ԵԼՔ 11

11
10. Անդրանիկների մահը
1Եվ Տերն ասաց Մովսեսին. «Մի պատուհաս էլ պիտի հասցնեմ փարավոնին ու Եգիպտոսին, որից հետո փարավոնը ձեզ կարձակի այստեղից։ Եվ երբ ձեզ արձակի, ձեզ կվռնդի ամեն ինչով։ 2Արդ, ժողովրդին գաղտնի հայտնի՛ր, որ յուրաքանչյուր ոք իր ընկերոջից և յուրաքանչյուր կին իր հարևանուհուց ոսկյա և արծաթյա իրեր ու զգեստներ թող փոխ առնեն»։ 3Տերը շնորհ պարգևեց իր ժողովրդին եգիպտացիների առաջ, և զարդեր տվեցին նրանց։ Մովսեսը եգիպտացիների, փարավոնի, նրա բոլոր պաշտոնյաների առաջ ու ժողովրդի աչքին շատ պատկառելի դարձավ։
4Մովսեսն ասաց. «Այսպես է ասում Տերը. “Կեսգիշերին ես կմտնեմ Եգիպտոս, 5և եգիպտացիների երկրում կմեռնեն բոլոր անդրանիկները՝ իր գահին բազմած փարավոնի անդրանիկից մինչև երկանքի մոտ աշխատող աղախնի անդրանիկն ու բոլոր անասունների առաջնածինները։ 6Եգիպտացիների ողջ երկրում այնպիսի մեծ աղաղակ կբարձրանա, որի նմանը չի եղել և չի էլ լինի։ 7Բայց Իսրայելի որդիների մոտ մի շուն անգամ չի հաչա մարդու կամ անասունի վրա, և այդպիսով կիմանաք, որ Տերը սքանչելիքներ անելով Իսրայելին զատեց եգիպտացիներից։ 8Եվ քո բոլոր ծառաները պիտի գան ինձ մոտ և երկրպագեն ինձ ու ասեն. “Ելի՛ր դու և քո ողջ ժողովուրդը, որին դու ես առաջնորդում”։ Եվ այդ ժամանակ կելնենք»։
Մովսեսը խիստ զայրացած ելավ փարավոնի մոտից։ 9Եվ Տերն ասաց Մովսեսին. «Փարավոնը ձեզ չի լսի, որպեսզի ես եգիպտացիների երկրում նշաններ ու հրաշքներ անեմ»։ 10Մովսեսն ու Ահարոնը այս բոլոր նշաններն ու հրաշքներն արեցին եգիպտացիների երկրում՝ փարավոնի առաջ։ Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը, և չկամեցավ Իսրայելի որդիներին արձակել եգիպտացիների երկրից։

Արդեն Ընտրված.

ԵԼՔ 11: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք