ԾՆՈՒՆԴ 32

32
1 # Որոշ թարգմ. 32.1-33 համարակալված է որպես 31.55-32.32։ Լաբանն առավոտյան վեր կացավ, համբուրեց իր թոռներին ու դուստրերին, օրհնեց նրանց և վերադարձավ իր բնակատեղին։
2Հակոբը շարունակեց իր ճանապարհը։ Հայացքը բարձրացրեց և տեսավ Աստծու բանակը բանակած։ Նրան ընդառաջ եկան Աստծու հրեշտակները։ 3Հակոբը, նրանց տեսնելով, ասաց. «Այս բանակը Աստծունն է», և այդ վայրի անունը դրեց Բանակատեղիներ [𝕸 Մախանայմ
4Հակոբն իրենից առաջ բանագնացներ ուղարկեց իր եղբայր Եսավի մոտ՝ Սեիր երկիրը, Եդովմ աշխարհը, 5պատվեր տվեց նրանց ու ասաց. «Այսպե՛ս կասեք իմ տեր Եսավին, թե այսպես է ասում քո ծառա Հակոբը. “Լաբանի մոտ ապրեցի մինչև այժմ։ 6Ձեռք բերեցի արջառներ, ոչխարներ, էշեր, ծառաներ ու աղախիններ։ Հիմա լուր եմ ուղարկում իմ տեր Եսավին, որ քո ծառան շնորհ գտնի քո առաջ”»։ 7Բանագնացները, Հակոբի մոտ վերադառնալով, ասացին. «Գնացինք քո եղբայր Եսավի մոտ, և ահա նա չորս հարյուր տղամարդկանցով ընդառաջ է գալիս քեզ»։ 8Հակոբը վախեցավ ու կասկածանքի մեջ ընկավ։ Նա իր հետ եղած ժողովրդին, արջառները, ոչխարները և ուղտերը բաժանեց երկու մասի։ 9Հակոբը մտածեց. «Եթե Եսավը գա և ջարդի մի բանակը, ապա երկրորդ բանակը կփրկվի»։ 10Եվ Հակոբն ասաց. «Իմ նախահայր Աբրահամի՛ Աստված, իմ հայր Իսահակի՛ Աստված, Տե՛ր, որ ինձ ասացիր՝ “Գնա՛ քո ծննդյան երկիրը, և քեզ բարիք կանեմ”։ 11Բավական են ինձ այն ողջ արդարությունն ու բարերարությունը, որ արեցիր քո ծառային, որովհետև ցուպը ձեռքիս անցա Հորդանանի այս կողմը, իսկ հիմա երկու բանակ եմ դարձել։ 12Փրկի՛ր ինձ իմ եղբայր Եսավի ձեռքից, որովհետև ես նրանից վախենում եմ. գուցե գալով ոչնչացնի ինձ ու մայրերին՝ իրենց երեխաների հետ։ 13Դու ասացիր. “Բարեհաճ կլինեմ քո նկատմամբ և քո սերունդները ծովի ավազի պես կբազմացնեմ, այնքան, որ հնարավոր չլինի նրանց հաշվել”»։
14Այդ գիշեր Հակոբը քնեց այնտեղ։ Նա իր հետ բերածներից իր եղբայր Եսավին իբրև ընծա ուղարկեց 15երկու հարյուր այծ, քսան նոխազ, երկու հարյուր մաքի, քսան խոյ, 16երեսուն ուղտ՝ իրենց նորածին ձագերի հետ, քառասուն կով և տասը ցուլ, քսան էշ և տասը քուռակ։ 17Ամեն մի հոտ առանձին հանձնեց իր ծառաներին և նրանց ասաց. «Դուք ինձնից առա՛ջ ընկեք և հոտերի միջև հեռավորություն թողնելով՝ տարե՛ք»։ 18Նա առաջինին պատվիրեց՝ ասելով. «Եթե քեզ հանդիպի իմ եղբայր Եսավը և հարցնի՝ “Ո՞ւմն ես և ո՞ւր ես գնում, և ո՞ւմ է պատկանում այս հոտը, որ քո առջևից է գնում”, 19կասես՝ “Քո ծառա Հակոբի ընծաներն են, որ ուղարկել է իր տեր Եսավին, իսկ ինքը գալիս է մեր հետևից”»։ 20Եվ առաջինին, երկրորդին, երրորդին ու բոլոր նրանց, ովքեր հոտերի հետ գնում էին առջևից, ասաց. «Այսպե՛ս կասեք Եսավին, երբ նրան հանդիպեք։ 21Կասեք՝ “Ահա քո ծառա Հակոբը գալիս է մեր հետևից”»։ Այդպես արեց՝ մտածելով. «Նրան կմեղմեմ այն ընծաներով, որ ուղարկում եմ ինձնից առաջ, և ապա կհանդիպեմ նրան. թերևս ընդունի ինձ»։ 22Եվ այսպես ընծաներն ուղարկեց իրենից առաջ, իսկ ինքն այդ գիշեր քնեց այնտեղ՝ իջևանում։ 23Նույն գիշերը վեր կենալով՝ նա վերցրեց իր երկու կանանց, երկու աղախիններին ու տասնմեկ որդիներին ու անցավ Հաբոկ գետի ծանծաղուտով։ 24Նա նրանց ու իր ունեցվածքն անցկացրեց գետով։
Հակոբը գոտեմարտում է Փանուելում
25Հակոբը մնաց միայնակ ու մինչև առավոտ մարտնչեց մի մարդու հետ։ 26Երբ մարդը տեսավ, որ չի կարողանում հաղթել նրան, կռվի ընթացքում բռնեց Հակոբի ազդրի ջլերը և ընդարմացրեց դրանք։ 27Եվ Հակոբին ասաց. «Թո՛ւյլ տուր՝ գնամ, որովհետև արդեն լուսացավ»։ Հակոբը պատասխանեց. «Թույլ չեմ տա՝ գնաս, մինչև որ ինձ չօրհնես»։ 28Մարդն ասաց նրան. «Ի՞նչ է քո անունը»։ Նա պատասխանեց՝ Հակոբ։ 29Եվ Հակոբին ասաց. «Այսուհետև Հակոբ չես կոչվելու, այլ Իսրայել, որովհետև դիմացար Աստծու հետ մաքառելիս, ուստի մարդկանց նկատմամբ էլ ուժեղ լինես»։ 30Հակոբը հարցրեց. «Հայտնի՛ր ինձ քո անունը»։ Նա ասաց. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը», և օրհնեց նրան։ 31Հակոբն այդ տեղն անվանեց Տեսիլ Աստծու [𝕸 Պնիէլ], որովհետև «Աստծուն դեմ առ դեմ տեսա և ողջ մնացի»։ 32Երբ Աստծու տեսիլն անցավ, արևը ծագեց. Հակոբը կաղում էր իր ազդրից։ 33Այդ պատճառով էլ Իսրայելի որդիները մինչև այսօր չեն ուտում ազդրի ջլերը, որ ընդարմացրեց, և որոնք գտնվում են ազդրի միացման վրա, քանի որ բռնել էր Հակոբի ազդրի ջլերը և ընդարմացրել դրանք։

Արդեն Ընտրված.

ԾՆՈՒՆԴ 32: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք