ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 4

4
Պետրոսը և Հովհաննեսը ատյանի առաջ
1Եվ մինչ նրանք իրենց խոսքն ուղղել էին ժողովրդին, նրանց վրա հասան քահանաները, տաճարի պահակախումբն ու սադուկեցիները՝ 2զայրացած, որ նրանք ժողովրդին ուսուցանում էին և Հիսուսի օրինակով մեռելների հարության մասին էին պատմում։ 3Նրանց ձերբակալեցին և բանտարկած պահեցին մինչև հաջորդ օրը, որովհետև արդեն երեկոյան դեմ էր։ 4Իսկ խոսքը ունկնդրածներից շատերը հավատացին, և հավատացյալների թիվը հասավ շուրջ հինգ հազարի։
5Եվ այնպես եղավ, որ հաջորդ օրը հրեաների իշխանավորները, ծերերն ու դպիրները հավաքվեցին Երուսաղեմում, 6նաև Աննա քահանայապետը և Կայիափան, Հովհաննեսը, Ալեքսանդրոսը և բոլոր նրանք, որ քահանայական ցեղից էին։ 7Առաքյալներին մեջտեղում կանգնեցնելով՝ հարցաքննեցին. «Ի՞նչ զորությամբ կամ ո՞ւմ անունով դուք կատարեցիք այդ»։ 8Այդժամ Պետրոսը, Սուրբ Հոգով լցված, ասաց նրանց. «Ժողովրդի իշխանավորնե՛ր և Իսրայելի ծերե՛ր, 9եթե մենք այսօր դատվում ենք միայն մի տկար մարդու հանդեպ արված բարիքի համար, որով նա բժշկվեց, 10ապա թող հայտնի լինի ձեզ բոլորիդ և Իսրայելի ամբողջ ժողովրդին, որ Նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով, որին դուք խաչեցիք, և որին Աստված մեռելներից հարություն տվեց, նրանո՛վ ահա սա առողջացած՝ կանգնել է ձեր առաջ։
11 “Սա է ձեզնից՝ շինողներիցդ անարգված այն վեմը, որ անկյունաքար դարձավ” (Սաղ. 117(118).22)։
12Եվ ուրիշ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետև երկնքի տակ չկա մարդկանց տրված մեկ այլ անուն, որով մենք կարողանանք փրկվել»։
13Պետրոսի և Հովհաննեսի համարձակությունը տեսնելով և հասկանալով, որ նրանք տգետ և անուս մարդիկ են, զարմացան, որովհետև նրանց արդեն իբրև Հիսուսի հետևորդի էին ճանաչում։ 14Տեսնում էին նաև բժշկված մարդուն, որ կանգնած էր նրանց հետ և չէին կարողանում որևէ պատասխան տալ։ 15Հրամայելով նրանց, որ ատյանից դուրս ելնեն, խորհրդակցեցին միմյանց հետ՝ 16ասելով. «Ի՞նչ անենք այս մարդկանց, քանի որ մի կողմից նրանց միջոցով աչքի ընկնող նշան կատարվեց, մյուս կողմից էլ Երուսաղեմի բոլոր բնակիչներին արդեն հայտնի է, և մենք չենք կարող ուրանալ։ 17Բայց որպեսզի ժողովրդի մեջ ավելի չտարածվի, սպառնանք նրանց, որ ոչ մի մարդու այդ անունով այլևս չքարոզեն»։ 18Եվ նրանց կանչելով՝ պատվիրեցին Հիսուսի անունով ամենևին չխոսել և չուսուցանել։ 19Իսկ Պետրոսն ու Հովհաննեսը պատասխանեցին և ասացին նրանց. «Եթե Աստծու առաջ արդար է առավել ձեզ լսել, քան Աստծուն, ինքներդ որոշեք։ 20Իսկ մենք չենք կարող չասել, ինչ որ տեսել ենք և լսել»։ 21Նրանք սպառնալով արձակեցին նրանց՝ ժողովրդի պատճառով նրանց պատժելու ոչ մի միջոց չգտնելով, որովհետև բոլորը կատարված բաների համար փառավորում էին Աստծուն, 22քանզի այն մարդը, որի վրա բժշկության այս նշանը կատարվեց, ավելի քան քառասուն տարեկան էր։
Առաքյալների աղոթքը հալածանքի պահին
23Եվ այնտեղից ազատ արձակվելով՝ առաքյալները եկան յուրայինների մոտ ու պատմեցին, թե իրենց ինչ բաներ ասացին քահանայապետներն ու ծերերը։ 24Այս լսելով՝ նրանք իրենց ձայնն առ Աստված բարձրացրին ու ասացին. «Դու, Տե՛ր Աստված, որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը և ծովն ու նրա մեջ եղած ամեն բան, 25Սուրբ Հոգու միջոցով մեր հոր՝ Դավթի՝ քո ծառայի բերանով ասացիր.
“Ինչո՞ւ խռովվեցին հեթանոսները,
ինչո՞ւ ժողովուրդները սին բաների մասին խորհեցին.
26 երկրի թագավորներն իրար մոտ եկան,
և ժողովրդի իշխանները միասին հավաքվեցին Տիրոջ և նրա Օծյալի դեմ” (Սաղ. 2.1-2)։
27Արդարև, այս քաղաքում հավաքվեցին Հերովդեսը և Պիղատոս Պոնտացին հեթանոսների և Իսրայելի հետ, քո սուրբ Որդու՝ Հիսուսի դեմ, որին դու օծեցիր, 28անելու այն, ինչ քո ձեռքն ու կամքը նախապես սահմանել էին, որ կատարվի։ 29Եվ այժմ, Տե՛ր, նայի՛ր նրանց սպառնալիքներին և քո ծառաներին ամենայն համարձակությամբ քո խո՛սքը խոսել տուր. 30իսկ երբ քո ձեռքը մեկնես բժշկության համար, նաև նշաններ ու զարմանալի գործեր թող լինեն քո սուրբ Որդու՝ Հիսուսի անունով»։
31Եվ մինչ նրանք աղոթքի մեջ էին, շարժվեց այն տեղը, որտեղ նրանք հավաքված էին։ Ամենքը լցվեցին Սուրբ Հոգով և Աստծու խոսքն էին քարոզում համարձակությամբ։
Ամեն ինչ ընդհանուր
32Եվ հավատացյալների բազմությունը մեկ սիրտ ու մեկ հոգի էր։ Եվ նրանցից ոչ ոք չէր ասում, թե իր ինչքերն իրենն են, այլ ամեն ինչ նրանց համար ընդհանուր էր։ 33Առաքյալները մեծ զորությամբ վկայություն էին տալիս Տեր Հիսուս Քրիստոսի հարության մասին։ Ու նրանց բոլորի վրա մեծամեծ շնորհներ կային։ 34Եվ նրանց մեջ ոչ ոք մի բանի կարոտ չէր, որովհետև, ովքեր ագարակների կամ ապարանքների տեր էին, վաճառում էին դրանք և վաճառվածի գումարը բերում-դնում էին 35առաքյալների տրամադրության տակ, նրանք էլ բաշխում էին յուրաքանչյուրին, ում ինչքան պետք էր լինում։
Բառնաբասի ազնիվ արարքը
36Այդպես արեց նաև Հովսեփը, որ ղևտացի էր և կիպրացի, և որն առաքյալների կողմից Բառնաբաս կոչվեց (որ թարգմանվում է «մխիթարության որդի»), 37մի ագարակ ուներ. վաճառեց այն և գումարը բերեց, առաքյալների տրամադրության տակ դրեց։

Արդեն Ընտրված.

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 4: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք