ԾՆՈՒՆԴ 18

18
Երեք հրեշտակների այցը Աբրահամին
1Աստված երևաց Աբրահամին Մամբրեի կաղնու մոտ, մինչ նա կեսօրին նստած էր իր վրանի մուտքի մոտ։ 2Աբրահամը, բարձրացնելով աչքերը, տեսավ իր դիմաց կանգնած երեք տղամարդկանց։ Նրանց տեսնելուն պես իր վրանի մուտքից ընդառաջ գնաց նրանց, մինչև գետին խոնարհվեց 3ու ասաց. «Տե՛ր, եթե շնորհ գտա քո առաջ, քո ծառային մի՛ անտեսիր, 4թող մի քիչ ջուր բերեն՝ ձեր ոտքերը լվալու, ապա զովացե՛ք այս ծառի տակ։ 5Հաց բերեմ, կերե՛ք և ապա գնացե՛ք ձեր ճանապարհով, որովհետև ձեր ծառայի մոտ գալու համար շեղեցիք ձեր ճանապարհը»։ Նրանք պատասխանեցին. «Արա՛ այնպես, ինչպես ասացիր»։ 6Աբրահամը շտապեց դեպի վրանը՝ Սառայի մոտ, և նրան ասաց. «Շտապի՛ր, երեք գրիվ նաշի՛հ հունցիր ու նկանա՛կ պատրաստիր»։ 7Ապա Աբրահամը վազեց դեպի նախիրը, ընտրեց մի մատղաշ, լավ հորթ, տվեց մի ծառայի ու հանձնարարեց շտապ պատրաստել այն։ 8Վերցրեց կարագ, կաթ ու եփված հորթը և դրեց նրանց առաջ։ Նրանք կերան, մինչ ինքը կանգնած էր նրանց առաջ՝ ծառի տակ։
9Եվ հարցրեց նրան. «Որտե՞ղ է Սառան՝ քո կինը»։ Նա պատասխանեց. «Ահա վրանում է»։ 10Եվ ասաց. «Երբ եկող տարի այս օրերին դարձյալ գամ քեզ մոտ, քո կին Սառան որդի ունեցած կլինի»։ Սա լսեց նաև Սառան, որ կանգնած էր նրա հետևում՝ վրանի մուտքի մոտ։ 11Եվ քանի որ Աբրահամն ու Սառան ծերացել էին, օրերն անցել էին, իսկ Սառան կորցրել էր ծննդաբերելու կարողությունը, 12Սառան ծիծաղեց իր մտքում և ասաց. «Այն, ինչ մինչև այժմ ինձ հետ չկատարվեց, հիմա՞ պիտի կատարվի, երբ իմ ամուսինն էլ է ծերացել»։ 13Եվ Տերն ասաց Աբրահամին. «Ինչո՞ւ Սառան ծիծաղեց իր մտքում և ասաց՝ “Իրո՞ք կծնեմ. չէ՞ որ ես պառավել եմ”։ 14Մի՞թե Աստծու համար անկարելի բան կա։ Եկող տարի այս ժամանակ՝ այս օրերին, ես կվերադառնամ քեզ մոտ, և Սառան որդի ունեցած կլինի»։ 15Սառան, քանի որ վախեցել էր, ժխտեց՝ ասելով. «Ես չծիծաղեցի»։ Եվ Տերն ասաց. «Ո՛չ, ծիծաղեցիր»։
Սոդոմի և Գոմորի կործանումը
16Այնտեղից վեր կենալով՝ նրանք ուղղվեցին դեպի Սոդոմ և Գոմոր, իսկ Աբրահամը նրանց հետ գնաց՝ ճանապարհելու։ 17Տերն ասաց. «Ես իմ ծառա Աբրահամից մի՞թե գաղտնի կպահեմ այն, ինչ անելու եմ։ 18Աբրահամը մեծ և բազմանդամ ազգ է լինելու անշուշտ, և նրանով կօրհնվեն երկրի բոլոր ազգերը. 19որովհետև գիտեի, որ նա իր որդիներին ու իր հետնորդներին պատվիրելու է Տիրոջ ճանապարհով ընթանալ և արդարությունն ու իրավունքը գործել։ Եվ Տերը՝ Աստված, Աբրահամին կտա այն ամենը, ինչ խոստացել է»։ 20Այնուհետև Տերն ասաց. «Սոդոմացիների ու գոմորացիների դեմ բողոքն ուժեղացավ. նրանց մեղքերը չափազանց շատ են։ 21Արդ, իջնեմ տեսնելու, թե ինձ հասած բողոքը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ։ Ցանկանում եմ այդ ճշտել»։ 22Այնտեղից շրջվելով՝ նրանք եկան Սոդոմ։
Աբրահամը կանգնած էր Տիրոջ առջև։ 23Նա մոտեցավ ու ասաց. «Մի՞թե դու արդարին ամբարիշտի հետ կոչնչացնես, և արդարը կնույնացվի ամբարիշտի հետ։ 24Եթե քաղաքում հիսուն արդար լինի, կոչնչացնե՞ս նրանց, չե՞ս խնայի այս վայրը հանուն այնտեղ գտնվող հիսուն արդարների։ 25Անկարելի է, որ այդպիսի բան անես՝ արդարին սպանես ամբարիշտի հետ, և արդարը նույնացվի ամբարիշտի հետ. անկարելի է, դու, որ դատում ես ողջ աշխարհը, այդպիսի դատաստան չես անի»։ 26Տերն ասաց. «Եթե Սոդոմ քաղաքում հիսուն արդար գտնվի, հանուն նրանց ես կխնայեմ այս վայրը»։ 27Աբրահամը պատասխանեց՝ ասելով. «Հիմա համարձակվում եմ խոսել Տիրոջ հետ, թեև ես հող եմ և մոխիր։ 28Եթե հիսուն արդարները պակասեն հինգ հոգով, այդ հինգի պատճառով կկործանե՞ս ողջ քաղաքը»։ Եվ ասաց. «Չեմ կործանի, եթե այնտեղ քառասունհինգ արդար գտնվի»։ 29Եվ շարունակեց խոսել նրա հետ ու ասաց. «Իսկ եթե այնտեղ քառասո՞ւնը գտնվեն»։ Ասաց. «Չեմ կործանի հանուն քառասունի»։ 30Եվ ասաց. «Տե՛ր, մի՞թե կբարկանաս, եթե շարունակեմ խոսել. իսկ եթե այնտեղ երեսո՞ւնը գտնվեն»։ Եվ ասաց. «Կորստյան չեմ մատնի, եթե այնտեղ երեսունը գտնվեն»։ 31Եվ ասաց. «Քանի համարձակվել եմ խոսել Տիրոջ հետ, ասեմ. իսկ եթե այնտեղ քսա՞նը գտնվեն»։ Եվ ասաց. «Կորստյան չեմ մատնի հանուն քսանի»։ 32Եվ ասաց. «Տե՛ր, գուցե բարկանա՞ս, եթե մեկ անգամ ևս խոսեմ. իսկ եթե այնտեղ տա՞սը գտնվեն»։ Եվ ասաց. «Կորստյան չեմ մատնի հանուն տասի»։ 33Եվ Տերը, Աբրահամի հետ վերջացնելով խոսակցությունը, գնաց, իսկ Աբրահամը վերադարձավ իր տուն։

Արդեն Ընտրված.

ԾՆՈՒՆԴ 18: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք