ԾՆՈՒՆԴ 33

33
Հակոբի և Եսավի հանդիպումը
1Հակոբն աչքերը բարձրացրեց ու տեսավ իր եղբայր Եսավին, որ գալիս էր չորս հարյուր հոգով։ Նա իր երեխաներին բաժանեց Լիայի, Ռաքելի և երկու աղախինների միջև։ 2Երկու աղախիններին ու նրանց որդիներին կանգնեցրեց առջևում, ապա՝ Լիային ու նրա որդիներին, իսկ ամենավերջում՝ Ռաքելին ու Հովսեփին։ 3Ինքը անցավ նրանցից առաջ և մինչ եղբորը մոտենալը յոթ անգամ մինչև գետին խոնարհվեց։ 4Եսավը վազեց նրան ընդառաջ, գրկեց նրան և համբուրեց, ընկավ նրա պարանոցին, համբուրեց նրան, և երկուսով լաց եղան։ 5Վեր նայելով՝ Եսավը տեսավ կանանց ու երեխաներին և հարցրեց. «Սրանք քո ի՞նչն են»։ Հակոբը պատասխանեց. «Իմ երեխաներն են, որոնցով Աստված ողորմեց ինձ՝ քո ծառային»։ 6Աղախիններն ու նրանց որդիները մոտեցան ու խոնարհվեցին նրա առաջ։ 7Մոտեցան նաև Լիան ու իր որդիները և խոնարհվեցին նրա առաջ։ Ապա մոտեցան Հովսեփն ու Ռաքելը և խոնարհվեցին նրա առաջ։ 8Ապա Եսավը հարցրեց. «Իսկ ի՞նչ էին այն բոլոր գնացողները, որ ինձ հանդիպեցին»։ Նա պատասխանեց. «Որպեսզի քո ծառան շնորհ գտնի քո առաջ»։ 9Եսավն ասաց. «Ես էլ շատ ունեմ, եղբա՛յր, քոնը թող քեզ մնա»։ 10Հակոբն ասաց. «Այդպես չէ. եթե շնորհ գտա քո առաջ, ուրեմն ընդունի՛ր իմ ընծաները, որովհետև երբ քո դեմքը տեսա, կարծես թե Աստծու դեմքը տեսնեի։ Ինձ բարությամբ ընդունեցիր, 11ընդունի՛ր և իմ ընծաները, որ մատուցեցի քեզ, որովհետև ողորմեց ինձ Աստված, և ես ամեն ինչ ունեմ»։ Հակոբն ստիպեց նրան, և նա ընդունեց։ 12Եսավն ասաց. «Շարժվենք և ուղիղ գնանք»։ 13Սակայն Հակոբը նրան ասաց. «Իմ տերը գիտի, որ երեխաներս դեռահաս են, իսկ ոչխարներն ու արջառները, որ սնում են իրենց ձագերին, եթե մի օրվա ճանապարհ գնան, ապա բոլորը կսատկեն։ 14Իմ տերն իր ծառայի առջևից թող գնա, իսկ ես ըստ իմ կարողության ու իմ առջևից գնացողների ընթացքի, ըստ իմ երեխաների զորության կշարժվեմ, մինչև որ Սեիրում հասնեմ իմ տիրոջը»։ 15Եսավը հարցրեց. «Քեզ մոտ թողնե՞մ ինձ հետ եղած մարդկանց մի մասին»։ Նա պատասխանեց. «Ի՞նչ կարիք կա։ Բավական է, որ շնորհ գտա քո առաջ, տե՛ր»։ 16Այդ օրը Եսավն իր ճանապարհով վերադարձավ Սեիր, 17իսկ Հակոբը գնաց Վրաններ [𝕸 Սոկկոտ], այնտեղ իր համար կացարաններ կանգնեցրեց, իսկ իր հոտերի համար փարախներ շինեց։ Այդ պատճառով էլ այդ վայրը կոչեց Վրաններ։
18Ասորիների Միջագետքից վերադառնալով՝ Հակոբը եկավ սյուքեմացիների Սաղեմ քաղաքը, որը գտնվում էր քանանացիների երկրում, և բնակվեց քաղաքի դիմաց։ 19Նա Եմովրից՝ Սյուքեմի հորից, հարյուր ոչխարով մի կալվածք գնեց, որտեղ և հաստատեց իր վրանը։ 20Նա այնտեղ զոհասեղան կանգնեցրեց և կանչեց Իսրայելի Աստծու անունը։

Արդեն Ընտրված.

ԾՆՈՒՆԴ 33: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք