ԵԼՔ 10

10
8. Մորեխներ
1Տերն ասաց Մովսեսին. «Մտի՛ր փարավոնի մոտ, որովհետև ես կարծրացրել եմ նրա ու նրա պաշտոնյաների սրտերը, որպեսզի իմ պատիժները հերթով թափվեն նրանց վրա, 2որպեսզի դուք պատմեք ձեր որդիներին ու ձեր որդիների որդիներին, թե ինչպե՛ս վարվեցի եգիպտացիների հետ և ի՛նչ հրաշքներ գործեցի, որպեսզի ճանաչեք, որ ես եմ Տերը»։
3Մովսեսն ու Ահարոնը մտան փարավոնի մոտ և ասացին նրան. «Այսպես է ասում Տերը՝ եբրայեցիների Աստվածը. “Մինչև ե՞րբ չես պատկառելու ինձնից։ Արձակի՛ր իմ ժողովրդին, որպեսզի պաշտեն ինձ։ 4Եվ եթե չկամենաս արձակել իմ ժողովրդին, վաղն իսկ՝ հենց այս ժամին, անթիվ-անհամար մորեխ կթափեմ քո տարածքների վրա։ 5Դրանք կծածկեն ողջ երկրի երեսը, և դու չես կարողանա տեսնել երկիրը։ Դրանք կուտեն կարկուտից փրկվածը, կխժռեն բոլոր տունկերը, որ բուսել են երկրի վրա ձեզ համար։ 6Քո տները, քո պաշտոնյաների տները և եգիպտացիների ողջ երկրի բոլոր տներն այնպես կլցվեն մորեխներով, որ ո՛չ ձեր հայրերը, ո՛չ էլ նրանց նախահայրերը երբեք չեն տեսել երկրի վրա՝ իրենց ծնված օրից մինչև այսօր”»։ Եվ Մովսեսը դուրս եկավ փարավոնի մոտից։
7Փարավոնի պաշտոնյաները նրան ասացին. «Մինչև ե՞րբ պիտի տառապենք։ Արձակի՛ր մարդկանց, որպեսզի պաշտեն Տիրոջը՝ իրենց Աստծուն, թե՞ ցանկանում ես տեսնել, թե ինչպե՛ս է կործանվում Եգիպտոսը»։ 8Եվ նրանք Մովսեսին ու Ահարոնին վերադարձրին փարավոնի մոտ։ Եվ նրանց ասաց. «Գնացեք պաշտե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն։ Սակայն ովքե՞ր են լինելու գնացողները»։ 9Մովսեսն ասաց. «Գնալու ենք մեր երիտասարդներով ու ծերերով, մեր տղաներով ու դուստրերով, մեր արջառներով ու ոչխարներով, որովհետև Տիրոջ՝ մեր Աստծու տոնն է»։ 10Եվ նրանց ասաց. «Թող այդպես լինի։ Տերը ձեզ հետ։ Պատրաստ եմ ձեզ արձակելու, բայց ոչ ձեր ունեցվածքը։ Երևում է, որ չար մտադրություն ունեք։ 11Այդպես չի լինի, այլ միայն տղամարդիկ թող գնան և պաշտեն Աստծուն, քանի որ այդքան ուզում եք»։ Եվ նրանց վռնդեցին փարավոնի մոտից։
12Տերն ասաց Մովսեսին. «Ձեռքդ մեկնի՛ր եգիպտացիների երկրի վրա, և մորեխ կելնի եգիպտացիների երկրի վրա և կուտի երկրի այն ողջ բուսականությունն ու ծառերի պտուղները, որ փրկվել են կարկուտից»։ 13Մովսեսը ձեռքը մեկնեց դեպի երկինք, և Տերը մի ամբողջ ցերեկ ու գիշեր հարավային հողմ բարձրացրեց երկրի վրա։ Երբ առավոտ եղավ, հարավային հողմն առավ մորեխն 14ու ցրեց եգիպտացիների ողջ երկրի վրա ու սփռեց նրա տարածքների վրա։ Դրանից առաջ այդքան մորեխ չէր եղել և ոչ էլ դրանից հետո։ 15Մորեխը ծածկեց ողջ երկիրը, և երկիրն ապականվեց։ Կերավ երկրի ողջ բուսականությունն ու ծառերի պտուղները, որ փրկվել էին կարկուտից։ Եգիպտացիների ողջ երկրում կանաչ բան չմնաց ո՛չ ծառերի, ո՛չ էլ դաշտային տունկերի վրա։
16Փարավոնը շտապ կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Մեղանչեցի Տիրոջ՝ ձեր Աստծու և ձեր առաջ։ 17Արդ, ներե՛ք իմ այս հանցանքը ևս և աղաչե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, որ ինձ ազատի այս մորեխներից»։ 18Մովսեսը ելավ փարավոնի մոտից և աղոթքի կանգնեց առ Աստված։ 19Աստված ծովի կողմից սաստիկ հողմ բարձրացրեց. հողմն առավ մորեխն ու լցրեց Կարմիր ծովը։ Եվ եգիպտացիների ողջ երկրում մորեխ չմնաց։ 20Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը, և նա չարձակեց Իսրայելի որդիներին։
9. Թանձրամած խավար
21Տերն ասաց Մովսեսին. «Ձեռքդ մեկնի՛ր դեպի երկինք, և եգիպտացիների երկրի վրա խավար կտիրի, թանձրամած խավար»։ 22Մովսեսը ձեռքը մեկնեց դեպի երկինք, և եգիպտացիների ողջ երկրի վրա երեք օր խավար, մեգ ու մութ եղավ։ 23Ոչ ոք եղբորը երեք օր չտեսավ, երեք օր ոչ ոք իր անկողնուց չելավ, մինչդեռ Իսրայելի բոլոր որդիների բոլոր բնակավայրերում լույս էր։
24Փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց նրանց. «Գնացեք պաշտե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, բայց ձեր արջառն ու ոչխարը թողե՛ք այստեղ, իսկ մնացածը թող գա ձեզ հետ»։ 25Մովսեսն ասաց. «Ողջակիզության ու զոհաբերության անասուններ էլ դու պիտի տաս մեզ, որ մատուցենք Տիրոջը՝ մեր Աստծուն։ 26Մեր անասուններն էլ մեզ հետ պիտի գնան. մենք մի կճղակ անգամ չենք թողնելու այստեղ, որովհետև Տիրոջը՝ մեր Աստծուն, դրանցից պիտի զոհ մատուցենք։ Մինչև մեր այնտեղ հասնելը մենք դեռ չգիտենք, թե ի՛նչ պիտի զոհաբերենք Տիրոջը՝ մեր Աստծուն»։ 27Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը, և փարավոնը չկամեցավ արձակել նրանց։ 28Փարավոնն ասաց. «Հեռացի՛ր ինձնից. զգո՛ւյշ եղիր, այլևս չհամարձակվես իմ աչքին երևալ, որովհետև որ օրը երևաս ինձ, կմեռնես»։ 29Իսկ Մովսեսը պատասխանեց. «Ինչպես ասացիր. այլևս ինձ չես տեսնի»։

Արդեն Ընտրված.

ԵԼՔ 10: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք