ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 9
9
Սողոսի դարձը
1Իսկ Սողոսը, որ տակավին Տիրոջ աշակերտներին սպառնալու և նրանց սպանելու կրքով էր լցված, քահանայապետի մոտ եկավ 2և նրանից Դամասկոսի ժողովարաններին ուղղված նամակներ խնդրեց, որպեսզի եթե գտնի Տիրոջ ճանապարհին հետևող որևէ մեկին՝ տղամարդ կամ կին, կապված Երուսաղեմ բերի։ 3Եվ ճանապարհին՝ Դամասկոսին մոտենալիս, հանկարծակի նրա շուրջը երկնքից մի լույս փայլատակեց։ 4Եվ գետնին ընկնելով՝ լսեց մի ձայն, որ իրեն ասում էր. «Սավո՜ւղ, Սավո՜ւղ, ինչո՞ւ ես հալածում ինձ»։ 5Եվ նա ասաց. «Ո՞վ ես դու, Տե՛ր»։ Ձայնը պատասխանեց. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես։ 6Իսկ հիմա ոտքի՛ ել ու մտի՛ր այդ քաղաքը. քեզ կասվի, թե ի՛նչ պետք է անես»։ 7Իսկ նրան ուղեկցող մարդիկ անշշունջ կանգնած էին. միայն ձայնն էին լսում, բայց ոչինչ չէին տեսնում։ 8Սողոսը գետնից վեր ելավ, սակայն բաց աչքերով ոչ ոքի չէր տեսնում։ Նրան ձեռքից բռնած մտցրին Դամասկոս։ 9Երեք օր այնտեղ էր, բայց չէր տեսնում. ո՛չ կերավ, ո՛չ էլ խմեց։
10Դամասկոսում Անանիա անունով մի աշակերտ կար։ Տերը տեսիլքի մեջ նրան ասաց՝ Անանիա՛։ Նա ասաց. «Այստեղ եմ, Տե՛ր»։ 11Տերը նրան ասաց. «Ճամփա՛ ընկիր ու գնա՛ այն փողոցով, որ Ուղիղ է կոչվում, և Հուդայի տանը կփնտրես Սողոս անունով տարսոնացուն, որ դեռ աղոթքի մեջ է»։ 12Սողոսն էլ տեսիլքի մեջ տեսավ Անանիա անունով մի մարդու, որ մտավ և ձեռքն իր վրա դրեց, որպեսզի տեսնի։ 13Անանիան պատասխանեց. «Տե՛ր, շատերից լսեցի այդ մարդու մասին, թե որքա՛ն չարիքներ է արել Երուսաղեմում քո սրբերին. 14և այստեղ էլ քահանայապետներից իշխանություն ունի կապանքի տակ պահելու բոլոր նրանց, որ քո անունն են կրում»։ 15Տերը նրան ասաց. «Դու գնա՛, որովհետև նա ինձ համար ընտրյալ անոթ է՝ իմ անունը տանելու հեթանոսների, թագավորների և Իսրայելի որդիների առաջ. 16քանի որ ես ինքս եմ նրան ցույց տալու, թե նա ինչքա՜ն պետք է չարչարվի իմ անվան համար»։ 17Անանիան գնաց և մտավ այն տունը և ձեռքը դնելով Սողոսի վրա՝ ասաց. «Սավո՛ւղ եղբայր, վե՛ր նայիր. ինձ Տերն ուղարկեց՝ Հիսուսը, որը քեզ ճանապարհիդ երևաց, որպեսզի տեսնես ու լցվես Սուրբ Հոգով»։ 18Եվ իսկույն նրա աչքերից կեղևի պես բաներ թափվեցին. տեսնում էր։ Անմիջապես ոտքի ելավ ու մկրտվեց։ 19Եվ սնունդ ընդունելով՝ զորացավ ու Դամասկոսում մի քանի օր շարունակ աշակերտների հետ էր։
Սողոսի քարոզչությունը Դամասկոսում
20Եվ անմիջապես ժողովարաններում Հիսուսին քարոզեց՝ ասելով, որ նա է Աստծու Որդին։ 21Նրան լսողներն ամենքն էլ զարմանում էին ու ասում. «Սա չէ՞ր, որ Երուսաղեմում հալածում էր Քրիստոսի անունը կրողներին, և այստեղ էլ նույն բանի համար էր եկել, որպեսզի նրանց կապանքի տակ պահած տանի քահանայապետներին»։ 22Բայց Սողոսն առավել ևս էր զորանում և նեղն էր դնում Դամասկոսում բնակվող հրեաներին՝ համոզելով, որ սա է Քրիստոսը։ 23Բազում օրեր անցնելուց հետո հրեաները պայմանավորվեցին սպանել նրան։ 24Նրանց դավադրությունը Սողոսին հայտնի դարձավ, քանի որ գիշեր-ցերեկ քաղաքի դռների մոտ էին՝ նրան սպանելու դիտավորությամբ։ 25Եվ աշակերտները գիշերով վերցրին նրան ու պարսպից կախելով, զամբյուղի մեջ դրած՝ իջեցրին։
Սողոսը Երուսաղեմում
26Երբ Սողոսը Երուսաղեմ եկավ, փորձում էր աշակերտներին հարել, բայց ամենքը վախենում էին նրանից, քանի որ չէին հավատում, թե իսկապես աշակերտ էր դարձել։ 27Բայց Բառնաբասը նրան վերցրեց բերեց առաքյալների մոտ ու նրանց պատմեց, թե ինչպես ճանապարհին նա տեսել էր Տիրոջը, խոսել հետը և թե Դամասկոսում էլ Հիսուսի անունով համարձակ քարոզել։ 28Սողոսն աշակերտների հետ մտնում-ելնում էր Երուսաղեմ՝ համարձակորեն քարոզելով Տիրոջ անունով։ 29Խոսում ու վիճում էր հունախոս հրեաների հետ, որոնք մտածում էին սպանել նրան։ 30Սակայն եղբայրները, այս բանն իմանալով, նրան Կեսարիա իջեցրին և ուղարկեցին Տարսոն։
31Սակայն եկեղեցին ամեն տեղ՝ ամբողջ Հրեաստանում, Սամարիայում ու Գալիլեայում խաղաղության մեջ էր և ամրանալով ու ընթանալով Տիրոջ երկյուղով՝ Սուրբ Հոգու մխիթարությամբ աճում էր։
Անդամալույծի բժշկումը Լյուդդայում
32Եվ պատահեց, որ Պետրոսն այս բոլոր տարածքներում շրջելիս իջավ նաև այն սրբերի մոտ, որոնք բնակվում էին Լյուդդայում։ 33Եվ այնտեղ գտավ Ենեա անունով մի մարդու, որը, ութ տարուց ի վեր անդամալույծ լինելով, մահճի մեջ պառկած էր։ 34Պետրոսը նրան ասաց. «Ենեա՛ս, Տեր Հիսուս Քրիստոսը քեզ բժշկում է, վե՛ր կաց և շտկի՛ր անկողինդ»։ Նա իսկույն վեր կացավ։ 35Լյուդդայում և Սարովնայում բնակվողները բոլորը տեսան նրան, և իրենք էլ դեպի Տերը դարձան։
Այծեմնիկի հարությունը
36Հոպպեում աշակերտ դարձած մի կին կար՝ Տաբիթա անունով, որ թարգմանվում է Այծեմնիկ. նա բարի գործերով և կատարած ողորմություններով լի էր։ 37Այնպես եղավ, որ այդ օրերին նա հիվանդացավ ու մեռավ. նրան լողացրին և դրեցին վերնատանը։ 38Լյուդդան Հոպպեին մոտ էր, ուստի երբ աշակերտները լսեցին, որ Պետրոսն այնտեղ է, երկու մարդ ուղարկեցին նրա մոտ՝ աղաչելով, որ անհապաղ իրենց մոտ գա։ 39Պետրոսը վեր կացավ ու եկավ նրանց հետ։ Երբ տեղ հասավ, նրան վերնատուն բարձրացրին։ Բոլոր այրիները շրջապատեցին նրան. լալիս էին և ցույց տալիս, թե ինչքան հագուստներ և զգեստներ էր կարել Այծեմնիկն իրենց համար։ 40Պետրոսը, բոլորին դուրս հանելով, ծնրադրեց, աղոթք արեց և աճյունին դառնալով՝ ասաց. «Տաբիթա՛, հանուն Տեր Հիսուս Քրիստոսի վե՛ր կաց»։ Եվ նա բացեց աչքերն ու Պետրոսին տեսնելով՝ ուղիղ նստեց։ 41Պետրոսը ձեռքը մեկնեց նրան ու վեր կացրեց։ Այնուհետև կանչեց սրբերին ու այրիներին և նրանց առաջ կենդանի կանգնեցրեց նրան։ 42Ամբողջ Հոպպեում հայտնի դարձավ այս, և շատերը հավատացին Տիրոջը։ 43Եվ այնպես եղավ, որ Պետրոսը բավական երկար մնաց Հոպպեում՝ կաշեգործ ոմն Սիմոնի մոտ։
Արդեն Ընտրված.
ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 9: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն