ԾՆՈՒՆԴ 19

19
1Երկու հրեշտակները երեկոյան եկան Սոդոմ։ Ղովտը նստած էր Սոդոմի մուտքի մոտ։ Երբ Ղովտը տեսավ, ոտքի ելավ նրանց դիմավորելու, խոնարհվեց մինչև գետին 2ու ասաց. «Համեցե՛ք, տիա՛րք, եկեք ձեր ծառայի տուն, հանգստացե՛ք, լվացե՛ք ձեր ոտքերը և վաղ առավոտյան կշարունակեք ձեր ճանապարհը»։ Նրանք ասացին. «Ո՛չ, հրապարակում կգիշերենք»։ 3Ղովտը նրանց շատ ստիպեց, և նրանք փոխեցին իրենց ուղղությունն ու մտան նրա տուն։ Նրանց համար ընթրիք պատրաստեց, բաղարջ հաց թխեց, և կերան։ 4Նրանք դեռ քուն չէին մտել, երբ Սոդոմ քաղաքի տղամարդիկ՝ երիտասարդից մինչև ծեր, ամբողջ ժողովուրդը միասին շրջապատեցին տունը, 5Ղովտին դուրս կանչեցին ու հարցրին նրան. «Որտե՞ղ են այն տղամարդիկ, որ գիշերը քեզ մոտ եկան։ Նրանց բե՛ր մեզ մոտ, որ կենակցենք նրանց հետ»։ 6Ղովտը, դուռն իր հետևից փակելով, դուրս եկավ բակ՝ նրանց մոտ, 7և ասաց նրանց. «Ո՛չ, եղբայրնե՛ր, մի՛ գործեք այդ չարիքը։ 8Ես երկու դուստր ունեմ, որոնց տղամարդ չի մոտեցել։ Նրանց բերեմ ձեզ մոտ, և նրանց հետ վարվե՛ք այնպես, ինչպես հաճելի է ձեզ, միայն թե այդ մարդկանց նկատմամբ որևէ մեղք մի՛ գործեք, որովհետև նրանք մտել են իմ հարկի տակ»։ 9Նրանք ասացին. «Հեռո՛ւ կաց։ Իբրև պանդուխտ ես բնակվում. մի՞թե դատաստան էլ ես ուզում տեսնել։ Հիմա քեզ ավելի շատ կչարչարենք, քան նրանց»։ Նրանք հարձակվեցին այդ մարդու՝ Ղովտի վրա, և քիչ էր մնացել, որ ջարդեին դուռը։ 10Ներսի մարդիկ, իրենց ձեռքերը մեկնելով, Ղովտին իրենց մոտ՝ տուն քաշեցին և տան դռները փակեցին, 11իսկ դռան մոտ գտնվող մարդկանց՝ փոքրից մինչև մեծ, կուրացրին, և սրանք հոգնեցին դուռը փնտրելուց։
12Այդ մարդիկ Ղովտին հարցրին. «Այս քաղաքում դու փեսա, որդիներ, դուստրեր կամ ուրիշ որևէ մեկն ունե՞ս։ Նրանց հանի՛ր այս վայրից, 13որովհետև մենք կործանելու ենք այս քաղաքը, քանի որ սրանց նկատմամբ բողոքը հասել է Տիրոջը, և Տերը մեզ ուղարկել է, որ կործանենք այն»։ 14Ղովտը գնաց իր փեսացուների մոտ, որոնք առնելու էին իր դուստրերին, և ասաց նրանց. «Վե՛ր կացեք և հեռացե՛ք այստեղից, որովհետև Տերը կործանելու է այս քաղաքը»։ Սակայն փեսացուներին ծիծաղելի թվաց այդ։ 15Երբ լույսը բացվեց, հրեշտակներն սկսեցին շտապեցնել Ղովտին՝ ասելով. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ կնոջդ ու երկու դուստրերիդ և հեռացի՛ր այստեղից, որ դու էլ չկորչես այս քաղաքի անօրենության պատճառով»։ 16Նրանք իրար անցան։ Եվ քանի որ Տերը խնայել էր Ղովտին, հրեշտակները բռնեցին նրա, նրա կնոջ ու երկու դուստրերի ձեռքից և նրանց քաղաքից դուրս հանեցին։ 17Երբ նրանց դուրս հանեցին, ասացին. «Փրկի՛ր կյանքդ, հետ չնայես և կանգ չառնես այս շրջակայքում։ Փախի՛ր լեռը, որպեսզի մյուսների հետ չկործանվես»։ 18Ղովտն ասաց նրանց. «Աղաչում եմ, Տե՛ր, 19քո ծառան ողորմություն գտավ քո առաջ, և իմ նկատմամբ ցույց տվեցիր քո արդարությունը՝ փրկելով իմ անձը, բայց ես չեմ կարողանա փախչել լեռը, և գուցե կործանումն ինձ հասնի, և մեռնեմ։ 20Ահա այս փոքր քաղաքը մոտ է, և կկարողանամ այնտեղ հասնել ու կփրկվեմ. չէ՞ որ փոքր է։ Եվ կփրկվեմ քո շնորհիվ»։ 21Եվ ասաց նրան. «Ահա ես շնորհ եմ անում քեզ և քո այդ ասածին անսալով՝ չեմ կործանի այն քաղաքը, որի մասին ասացիր։ 22Արդ, շտապ փախի՛ր այնտեղ, որովհետև ոչինչ անել չեմ կարող, մինչև որ դու այնտեղ հասնես»։ Դրա համար էլ նա այդ քաղաքի անունը կոչեց Սեգովր։
23Արևը ծագեց երկրի վրա, և Ղովտը մտավ Սեգովր։ 24Այն ժամանակ Տերը երկնքից ծծումբ և հուր թափեց Սոդոմի ու Գոմորի վրա, 25կործանեց այդ քաղաքներն ու դրանց ամբողջ շրջակայքը, ոչնչացրեց քաղաքների բոլոր բնակիչներին ու հողի ողջ բուսականությունը։ 26Ղովտի կինը հետ նայեց և աղե արձան դարձավ։
27Առավոտյան Աբրահամը վեր կացավ և գնաց այն տեղը, որտեղ կանգնել էր Տիրոջ առջև, 28նայեց Սոդոմի ու Գոմորի կողմն ու շրջակա տարածքներին և տեսավ, թե ինչպես էր երկրից բոց բարձրանում հնոցի ծխի պես։
29Երբ Տերը կործանեց շրջակայքի բոլոր քաղաքները, հիշեց Աբրահամին և փրկեց Ղովտին, երբ կործանում էր այն քաղաքները, որտեղ Ղովտն էր բնակվում։
Մովաբացիների և ամովնացիների ծագումը
30Ղովտը ելավ Սեգովրից և բնակություն հաստատեց լեռան վրա իր երկու դուստրերի հետ, որովհետև վախեցավ մնալ Սեգովրում։ Նա իր երկու դուստրերի հետ բնակվեց մի քարայրում։ 31Ավագ դուստրն ասաց կրտսերին. «Մեր հայրը ծերացել է, և այստեղ չկա մեկը, որ մեզ հետ մերձենա, ինչպես ողջ երկրի կարգն է։ 32Արի գինի խմեցնենք մեր հորը, քնենք նրա հետ և մեր հորից զավակ ունենանք»։ 33Նրանք այդ գիշեր իրենց հորը գինի խմեցրին, և ավագը այդ գիշեր մերձեցավ իր հոր հետ։ Ղովտը չիմացավ ո՛չ նրա պառկելու, ո՛չ վեր կենալու մասին։ 34Հաջորդ օրը ավագն ասաց կրտսերին. «Ահա ես երեկ քնեցի իմ հոր հետ։ Արի նրան այս գիշեր էլ գինի խմեցնենք, և դու մտի՛ր, քնի՛ր նրա հետ, ու զավակ ունենանք մեր հորից»։ 35Այդ գիշեր էլ գինի խմեցրին իրենց հորը, և կրտսերը քնեց իր հոր հետ։ Ղովտը չիմացավ նրա ո՛չ պառկելու, ո՛չ վեր կենալու մասին։ 36Ղովտի երկու դուստրերն էլ հղիացան իրենց հորից։ 37Ավագը որդի ծնեց և նրա անունը դրեց Մովաբ՝ ասելով. «Իմ հորից է»։ Նա այսօրվա մովաբացիների նախահայրն է։ 38Կրտսերը նույնպես որդի ծնեց և նրա անունը դրեց Ամման՝ ասելով. «Իմ ազգականի որդի է»։ Նա այսօրվա ամովնացիների նախահայրն է։

Արդեն Ընտրված.

ԾՆՈՒՆԴ 19: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք