս Սուրբ Հոգին ընդունեցին, ինչպես և մենք»։ 48Եվ հրամայեց նրանց մկրտել հանուն Հիսուս Քրիստոսի։ Այդ ժամանակ աղաչեցին նրան, որ մի քանի օր էլ այնտեղ մնա։

Արդեն Ընտրված.

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 10: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք