ԵԼՔ 15

15
Մովսեսի երգը
1Այդ ժամանակ Մովսեսն ու Իսրայելի որդիներն այս օրհներգն ուղղեցին Աստծուն՝ ասելով.
«Օրհնենք Տիրոջը,
քանզի փառքով է փառավորված։
Նրանց երիվարներն ու հեծյալներին
ծովը գցեց։
2Տերն իմ օգնականն է և հովանավորը,
որ եղավ իմ փրկությունը։
Նա է իմ Աստվածը,
նրան եմ փառաբանելու։
Իմ հոր Աստվածն է,
նրան եմ մեծարելու։
3Տերը խորտակում է պատերազմները,
Տեր է նրա անունը։
4Նա փարավոնի կառքերն ու զորքերը ծովը գցեց,
ընտիր հեծյալներին ու սպառազեն մարդկանց
ընկղմեց Կարմիր ծովում։
5Խորքը ծածկեց նրանց.
քարի պես ընկղմվեցին անդունդը։
6Քո աջը, Տե՛ր, զորությամբ փառավորվեց,
քո աջը, Տե՛ր, խորտակեց թշնամուն։
7Քո փառքի հզորությամբ
ջարդուփշուր արեցիր հակառակորդներին,
առաքեցիր քո բարկությունը,
և կերավ նրանց, ինչպես կրակը՝ եղեգը։
8Քո զայրույթի հողմից ճեղքվեցին ջրերը,
պարիսպների նման քարացան ջրերը,
ալիքները ծովի մեջ քարացան։
9Թշնամին ասաց. “Հետապնդեմ ու հասնեմ,
բաժանեմ ավարը և դրանցով հագեցնեմ ինձ։
Սրով սպանեմ, և իմ ձեռքը տիրի նրանց”։
10Քո հողմն առաքեցիր, և ծովը ծածկեց նրանց.
կապարի պես սուզվեցին սաստկացած ջրերում։
11Աստվածների մեջ, Տե՛ր, ո՞վ կա քեզ նման,
ո՞վ կարող է նմանվել քեզ,
փառավորյա՛լդ սրբերի մեջ,
սքանչացյա՛լդ փառքի մեջ,
որ հրաշքներ ես գործում։
12Մեկնեցիր քո աջը,
և երկիրը կուլ տվեց նրանց։
13Արդարությամբ առաջնորդեցիր քո այս ժողովրդին, որին փրկեցիր,
քո զորությամբ բերեցիր դեպի քո սուրբ բնակավայրը։
14Լսեցին ժողովուրդները և դողացին։
Սարսափը պատեց Քանանի բնակիչներին։
15Տագնապեցին Եդովմի դատավորներն ու Մովաբի իշխանները։
Դող բռնեց նրանց, հալվեցին Քանանի բոլոր բնակիչները։
16Թող պատեն նրանց ահն ու սարսափը,
քո բազկի հզորությամբ թող քարանան,
մինչև որ անցնի քո ժողովուրդը, Տե՛ր,
մինչև որ անցնի քո այս ժողովուրդը, որին ստացար։
17Տանելով հաստատի՛ր նրանց քո ժառանգության լեռան վրա,
որ պատրաստել ես քո բնակության համար
և որ սրբություն ես դարձրել, Տե՛ր։
Տե՛ր, որ պատրաստեցին քո ձեռքերը։
18Տե՛ր, թագավո՛ր հավիտենական,
միշտ և հավիտյան»։
19Երբ փարավոնի հեծելազորն իր կառքերով ու հեծյալներով մտավ ծովը, Տերը նրա վրա թափեց ծովի ջրերը, իսկ Իսրայելի որդիներն անցան ծովի միջով, ինչպես ցամաքով։
Մարիամ մարգարեուհու երգը
20Մարիամ մարգարեուհին՝ Ահարոնի քույրը, իր ձեռքն առավ թմբուկը, և բոլոր կանայք գնացին նրա հետևից՝ թմբուկ խփելով ու պարելով։ 21Առջևից գնում էր Մարիամն ու ասում.
«Օրհնենք Տիրոջը,
քանզի նա փառքով է փառավորված.
երիվարներն ու հեծյալներին
ծովը գցեց»։
ԱՆԱՊԱՏԻ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(15.22–19.25)
Դառը ջուրը
22Մովսեսն Իսրայելի որդիներին Կարմիր ծովից տարավ հասցրեց Սուր անապատը։ Նրանք երեք օրվա ճանապարհ գնացին անապատի միջով, բայց խմելու ջուր չգտան։ 23Եկան Մեռա, բայց Մեռայում էլ չկարողացան ջուր խմել, որովհետև այն դառն էր։ Այդ պատճառով էլ Մովսեսն այդ վայրն անվանեց Դառնություն [𝕸 Մեռա24Եվ ժողովուրդը տրտնջաց Մովսեսի դեմ ու ասաց. «Ի՞նչ խմենք»։ 25Մովսեսն աղաղակեց առ Աստված, և Տերը նրան մի փայտ ցույց տվեց։ Այն նետեց ջրի մեջ, և ջուրը քաղցրահամ դարձավ։ Այնտեղ Աստված ժողովրդին տվեց օրենք ու պատվիրաններ և այնտեղ էլ փորձության ենթարկեց նրան։ 26Եվ ասաց. «Եթե լսես Տիրոջը՝ քո Աստծուն, նրա համար հաճելի գործեր կատարես, ունկնդիր լինես նրա պատվիրաններին ու կատարես նրա բոլոր հրամանները, քեզ վրա չեմ թափի բոլոր այն հիվանդությունները, որ թափեցի եգիպտացիների վրա, քանզի ես Տերն եմ՝ քեզ բժշկողը»։
27Եվ եկան հասան Եղիմ։ Այնտեղ կային ջրի տասներկու աղբյուր ու յոթանասուն արմավենի։ Եվ բանակեցին այնտեղ՝ ջրի մոտ։

Արդեն Ընտրված.

ԵԼՔ 15: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք