ԾՆՈՒՆԴ 50

50
1Հովսեփը, ընկնելով իր հոր դեմքին, լաց եղավ նրա վրա և համբուրեց նրան։ 2Ապա Հովսեփը հրամայեց իր բժիշկ ծառաներին զմռսել իր հորը, և նրանք զմռսեցին Իսրայելին։ 3Լրացան նրա մահվան քառասուն օրերը. այդքան էր պահանջվում զմռսելու համար։ Եգիպտոսը յոթանասուն օր սգաց նրան։ 4Սգո օրերն անցնելուց հետո Հովսեփը խոսեց փարավոնի իշխանների հետ և ասաց. «Եթե շնորհ գտա ձեր առաջ, ապա դիմե՛ք փարավոնին և ասե՛ք, 5որ իմ հայրը երդվեցրել է ինձ ու ասել. “Ահա ես մեռնում եմ։ Ինձ կթաղես այն շիրիմում, որ ես ինձ համար փորել եմ քանանացիների երկրում”։ Արդ, թո՛ւյլ տուր՝ գնամ, թաղեմ իմ հորն ու վերադառնամ»։ 6Փարավոնն ասաց. «Գնա՛, թաղի՛ր քո հորը, ինչպես որ նա երդվեցրել է քեզ»։ 7Եվ Հովսեփը գնաց թաղելու իր հորը։ Նրա հետ գնացին նաև փարավոնի ծառաները, նրա պալատի ավագանին, եգիպտացիների երկրի բոլոր ավագները, 8Հովսեփի ամբողջ ընտանիքը, նրա եղբայրները, նրա հոր ողջ ընտանիքն ու ազգատոհմը։ Գեսեմում մնացին միայն ոչխարներն ու արջառները։ 9Նրա հետ գնացին նաև կառքերն ու հեծյալները և դարձան մի հսկա բանակ։ 10Նրանք հասան Հորդանանի այն կողմում գտնվող Ատադի կալը և այնտեղ սաստիկ ողբ ու կոծ արեցին նրա վրա։ Նա հոր համար յոթ օր սուգ արեց։ 11Քանանացիների երկրի բնակիչները, տեսնելով Ատադի կալում արված սուգը, ասացին. «Եգիպտացիները մեծ սգի մեջ են»։ Այդ պատճառով էլ այդ վայրը, որ Հորդանանի մյուս կողմում է, կոչվեց Եգիպտոսի Սուգ [𝕸 Ավել-Միցրայիմ12Իսրայելի որդիները կատարեցին այն, ինչ նա պատվիրել էր իրենց։ 13Նրան բերեցին քանանացիների երկիրը և թաղեցին Մամբրեի կաղնու դիմաց՝ զույգ քարայրում, որ Աբրահամը գնել էր քետացի Եփրոնից՝ իբրև սեփական շիրմավայր։ 14Հովսեփը վերադարձավ Եգիպտոս. ինքը, իր եղբայրները և իր հորը թաղելու համար իր հետ գնացած բոլոր մարդիկ։
15Երբ Հովսեփի եղբայրները տեսան, որ իրենց հայրը մահացել է, ասացին. «Գուցե Հովսեփը ոխ է պահել մեր դեմ և վրեժ լուծի այն բոլոր չարիքների համար, որ մենք պատճառեցինք նրան»։ 16Նրանք եկան Հովսեփի մոտ ու ասացին. «Քո հայրը երբ դեռ չէր մեռել, մեզ երդվեցրեց՝ ասելով. 17“Այսպե՛ս կասեք Հովսեփին. նրանք չարիք գործեցին քո դեմ, բայց դու ների՛ր նրանց հանցանքներն ու մեղքերը”։ Արդ, ների՛ր քո հոր Աստծու ծառաների հանցանքները»։ Եվ Հովսեփն ասված այս խոսքերից լաց եղավ։ 18Նրա եղբայրները, գալով նրա մոտ, ընկան նրա ոտքերն ու ասացին. «Ահա մենք քո ծառաներն ենք»։ 19Հովսեփը նրանց ասաց. «Մի՛ վախեցեք, որովհետև ես Աստծունն եմ։ 20Դուք մտածեցիք ինձ չարիք պատճառել, բայց Աստված որոշեց ինձ բարիք անել, ինչպես որ եղավ այժմ, որովհետև մարդկանց մեծ բազմություն կերակրեցի»։ 21Եվ նրանց ասաց. «Մի՛ վախեցեք։ Ես կկերակրեմ ձեզ և ձեր ընտանիքները»։ Եվ մխիթարեց նրանց ու սփոփեց նրանց սրտերը։
Հովսեփի մահը
22Հովսեփն իր եղբայրների ու իր հոր ողջ գերդաստանի հետ մնաց Եգիպտոսում։ Հովսեփն ապրեց հարյուր տասը տարի։ 23Հովսեփը տեսավ Եփրեմի որդիների մինչև երրորդ սերունդը։ Իսկ Մանասեի որդի Մաքիրի որդիները ծնվեցին Հովսեփի ծնկներին։ 24Այս ամենից հետո Հովսեփն իր եղբայրներին ասաց. «Ահա ես մեռնում եմ։ Աստված կայցելի ձեզ և կհանի ձեզ այս երկրից ու կտանի այն երկիրը, որ Աստված երդվել է տալ մեր նախնիներին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին»։ 25Հովսեփը երդվեցրեց Իսրայելի որդիներին ու ասաց. «Երբ Աստված ձեզ կայցելի, այստեղից կհանեք նաև իմ ոսկորները և կտանեք ձեզ հետ»։ 26Հովսեփը վախճանվեց հարյուր տասը տարեկան հասակում։ Նրան թաղեցին՝ դնելով տապանի մեջ Եգիպտոսում։

Արդեն Ընտրված.

ԾՆՈՒՆԴ 50: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք