ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 3

3
Ի ծնե կաղի բժշկումը
1Պետրոսը և Հովհաննեսը տաճար էին բարձրանում իններորդ ժամի աղոթքի համար։ 2Մորից կաղ ծնված մի մարդ կար, որին միշտ բերում-դնում էին տաճարի Գեղեցիկ կոչվող դռան մոտ, որպեսզի նա տաճար մտնողներից ողորմություն խնդրեր։ 3Տաճար մտնող Պետրոսին և Հովհաննեսին տեսնելով՝ սկսեց աղաչել՝ ողորմություն ստանալու համար։ 4Պետրոսը Հովհաննեսի հետ նրան դարձավ ու ասաց. «Մե՛զ նայիր»։ 5Նա նրանց դարձավ՝ ակնկալելով նրանցից մի բան ստանալ։ 6Պետրոսն ասաց. «Արծաթ և ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ, քեզ կտամ. հանուն Նազովրեցի Հիսուս Քրիստոսի՝ վե՛ր կաց և քայլի՛ր»։ 7Եվ նրա աջ ձեռքից բռնելով՝ վեր կացրեց նրան, և նրա ազդրերն ու սրունքներն անմիջապես ամրացան։ 8Վեր ցատկեց, սկսեց քայլել ու նրանց հետ տաճար մտավ. քայլում էր, վազվզում և օրհնում Աստծուն։ 9Ամբողջ ժողովուրդը տեսավ, որ նա քայլում և օրհնում էր Աստծուն։ 10Գիտեին նրան, որ նստում էր տաճարի Գեղեցիկ դռան մոտ՝ ողորմություն ստանալու համար, և նշանի վրա, որ կատարվեց, զարմանքով լցվեցին։
Պետրոսի ճառը տաճարի Սողոմոնի սրահում
11Եվ մինչ նա Պետրոսին և Հովհաննեսին բաց չէր թողնում, ամբողջ ժողովուրդը զարմացած վազեց նրանց մոտ՝ դեպի սրահը, որ կոչվում էր Սողոմոնի անունով։ 12Երբ Պետրոսն այս ամենը տեսավ, ժողովրդին ասաց. «Ո՛վ իսրայելացիներ, այս բանի վրա ինչո՞ւ եք զարմացել կամ ինչո՞ւ ակնապիշ մեզ եք նայում, կարծես թե մեր անձի զորությամբ կամ քաջությամբ քայլել տված լինեինք դրան։ 13Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը, մեր հայրերի Աստվածը փառավորեց իր Որդուն՝ Հիսուսին, որին դուք մատնեցիք և Պիղատոսի առաջ նրանից հրաժարվեցիք, երբ նա որոշել էր նրան ազատ արձակել։ 14Եվ դուք Սրբին ու Արդարին մերժեցիք և խնդրեցիք, որ մի մարդասպան շնորհվի ձեզ. 15սպանեցիք կյանքի Առաջնորդին, որին Աստված մեռելներից հարություն տվեց. և այդ բանին մենք իսկ վկա ենք։ 16Հիսուսի անվան զորությունը բժշկեց այս մարդուն, որին տեսնում եք և ճանաչում, որովհետև նրա անվանը հավատաց։ Եվ Հիսուսի հանդեպ եղած հավատն է, որ սրան տվեց այս առողջությունը՝ ձեր բոլորի ներկայությամբ։ 17Արդ, եղբայրնե՛ր, գիտեմ, որ անգիտությամբ արեցիք դուք և ձեր իշխանավորները։ 18Բայց ինչպես որ Աստված նախօրոք հայտնել էր բոլոր մարգարեների բերանով իր Քրիստոսի չարչարվելը, այդպես էլ կատարեց։ 19Արդ, ապաշխարե՛ք և դարձի՛ եկեք՝ ձեր մեղքերը ջնջելու համար, 20որպեսզի հանգստության ժամանակները գան Տիրոջից, և որպեսզի նա ուղարկի Հիսուսին՝ ձեզ համար վաղօրոք սահմանված Քրիստոսին։ 21Նա պետք է մնա երկնքում, մինչև իրականանա այն ամենը, որոնց մասին Աստված խոսել է սկզբից իր սուրբ մարգարեների բերանով։
22Մովսեսը մեր հայրերին ասաց. “Ձեր Տերը՝ Աստվածը, ինձ նման մի մարգարե պիտի հանի ձեզ համար ձեր եղբայրների միջից. նրան պիտի լսեք ամեն ինչում, ինչ էլ ձեզ ասի. 23և այդ մարգարեին չլսող ամեն մարդ ժողովրդի միջից պիտի բնաջնջվի” (Բ Օր. 18.15-19)։ 24Սամուելից սկսած բոլոր մարգարեներն էլ, որ խոսեցին, կանխասեցին նաև այս օրերի մասին։ 25Դուք եք որդիները մարգարեների և այն ուխտի, որն ուխտեց Աստված մեր հայրերի հետ ու ասաց Աբրահամին. “Երկրի բոլոր ազգերը քո սերնդով պիտի օրհնվեն” (Ծնն. 22.18)։ 26Աստված նախ ձեզ համար հարություն տվեց իր Որդուն և ուղարկեց նրան, որ օրհնի ձեզ՝ յուրաքանչյուրիդ իր չար գործերից հետ դարձնելու համար»։

Արդեն Ընտրված.

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 3: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք