ԵԼՔ 28

28
Քահանաների զգեստները
(Ելք 39.1-30)
1«Դու Իսրայելի որդիներից քեզ մոտ կբերես քո եղբայր Ահարոնին, նրա հետ նաև նրա որդիներին, որ ինձ համար քահանայություն անեն Ահարոնը և նրա որդիներ Նադաբը, Աբիուդը, Եղիազարն ու Իթամարը։ 2Քո եղբայր Ահարոնի համար սրբազան զգեստներ կպատրաստես պատվավոր և փառավոր ծառայության համապատասխան։ 3Դու կխոսես մտքով իմաստուն բոլոր մարդկանց հետ, որոնց ես իմաստության հոգով եմ լցրել, որ նրանք Ահարոնի սրբազան հանդերձանքը պատրաստեն, որ դրանք սրբացնեմ և դրանցով նա քահանայության պաշտոն կատարի ինձ համար։ 4Այս է այն հանդերձանքը, որ նրանք պիտի պատրաստեն. լանջապանակը#Գրբ. չունի, ունեն հուն. և եբր.։, պատմուճանը, եփուդը՝ ուսերի և լանջի համար, բեհեզյա շապիկը, խույրը և գոտին։ Սրբազան զգեստներ թող պատրաստեն քո եղբայր Ահարոնի ու նրա որդիների համար, որպեսզի ինձ համար քահանայություն անեն։ 5Նրանք թող վերցնեն ոսկի, կապույտ, ծիրանի ու կարմիր մանվածք և նրբահյուս բեհեզ։
6Եփուդը թող պատրաստեն մաքուր ոսկուց, կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից՝ հմտորեն ասեղնագործված։ 7Թող լինեն երկու կտորներ, որոնք կարող են իրար կապվել երկու ծայրերից։ 8Եփուդի վերևի մասը նույն ձևով պետք է պատրաստված լինի՝ մաքուր ոսկուց, կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից։ 9Զմրուխտե երկու ակնաքար կվերցնես և դրանց վրա կփորագրես Իսրայելի որդիների անունները։ 10Նրանցից վեցի անունները կփորագրես մի ակնաքարի վրա և մյուս վեցինը՝ երկրորդ ակնաքարի վրա՝ ըստ իրենց ցեղերի։ 11Դա ակնագործների արվեստին վայել մի գործ պետք է լինի։ Իսրայելի որդիների անունները կքանդակես երկու ակնաքարերի վրա այնպես, ինչպես կնիքներն են քանդակում։ Դրանց շուրջը ոսկով կզարդարես։ 12Երկու ակնաքարերը կզետեղես եփուդի երկու ուսերի վրա. այդ ակնաքարերը խորհրդանիշ են Իսրայելի որդիների։ Ահարոնը, ի հիշատակ նրանց, Աստծու առաջ իր երկու ուսերի վրա պետք է բարձրացնի Իսրայելի որդիների անունները։ 13Վահանակներ կպատրաստես մաքուր ոսկուց։ 14Կհյուսես երկու շղթա՝ մաքուր ոսկուց, ասեղնագործված ծաղիկներով, և շղթաները կամրացնես օղակներին՝ ուսակապերի մոտ, նրանց առջևի կողմից»։
Լանջապանակը
(Ելք 39.8-21)
15«Դատաստանի լանջապանակը հմտորեն ասեղնագործված կանես եփուդի նման՝ ոսկուց, կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից։ 16Կպատրաստես այն քառակուսի՝ մեկ թիզ երկարությամբ և մեկ թիզ լայնությամբ կտորից։ 17Դրա վրա ակնաքարերը կշարես չորս շարք ընդելուզվածքով։ Ակնաքարերի շարքերն այսպես թող լինեն. առաջինը՝ զմրուխտ, սարդիոն և տպազիոն՝ մեկ շարքով։ 18Երկրորդ շարքը՝ նռնաքար, շափյուղա և հասպիս։ 19Երրորդ շարքը՝ գոճազմ, ագատ և սուտակ։ 20Չորրորդ շարքը՝ հակինթ, բյուրեղ և եղնգաքար։ Դրանք թող դասավորվեն ըստ իրենց նշված շարքերի՝ ընդելուզված, ոսկով ամրացված։ 21Իսրայելի որդիների անուններով փորագրված ակնաքարերը թող լինեն տասներկուսը՝ ըստ նրանց անունների թվի։ Յուրաքանչյուրն ըստ այդ տասներկու ցեղերի թող ունենա իր անունը։ 22Լանջապանակի վրա մաքուր ոսկուց շինված ոլորուն շղթա կպատրաստես։ 23Լանջապանակի վրա երկու շղթա կպատրաստես ոսկուց և երկու ոսկյա օղակներ կամրացնես լանջապանակի երկու ծայրերին։ 24Երկու ոսկե շղթաները կանցկացնես լանջապանակի ծայրերին ամրացված երկու օղակների մեջ։ 25Երկու շղթաների երկու ծայրերը կմտցնես երկու օղակների մեջ և եփուդի առջևի կողմից տանելով՝ կանցկացնես եփուդի հետևի կողմը։ 26Երկու ոսկե օղակներ էլ կպատրաստես և դրանք կամրացնես լանջապանակի ներքևի երկու ծայրերին՝ եփուդին կցված եզրերին։ 27Երկու ոսկե այլ օղակներ կպատրաստես և դրանք կանցկացնես եփուդի երկու ուսերին ներքևի կողմից՝ միմյանց դեմ դիմաց։ Դրա կոճակները թող լինեն եփուդի գոտու վրա։ 28Լանջապանակի ու եփուդի օղակների միջով կապույտ թել անցկացնելով՝ դրանք թող պինդ ամրացվեն իրար այնպես, որ լանջապանակը լինի եփուդի գոտու վրա և եփուդից չառանձնանա։ 29Երբ Ահարոնը սրբարան մտնի, նա իր կրծքի վրա թող կրի Իսրայելի որդիների անուններով քանդակված դատաստանի լանջապանակը, որպեսզի Աստծու առաջ հավիտենապես պահպանի նրանց հիշատակը։ 29աԴատաստանի լանջապանակին կամրացնես շղթաների ծայրերը և լանջապանակի երկու կողմերից կկապես։ Երկու օղակ կդնես եփուդի երկու ուսերին՝ առջևի կողմից և ներքևից։ 30Դատաստանի լանջապանակի վրա կդնես Հայտնությունն ու Ճշմարտությունը#Երկու վիճակաքար, որոնց միջոցով փորձում էին իմանալ Աստծու ցանկությունը։ [𝕸 Ուրիմ և Թումիմ]։ Դա թող լինի Ահարոնի կրծքի վրա, երբ նա, սրբարան մտնելով, ներկայանա Տիրոջը։ Ահարոնը Տիրոջ առաջ իր կրծքի վրա միշտ թող կրի Իսրայելի որդիների դատաստանի լանջապանակը»։
Քահանայական սրբազան այլ զգեստներ
(Ելք 39.22-31)
31«Պատմուճան կպատրաստես ամբողջությամբ կապույտ թելով հյուսված կտավից։ 32Դրա վերին մասը շուրջանակի կլոր կտրելով՝ բացվածք կթողնես։ Միացման տեղերը ամբողջական՝ մեկ կտոր թող լինեն, որպեսզի այդ զգեստը չպատռվի։ 33Պատմուճանի ներքևի քղանցքին մանված կապույտ, ծիրանի ու կարմիր թելերով և նրբահյուս բեհեզով նռան ծաղկաբողբոջներ կգործես։ Դրանք կգործես պատմուճանի ներքևի քղանցքների շուրջբոլորը։ Այդ զարդերը թող ունենան նռան ծաղկաբողբոջի ձևը, և դրանց միջև շուրջանակի ոսկե զանգակներ թող լինեն։ 34Ոսկե զանգակներն ու նռան ծաղկաբողբոջները շուրջանակի թող զարդարեն պատմուճանի ներքևի քղանցքները։ 35Դա թող հագնի Ահարոնը, որպեսզի երբ պաշտամունք է կատարում, Տիրոջ առաջ սրբարան մտնելիս ու ելնելիս լսվեն դրանց արձակած ձայները, և Ահարոնը չմեռնի։
Խույրը
36Մաքուր ոսկուց թիթեղ կպատրաստես և դրա վրա, ինչպես կնիքի վրա են փորագրում, “Ընծայված Տիրոջը” կփորագրես։ 37Այն կամրացնես նրբահյուս կապույտ ժապավենի վրա։ 38Դա կկապես Ահարոնի գլխին դրվող խույրի ճակատին։ Ահարոնը թող իր վրա վերցնի այն բոլոր մեղքերը, որ Իսրայելի որդիները կգործեն սուրբ բաներ ընծայաբերելու ժամանակ։ Դա միշտ Ահարոնի ճակատին պետք է լինի, որպեսզի այդ ընծաները ընդունելի լինեն Տիրոջը։
39Պատմուճանը բեհեզից կպատրաստես։ Բեհեզից կպատրաստես նաև ապարոշն ու նախշազարդ գոտին։
40Ահարոնի որդիների համար պատմուճաններ, գոտիներ ու ապարոշներ կպատրաստես՝ պատվի և փառքի համար։ 41Դրանք կհագցնես քո եղբայր Ահարոնին ու նրա որդիներին։ Կօծես նրանց, կնվիրագործես նրանց ձեռքերն ու կսրբագործես նրանց, որպեսզի ինձ համար քահանայություն անեն։
42Նրանց համար կտավից անդրավարտիքներ կպատրաստես, որպեսզի դրանք, նրանց մեջքից մինչև սրունքները հասնելով, ծածկեն նրանց ամոթույքը։ 43Ահարոնն ու նրա որդիները թող հագնեն այն, երբ մտնեն Վկայության խորանը կամ երբ պաշտամունք կատարելու համար մոտենան սուրբ սեղանին։ Նրանք մեղք թող չգործեն, որպեսզի չմեռնեն։ Դա թող լինի հավիտենական օրենք իր և իրեն հաջորդող սերնդի համար»։

Արդեն Ընտրված.

ԵԼՔ 28: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք