ԵԼՔ 21

21
Գերիների հետ վարվելը
(Բ Օր. 15.12-18)
1«Սրանք են այն հրահանգները, որ պիտի տաս նրանց։
2Եթե եբրայեցի ստրուկ գնես, նա թող ծառայի քեզ վեց տարի և յոթերորդ տարում առանց փրկագնի ազատ թող արձակվի։ 3Եթե նա միայնակ է տունդ մտել, միայնակ էլ թող գնա, իսկ եթե իր կնոջ հետ է մտել, կինն էլ թող գնա նրա հետ։ 4Եթե իր տերը նրան կին տա, և նրա համար տղաներ ու դուստրեր ծնի, ապա կինն ու զավակները թող պատկանեն նրա տիրոջը, և միայն նա թող ազատ արձակվի։ 5Եթե ստրուկն ասի. “Սիրեցի իմ տիրոջը, իմ կնոջն ու իմ զավակներին և չեմ ցանկանում ազատ արձակվել”, 6նրա տերը նրան թող կանգնեցնի Աստծու ատյանի առաջ, այնուհետև բերի իր տան դռան սեմի մոտ, հերյունով ծակի նրա ականջը, և նա թող ծառայի իրեն ցմահ։
7Եթե որևէ մեկն իր դստերը վաճառի աղախնության, ապա այդ աղջիկը թող չազատագրվի այնպես, ինչպես ազատագրվում են ստրկուհիները։ 8Եթե նրա տերն այլևս չցանկանա նրան, ապա պիտի թույլ տա նրան փրկագնով հետ գնելու. ամեն դեպքում օտարազգիի չի կարող վաճառել, քանի որ նրան անարգել է։ 9Իսկ եթե նրան գնել է իր որդու համար, նրա հետ թող վարվի իր դուստրերի պես։ 10Եթե նա այլ կին ևս առնի, նրան թող չզրկի սննդից, հագուստից ու ամուսնական պարտականությունից։ 11Եթե այս երեք պահանջները չկատարի նրա նկատմամբ, ապա նա առանց փրկագնի թող ազատ արձակվի»։
Զանազան օրենքներ
12«Եթե որևէ մեկը հարվածի մեկին, և սա մահանա, ապա հարվածողը մահապատժի թող ենթարկվի։ 13Եթե սպանությունը կատարվել է ոչ թե սպանողի կամքով, այլ Աստված է մատնել նրա ձեռքը, ապա սպանողին թող ցույց տրվի մի տեղ, որտեղ նա ապաստան կգտնի։
14Եթե մեկը մտադրվելով նենգությամբ սպանի իր նմանին, անգամ եթե փախուստի դիմելով ապաստանի իմ զոհասեղանին, նրան պիտի պոկել զոհասեղանից ու սպանել։
15Ով հարվածի իր հորը կամ մորը, մահապատժի թող ենթարկվի։ 16Ով որ չարաբանի իր հորն ու իր մորը, մահապատժի թող ենթարկվի։
17Եթե մեկը գողանա Իսրայելի որդիներից մեկին և վաճառի, և կամ իր մոտ գտնեն նրան, ապա մահապատժի թող ենթարկվի։
18Եթե երկու մարդ կռվեն, և նրանցից մեկը քարով կամ բռունցքով հարվածի մյուսին, և սա ոչ թե մահանա, այլ անկողին ընկնի, 19և եթե ոտքի կանգնի ու կարողանա ցուպի օգնությամբ քայլել, հարվածողը թող անպարտ լինի, բայց տուժածի աշխատանքից զրկվելու վնասի ու բժշկության համար թող հատուցում վճարի։
20Եթե մեկը գավազանով հարվածի իր ստրուկին կամ իր ստրկուհուն, և սա մեռնի նրա հարվածից, ապա տերը վրեժխնդրության պիտի ենթարկվի դատաստանով, 21իսկ եթե նա մեկ կամ երկու օր ապրի, տերը վրեժխնդրության չի ենթարկվի, քանի որ նրան իր արծաթով է գնել։
22Եթե երկու տղամարդ կռվելիս զարնվեն մի հղի կնոջ, և կինը, երեխան դեռ չձևավորված, վիժի, հարվածողը թող հատուցի վնասն ըստ կնոջ ամուսնու պահանջի և ըստ դատավորների։ 23Իսկ եթե երեխան ձևավորված լինի, ապա թող հատուցի ըստ հետևյալ կարգի՝ կյանքի դիմաց՝ կյանք, 24աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ, ձեռքի դիմաց՝ ձեռք, ոտքի դիմաց՝ ոտք, 25խարանի դիմաց՝ խարան, վերքի դիմաց՝ վերք, հարվածի դիմաց՝ հարված։
26Եթե մեկը հարվածի իր ստրուկի կամ իր աղախնու աչքին ու կուրացնի նրան, ապա թող նրան ազատ արձակի իր վնասված աչքի փոխարեն։ 27Եթե ջարդի իր ստրուկի կամ աղախնու ատամը, ապա իր ջարդած ատամի համար նրան թող ազատ արձակի»։
28«Եթե մի ցուլ հարվածի մի տղամարդու կամ կնոջ, և սրանք մեռնեն, ապա ցուլը թող քարկոծվի, նրա միսը թող չուտեն, բայց ցլի տերը անպարտ թող լինի։ 29Եթե ցուլը նախկինում ևս հարվածող է եղել, և նրա տիրոջը բողոքած են եղել, բայց սա ցլին մեջտեղից չի վերացրել, և եթե ցուլը տղամարդ կամ կին սպանի, ապա ցուլը թող քարկոծվի, և ցլի տերը նրա հետ թող մահապատժի ենթարկվի։ 30Իսկ եթե նրան թույլատրվի փրկագին վճարել, ապա թող վճարի կյանքի համար այնչափ, որչափ կնշանակվի փրկագինը։ 31Եթե ցուլը մի տղայի կամ մի աղջկա հարվածի, նույն կերպ թող վարվեն նրա հետ։ 32Իսկ եթե ցուլը մի ստրուկի կամ աղախնու հարվածի, ցլատերը նրանց տիրոջը երեսուն կրկնադրամ արծաթ թող վճարի, իսկ ցուլը թող քարկոծվի։
33Եթե մեկը փոս բացի կամ ջրհոր փորի ու դրանք չծածկի, և դրանց մեջ արջառ կամ էշ ընկնի, 34փոսի տերը արծաթ թող վճարի անասունի տիրոջը, իսկ լեշը թող իրենը լինի։
35Եթե մեկի ցուլը հարվածի մի ուրիշ մարդու ցլին, և սա սատկի, կենդանի մնացած ցուլը թող վաճառեն և դրա արժեքը թող բաժանեն։ Թող բաժանեն նաև սպանված ցուլը։ 36Իսկ եթե նախկինում էլ գիտեին, որ ցուլը հարվածող է, և դրա տիրոջը բողոքած են եղել, բայց նա իր ցլին մեջտեղից չի վերացրել, թող ցլի փոխարեն ցուլ տա, իսկ սպանված ցուլը թող նրան տրվի»։
Փոխհատուցման հրահանգները
37 # Որոշ թարգմ. 21.37-22.30-ը համարակալված է որպես 22.1-31։ «Իսկ եթե մեկը արջառ կամ ոչխար գողանա և մորթի կամ վաճառի, ապա մեկ արջառի փոխարեն հինգ արջառ թող հատուցի, իսկ մեկ ոչխարի փոխարեն՝ չորս ոչխար։

Արդեն Ընտրված.

ԵԼՔ 21: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք