ԵԼՔ 34

34
Քարե նոր տախտակները
(Բ Օր. 10.1-5)
1Տերն ասաց Մովսեսին. «Երկու քարե տախտակնե՛ր կոփիր՝ առաջին տախտակների նման, և ինձ մոտ՝ լե՛ռը բարձրացիր, և այդ տախտակների վրա կգրեմ այն պատգամները, որ առաջին տախտակների վրա էին, որոնք ջարդուփշուր արեցիր։ 2Պատրա՛ստ եղիր. առավոտյան բարձրանալու ես Սինա լեռը և այնտեղ ինձ սպասելու ես լեռան գագաթին։ 3Քեզ հետ ոչ ոք թող չբարձրանա և լեռան վրա ոչ ոք թող չերևա։ Նույնիսկ արջառ ու ոչխար թող չարածեն լեռան մոտ»։ 4Եվ Մովսեսը քարե երկու տախտակներ կոփեց առաջին տախտակների նմանությամբ և վաղ առավոտյան վեր կենալով՝ բարձրացավ Սինա լեռը, ինչպես հրամայել էր իրեն Տերը. Մովսեսն իր հետ վերցրեց քարե երկու տախտակները։ 5Տերն իջավ ամպով, կանգնեց այնտեղ՝ նրա դիմաց, ու կոչեց իր անունը՝ Տեր։ 6Եվ Տերն անցավ Մովսեսի առջևից՝ ասելով. «Տերը՝ Աստված, գթացող է և ողորմած, երկայնամիտ, բազումողորմ ու ճշմարիտ, 7որ պաշտպանում է արդարությունը և ողորմություն է անում հազարավոր մարդկանց, վերացնում է անօրենությունները, անիրավություններն ու մեղքերը, մեղավորին չի ազատում պատժից, հայրերի գործած մեղքերը բարդում է որդիների և որդիների որդիների վրա մինչև երրորդ ու չորրորդ սերունդը»։ 8Մովսեսը, իսկույն խոնարհվելով, երկրպագություն արեց 9ու ասաց. «Տե՛ր, եթե շնորհ գտա քո առաջ, ուրեմն Տերը մեզ հետ թող շարժվի, որովհետև այս ժողովուրդը խստապարանոց է։ Դու կներես մեր անօրենություններն ու մեղքերը, և մենք կլինենք քոնը»։
Ուխտի նորոգումը
(Ելք 23.14-19, Բ Օր. 7.1-5, 16.1-17)
10Տերն ասաց Մովսեսին. «Ահա ես քեզ հետ ուխտ եմ կապում։ Քո ողջ ժողովրդի առաջ այնպիսի հրաշքներ պիտի անեմ, որ ամբողջ երկրի վրա և բոլոր ազգերի մեջ չեն կատարվել, և ողջ ժողովուրդը, որոնց մեջ դու ես, տեսնելու է Տիրոջ գործերը։ Որովհետև իմ արածները ձեզ համար զարմանալի պիտի լինեն։ 11Ուշադի՛ր եղիր, թե ի՛նչ եմ պատվիրում քեզ այսօր։ Ահա ես ձեզնից վանելու եմ ամորհացիներին, քանանացիներին, քետացիներին, փերեզացիներին, խևացիներին, գերգեսացիներին ու հեբուսացիներին։ 12Զգո՛ւյշ եղիր. ուխտ չկապես այն երկրի բնակիչների հետ, ուր մուտք ես գործելու, որպեսզի հանկարծ գայթակղություն չլինի։ 13Քարուքանդ կանեք նրանց բագինները, կփշրեք նրանց արձանները, կջարդեք նրանց պաշտամունքային փայտե սյուները [𝕸 Աշերայն] և հրով կայրեք նրանց աստվածների արձանները։ 14Օտար աստվածների չերկրպագեք, որովհետև Տերը անունն է պահանջկոտ Աստծու. Աստված նախանձախնդիր է։ 15Չլինի թե ձեր մարդիկ ուխտ կապեն այդ երկրի բնակիչների հետ և նրանց աստվածներին պաշտամունք մատուցելով՝ պոռնկանան ու զոհեր մատուցեն նրանց աստվածներին և հրավիրեն քեզ, ու ուտես նրանց զոհերից։ 16Եվ նրանց դուստրերին առնես ձեր տղաների համար և քո դուստրերին կնության տաս նրանց տղաներին, և այդպիսով քո դուստրերը, նրանց հետ նրանց աստվածներին պաշտամունք մատուցելով, պոռնկանան, և կամ պոռնկացնեն քո տղաներին՝ իրենց աստվածներին պաշտամունք մատուցելով։ 17Քեզ համար կուռք աստվածներ չձուլես։
18Կպահես Բաղարջակերաց տոնը. Կանխոց ամսին, ինչպես պատվիրել եմ քեզ, յոթ օր բաղարջ հաց կուտես, քանի որ Կանխոց ամսին ես դուրս եկել Եգիպտոսից։
19Արգանդ բացող բոլոր արուները ինձ պիտի պատկանեն, 20ինչպես նաև քո անասունների արուները՝ արջառի առաջնածինն ու ոչխարի առաջնածինը։ Էշի առաջնածինին կփրկագնես գառով, իսկ եթե չփրկագնես այն, կվճարես դրա արժեքը։ Քո որդիների բոլոր անդրանիկների համար փրկագին պիտի տաս։
Իմ առաջ ձեռնունայն չերևաս։
21Վեց օր կաշխատես, իսկ յոթերորդ օրը կհանգստանաս։ Կհանգստանաս նաև ցանքի ու հնձի ժամանակ։
22Յոթօրյակի տոնը ինձ համար կկատարես ցորենի հնձի սկզբում, իսկ բերքահավաքի տոնը՝ տարվա կեսին։
23Տարին երեք անգամ քո բոլոր արու զավակները թող ներկայանան Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն, 24որովհետև ես ազգեր պիտի հեռացնեմ քո առաջից, պիտի ընդարձակեմ քո սահմանները, և ոչ ոք աչք չպիտի ունենա քո երկրի վրա, եթե տարվա մեջ երեք անգամ ներկայանաս Տիրոջը՝ Աստծուն։
25Իմ զոհերի արյունը խմորի հետ չմատուցեք, և զատկի տոնի զոհը մինչև առավոտ չմնա։
26Քո երկրի առաջին բերքը կտանես Տիրոջ՝ քո Աստծու տունը։
Գառն իր մոր կաթի մեջ չեփես»։
27Տերն ասաց Մովսեսին. «Գրի՛ առ այդ պատգամները, որովհետև այդ խոսքերով եմ ուխտ կապում քեզ հետ և Իսրայելի հետ»։
28Մովսեսը Տիրոջ առջև էր քառասուն օր ու քառասուն գիշեր։ Նա հաց չկերավ, ջուր չխմեց և տախտակների վրա գրի առավ ուխտի խոսքերը՝ տասը պատվիրանները։
Մովսեսն իջնում է Սինա լեռից
29Մովսեսն իջնում էր Սինա լեռից, և ուխտի երկու տախտակները նրա ձեռքին էին։ Լեռից իջնելիս Մովսեսը չգիտեր, որ Տիրոջ հետ խոսելու պատճառով իր երեսը ճառագում է։ 30Ահարոնն ու Իսրայելի բոլոր որդիները տեսան, որ նրա երեսի գույնը լուսափայլ էր, և վախեցան մոտենալ նրան։ 31Մովսեսը կանչեց նրանց. Ահարոնն ու ժողովրդի բոլոր իշխանները եկան նրա մոտ, և Մովսեսը խոսեց նրանց հետ։ 32Ապա նրան մոտեցան Իսրայելի բոլոր որդիները, և պատմեց նրանց այն ամենը, ինչ Տերը խոսել էր իր հետ Սինա լեռան վրա։ 33Երբ Մովսեսն իր խոսքն ավարտեց, երեսը ծածկեց քողով։ 34Երբ Մովսեսը Տիրոջ հետ խոսելու համար ներկայանում էր նրան, հանում էր քողը մինչև այնտեղից հեռանալը։ Եվ երբ հեռանում էր այնտեղից, նա Իսրայելի բոլոր որդիներին հաղորդում էր այն, ինչ Տերը հրամայել էր իրեն։ 35Իսրայելի որդիները տեսնում էին, որ Մովսեսի երեսը ճառագում է։ Մովսեսը քողով ծածկում էր երեսը մինչև խոսելու համար Տիրոջ մոտ մտնելը։

Արդեն Ընտրված.

ԵԼՔ 34: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք