ԾՆՈՒՆԴ 49

49
Հակոբի օրհնությունները իր որդիներին
1Հակոբը կանչեց իր որդիներին ու ասաց. «Հավաքվե՛ք, որ ձեզ հայտնեմ այն, ինչ պատահելու է ձեզ ապագայում։ 2Հավաքվե՛ք և լսե՛ք, Հակոբի՛ որդիներ, լսե՛ք Իսրայելին՝ ձեր հորը։
3Ռուբե՛ն, իմ անդրանի՛կ, դու իմ զորությո՛ւն և սկի՛զբը իմ որդիների. խիստ եղար քո վարմունքի մեջ և հանդուգն։ 4Ջրի պես մի՛ եռա, որովհետև մտար քո հոր մահիճը և այնժամ պղծեցիր նրա մահիճը։
5Եղբայրներ Շմավոնն ու Ղևին անիրավություն գործեցին կամովին։ 6Իմ հոգին չի մասնակցի նրանց խորհուրդներին, ոչ էլ նրանց դավադրությանը կաջակցի իմ միտքը, որովհետև իրենց բարկության մեջ սպանեցին մարդկանց և իրենց մոլուցքի մեջ ջլակոտոր արեցին ցուլերի։ 7Անիծյալ լինի նրանց բարկությունը, քանի որ հանդուգն էր, և նրանց մոլուցքը, քանի որ խիստ էր։ Ես նրանց կբաժանեմ Հակոբի մեջ, կցրեմ նրանց Իսրայելի մեջ։
8Հուդա՛, քո եղբայրները կօրհնեն քեզ. քո թշնամիներին փախուստի կմատնես, քո հոր որդիները քո առաջ գլուխ կխոնարհեն։ 9Հուդա՛, կորյո՛ւն առյուծի, բողբոջից ելար, որդյա՛կ իմ, բազմեցիր ու ննջեցիր որպես առյուծ և որպես կորյուն առյուծի. ո՞վ կհամարձակվի նրան արթնացնել։ 10Հուդայից իշխան չի պակասելու, ոչ էլ առաջնորդ՝ նրա սերնդից, մինչև որ գա նա, ում պատկանում են հանդերձյալները, ում սպասում են ժողովուրդները։ 11Իր ավանակին կկապի որթատունկից, իսկ որթատունկի ոստից՝ էշի քուռակին։ Իր պատմուճանը կլվա գինով և իր հագուստը՝ խաղողի արյամբ։ 12Գինուց զվարթ են աչքերը նրա, իսկ ատամներն սպիտակ՝ կաթից ավելի։
13Զաբուղոնը կբնակվի ծովի եզերքին՝ որպես նավերի նավահանգիստ, ու կտարածվի մինչև Սիդովն։
14Իսաքարը բարին ցանկացավ՝ հանգստանալով իր տարածքներում։ 15Տեսնելով, որ հանգիստ կյանքը լավ է, և հողը՝ բարեբեր, որոշեց չարչարվել ու դարձավ հողագործ։
16Դանը կկառավարի իր ժողովրդին, ինչպես Իսրայելի ցեղերից մեկը. 17Դանը թող լինի ճանապարհին դարանակալ օձի պես՝ ձիու գարշապարը խայթելու համար, որպեսզի ցած ընկնի նրա հեծյալը՝ 18սպասելով Տիրոջից փրկության։
19Գադին կթալանեն ավազակները, սակայն ինքը կասպատակի՝ հետապնդելով նրանց։
20Ասերի հացն առատ կլինի, և նա պարեն կտա իշխաններին։
21Նեփթաղիմը փռված ճյուղ է, որ իր պտուղներով գեղեցկություն է սփռում։
22Պտղաբերած որդյա՛կ իմ Հովսեփ, որդյա՛կ իմ՝ պտղաբերած և նախանձելի, որդյա՛կ իմ դեռատի, դարձի՛ր դու ինձ մոտ, 23որին բանսարկուները բամբասում էին ու դատափետում, և որի դեմ ոխ էին պահում աղեղնավորները։ 24Նրանց աղեղները փշրվեցին, և թուլացան ջլերը նրանց բազուկների Հակոբի հզոր Աստծու օգնությամբ։ Նրանից է Իսրայելի զորությունը՝ քո հոր Աստծուց։ 25Եվ քեզ օգնեց Աստվածն իմ. նա օրհնեց քեզ օրհնությամբ երկնային, ամեն ինչով լի երկրի օրհնությամբ, ստինքի ու արգանդի օրհնությամբ, 26քո հոր ու մոր օրհնությամբ։ Սրանք առավել ուժեղ եղան, քան օրհնանքը հավերժական լեռների, քան օրհնանքը հավիտենական բլուրների։ Թող սրանք լինեն Հովսեփի գլխին ու նրա եղբայրների վրա, որոնց նա առաջնորդ եղավ։
27Բենիամինը հափշտակող գայլ է. առավոտյան կուտի, իսկ երեկոյան կբաշխի կերակուրը»։
28Սրանք բոլորը Հակոբի որդիներն են՝ թվով տասներկու։ Եվ այս է, որ նրանց հայրը խոսեց իրենց հետ։ Նա յուրաքանչյուրին օրհնեց իրեն արժանի օրհնությամբ։
Հակոբի մահը
29Եվ պատվիրեց նրանց՝ ասելով. «Ես գնում եմ միանալու իմ ժողովրդին։ Ինձ թաղե՛ք իմ նախնիների մոտ՝ այն քարայրում, որ քետացի Եփրոնի ագարակում է, 30այն զույգ քարայրում, որ Մամբրեի կաղնու դիմաց է, քանանացիների երկրում։ Այն քարայրում, որ Աբրահամը գնել էր քետացի Եփրոնից՝ իբրև սեփական շիրմավայր։ 31Այնտեղ են թաղել Աբրահամին ու նրա կնոջը՝ Սառային։ Այնտեղ են թաղել Իսահակին ու նրա կնոջը՝ Ռեբեկային։ Այնտեղ թաղեցի Լիային. 32այն ագարակում և նրա մեջ գտնվող այն քարայրում, որն իբրև կալվածք գնվեց Քետի որդիներից»։ 33Հակոբը դադարեց իր որդիներին պատվիրան տալուց, ոտքերը բարձրացրեց, դրեց մահճին, հոգին ավանդեց և միացավ իր նախնիներին։

Արդեն Ընտրված.

ԾՆՈՒՆԴ 49: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք