ԵԼՔ 33

33
Մեկնումի հրաման
1Տերն ասաց Մովսեսին. «Ելե՛ք այստեղից դու և քո ժողովուրդը, որին հանեցիր եգիպտացիների երկրից, դեպի այն երկիրը, որ երդվել եմ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին՝ ասելով. “Ձեր զավակներին եմ տալու այն”։ 2Ես քո առջևից կուղարկեմ իմ հրեշտակին, որը կքշի քանանացիներին, ամորհացիներին, քետացիներին, փերեզացիներին, գերգեսացիներին, խևացիներին ու հեբուսացիներին 3և քեզ կտանի այն երկիրը, որ կաթ ու մեղր է բխեցնում։ Բայց ես չեմ գա ձեզ հետ, որովհետև խստապարանոց ժողովուրդ եք, որ չլինի թե ճանապարհին ձեզ կոտորեմ»։ 4Ժողովուրդը, լսելով այդ խիստ խոսքերը, մեծ սուգ արեց, և ոչ ոք իր վրա զարդ չկրեց։ 5Տերն ասաց Մովսեսին. «Ասա՛ Իսրայելի որդիներին. “Դուք խստապարանոց ժողովուրդ եք։ Զգո՛ւյշ եղեք, որ այլ պատուհաս չբերեմ ձեր գլխին և կոտորեմ ձեզ։ Արդ, հանե՛ք ձեր շքեղ պատմուճանները, ձեր զարդերը, և ցույց կտամ ձեզ, թե ի՛նչ եմ անելու ձեզ”»։ 6Եվ Իսրայելի որդիները Քորեբ լեռան մոտ հանեցին իրենց զարդերն ու իրենց պատմուճանները։
Տիրոջ ներկայության խորանը
7Եվ Մովսեսը, վերցնելով իր վրանը, խփեց բանակատեղիից դուրս՝ մեկուսի մի տեղում։ Եվ այն կոչվեց Վկայության խորան։ Ով ինչ հայցում էր Տիրոջից, գալիս էր բանակատեղիից դուրս գտնվող Վկայության խորանը։ 8Երբ Մովսեսը դեպի խորանն էր գնում, ողջ ժողովուրդը, ամեն մեկն իր վրանի դռան մոտ կանգնած, ուշադիր հետևում էր նրան, մինչև որ նա մտնում էր խորանը։ 9Երբ Մովսեսը մտնում էր խորանը, ամպի մի սյուն էր իջնում ու կանգնում խորանի դռանը, և Տերը խոսում էր Մովսեսի հետ։ 10Ողջ ժողովուրդը, տեսնելով խորանի դռանը կանգնած ամպի սյունը, ոտքի էր կանգնում, և յուրաքանչյուրը երկրպագում էր իր վրանի դռան մոտից։ 11Տերը Մովսեսի հետ խոսում էր դեմ հանդիման, ինչպես մեկը կխոսեր իր բարեկամի հետ, և ապա Մովսեսը վերադառնում էր բանակատեղի։ Բայց նրա սպասավոր Հեսուն՝ Նավեի որդին, խորանից չէր հեռանում։
Տերը խոստանում է լինել իր ժողովրդի հետ
12Մովսեսն ասաց Տիրոջը. «Ահա ինձ ասում ես. “Տա՛ր այս ժողովրդին”, բայց դու չես հայտնել, թե ո՛ւմ ես ուղարկելու ինձ հետ։ Դու ինձ ասացիր՝ “Քեզ բոլորից բարձր եմ դասում, և վայելում ես իմ շնորհը”։ 13Արդ, եթե շնորհ եմ գտել քո առաջ, ինձ ցո՛ւյց տուր քո անձը, որպեսզի իմանամ, թե ինչո՛վ եմ արժանացել քո շնորհին, և իմանամ, որ քո այս ժողովուրդը մեծ ազգ է լինելու»։ 14Եվ Տերն ասաց. «Ես ինքս պիտի գնամ քո առջևից և քեզ տեղավորեմ»։ 15Եվ ասաց նրան. «Եթե դու ինքդ մեզ հետ չգաս, ուրեմն մեզ այստեղից մի՛ հանիր։ 16Եվ ինչի՞ց պիտի իմացվի, որ ես ու քո ժողովուրդն իրոք շնորհ ենք գտել քո առաջ։ Եթե դու մեզ հետ գաս, ես ու քո ժողովուրդը կփառավորվենք շատ ավելի, քան երկրի վրա եղած բոլոր ազգերը»։
17Եվ Տերն ասաց Մովսեսին. «Քո այդ ասածն էլ կկատարեմ, որովհետև շնորհ գտար իմ առաջ, և քեզ ավելի եմ գնահատում, քան մյուսներին»։ 18Մովսեսն ասաց. «Ցո՛ւյց տուր ինձ քո փառքը»։ 19Եվ ասաց. «Ես քո առաջ ցույց կտամ իմ փառքը և քեզ կհայտնեմ իմ անունը՝ Տեր. կողորմեմ նրան, ում ողորմելու եմ, և կգթամ նրան, ում գթալու եմ»։ 20Եվ ասաց. «Դու չես կարող տեսնել իմ երեսը, որովհետև մարդ չի կարող տեսնել իմ երեսն ու կենդանի մնալ»։ 21Եվ Տերը շարունակեց. «Ահա իմ առաջ մի տեղ կա. կանգնի՛ր այս ժայռի վրա։ 22Երբ ես անցնեմ իմ փառքով, քեզ կդնեմ ժայռի ծերպի մեջ և իմ ձեռքով կծածկեմ քեզ, մինչև որ անցնեմ։ 23Իմ ձեռքը քո վրայից կվերցնեմ, և ապա դու ինձ կտեսնես թիկունքից։ Բայց իմ դեմքը չես տեսնի»։

Արդեն Ընտրված.

ԵԼՔ 33: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք