ԾՆՈՒՆԴ 46

46
Իսրայելի էջքը Եգիպտոս
1Իսրայելն իր ամբողջ ունեցվածքով ճանապարհ ընկավ և եկավ Երդման ջրհորի մոտ, որտեղ զոհ մատուցեց իր հոր՝ Իսահակի Աստծուն։ 2Այնտեղ Աստված գիշերը երազի մեջ խոսեց Իսրայելի հետ և ասաց. «Հակո՛բ, Հակո՛բ»։ Նա հարցրեց. «Ո՞վ ես»։ 3Աստված ասաց. «Ես քո հայրերի Աստվածն եմ։ Մի՛ վախեցիր Եգիպտոս իջնելուց, որովհետև այնտեղ քեզ մեծ ազգ եմ դարձնելու։ 4Ես քեզ հետ կիջնեմ Եգիպտոս և վերջում քեզ դարձյալ հետ կբերեմ։ Եվ Հովսեփն իր ձեռքով կփակի քո աչքերը»։ 5Եվ Հակոբը Երդման ջրհորից մեկնեց։ Իսրայելի որդիներն իրենց հորը՝ Հակոբին, իրենց կահ-կարասին ու կանանց տեղավորեցին այն սայլերի վրա, որ ուղարկել էր Հովսեփը՝ նրան բերելու համար։ 6Հակոբն ու նրա ժառանգները, վերցնելով իրենց ունեցվածքն ու քանանացիների երկրում ձեռք բերած ամեն ինչ, իջան Եգիպտոս։ Հակոբը Եգիպտոս բերեց իր ողջ սերնդին՝ 7իր որդիներին ու որդիների որդիներին, իր դուստրերին ու դուստրերի դուստրերին։
8Իսրայելի որդիների անունները, որոնք մտան Եգիպտոս, սրանք են՝ Հակոբն ու իր որդիները. Ռուբենը՝ Հակոբի անդրանիկը։ 9Ռուբենի որդիները՝ Ենովքը, Փաղղուսը, Ասրովնը և Քարմին։ 10Շմավոնի որդիները՝ Համուելը, Համինը, Ահովդը, Հաքինը, Սահառն ու քանանացի կնոջից ծնված Սավուղը։ 11Ղևիի որդիները՝ Գեթսոնը, Կահաթն ու Մերարին։ 12Հուդայի որդիները՝ Էրը, Օնանը, Սելովմը, Փարեսն ու Զարան։ Էրն ու Օնանը մեռան քանանացիների երկրում։ Իսկ Փարեսի որդիներն են Ասրովմն ու Համուելը։ 13Իսաքարի որդիները՝ Թովղան, Փուդը, Հասուբն ու Զամամը։ 14Զաբուղոնի որդիները՝ Սերեդը, Աղղոնը և Էելը։ 15Սրանք Լիայի որդիներն են, որոնց, նաև իր դուստր Դինային նա ծնեց Հակոբի համար Ասորիների Միջագետքում։ Բոլորը՝ որդիներն ու դուստրերը, երեսուներեք հոգի էին։
16Գադի որդիները՝ Սափովնը, Մեգիսը, Սոնիան, Թոսոբամը, Այեդիսը, Արոյելիսը և Արիելիսը։ 17Ասերի որդիները՝ Հեմնան, Հեուսան, Հեուլը, Բարիան և նրանց քույր Սարան։ Բարիայի որդիները՝ Քոբորը և Մեղքիելը։ 18Սրանք որդիներն են Զելփայի, որին Լաբանը տվել էր իր դուստր Լիային՝ իբրև նաժիշտ։ Այս տասնվեցին նա ծնեց Հակոբի համար։
19Ռաքելի՝ Հակոբի կնոջ որդիները՝ Հովսեփն ու Բենիամինը։ 20Եգիպտացիների երկրում Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի դուստր Ասանեթից Հովսեփն ունեցավ իր Մանասե ու Եփրեմ որդիներին։ Մանասեի որդին, որին ծնեց ասորի հարճը, Մաքիրն է։ Մաքիրը ծնեց Գաղաադին։ Եփրեմի՝ Մանասեի եղբոր որդիները՝ Սուտաղաամն ու Տաամը։ Սուտաղաամի որդին է Եդեմը։ 21Բենիամինի որդիները՝ Բաղան, Բոքորն ու Ասբեեն։ Բաղայի որդիները՝ Գեերան, Նեեմանը, Անաքիսը, Ռովսը, Մամփիմն ու Ոփիմինը։ Իսկ Գեերան ծնեց Արադին։ 22Սրանք Ռաքելի որդիներն են, որոնց նա ծնեց Հակոբի համար. բոլորը՝ տասնութ հոգի։
23Դանի որդին՝ Ասոմը։ 24Նեփթաղիմի որդիները՝ Ասիելը, Գովնին, Աստարն ու Սիլիմը։ 25Սրանք որդիներն են Բալլայի, որին Լաբանն իբրև նաժիշտ տվեց իր դուստր Ռաքելին։ Նա նրանց ծնեց Հակոբի համար։ Սրանց ընդհանուր թիվն է յոթ հոգի։
26Բոլոր նրանք, որ Հակոբի հետ մտան Եգիպտոս, որոնք ծնվել էին նրանից, չհաշված նրա որդիների կանանց, վաթսունվեց հոգի էին։ 27Հովսեփի որդիները, որոնք ծնվեցին Եգիպտոսում, երկուսն են։ Այսպիսով Հակոբի ընտանիքի՝ Եգիպտոս մտած բոլոր մարդկանց թիվը յոթանասունհինգ է։
28Հակոբը Հուդային իրենից առաջ ուղարկեց Հովսեփի մոտ՝ հանդիպելու նրան Քաջաց քաղաքի մոտ՝ Ռամեսեի երկրում, իսկ ինքը եկավ Գեսեմ երկիրը։ 29Հովսեփը լծեց իր կառքը և Քաջաց քաղաքի մոտ ընդառաջ գնաց իր հորը՝ Իսրայելին։ Եվ երբ նրան տեսավ, ընկավ նրա պարանոցին և հեկեկալով լաց եղավ։ 30Իսրայելն ասաց Հովսեփին. «Այսուհետև կարող եմ մեռնել, որովհետև տեսա քո երեսը, և դու կենդանի ես»։ 31Հովսեփն ասաց իր եղբայրներին ու իր հոր ընտանիքին. «Գնամ հայտնեմ փարավոնին, որ իմ եղբայրներն ու հորս ընտանիքը, որ քանանացիների երկրում էին, եկել են ինձ մոտ։ 32Նրանք հովիվներ են։ Եվ քանի որ անասնապահությամբ են զբաղվում, իրենց հետ բերել են իրենց անասունները, արջառներն ու ողջ ունեցվածքը։ 33Արդ, եթե փարավոնը կանչի ձեզ ու հարցնի՝ “Ի՞նչ է ձեր գործը”, 34կասեք՝ “Մենք՝ քո ծառաները, մանուկ հասակից մինչև այժմ անասնապահությամբ ենք զբաղվում՝ և՛ մենք, և՛ մեր հայրերը”, որպեսզի նա ձեզ թույլ տա բնակվել Գեսեմ երկրում, քանի որ եգիպտացիների համար ոչխարների ամեն մի հովիվ գարշելի է»։

Արդեն Ընտրված.

ԾՆՈՒՆԴ 46: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք