ՀՈՎՀԱՆՆԵՍ 11
11
Ղազարոսի հարությունը
1Ղազարոս անունով մի հիվանդ կար Բեթանիայից՝ Մարիամի և նրա քույր Մարթայի գյուղից։ 2Սա այն Մարիամն էր, որ յուղով օծեց Տիրոջը և իր մազերով սրբեց նրա ոտքերը։ Սրա եղբայր Ղազարոսը հիվանդ էր։ 3Նրա քույրերը Հիսուսի մոտ մարդ ուղարկեցին ու ասացին. «Տե՛ր, ահավասիկ նա, ում սիրում էիր, հիվանդացել է»։ 4Երբ Հիսուսը լսեց, ասաց. «Այդ հիվանդությունը մահացու չէ, այլ Աստծու փառքի համար է, որպեսզի դրանով Աստծու Որդին փառավորվի»։ 5Հիսուսը սիրում էր Մարթային, նրա քրոջը և Ղազարոսին։ 6Լսելով, որ Ղազարոսը հիվանդացել է, նա տակավին երկու օր էլ մնաց այնտեղ, որտեղ գտնվում էր։ 7Ապա ասաց իր աշակերտներին. «Եկե՛ք նորից գնանք Հրեաստան»։ 8Աշակերտները նրան ասացին. «Ռաբբի՛, հրեաները դեռ քիչ ժամանակ առաջ ուզում էին քարկոծել քեզ, իսկ դու նորից այնտե՞ղ ես գնում»։ 9Հիսուսը պատասխանեց. «Ցերեկը տասներկու ժամ չունի՞. եթե մեկը ցերեկն է քայլում, չի սայթաքում, որովհետև այս աշխարհի լույսն է տեսնում, 10իսկ եթե մեկը գիշերն է քայլում, սայթաքում է, որովհետև իր հետ լույս չունի»։ 11Այս ամենն ասելուց հետո ասաց նրանց. «Մեր բարեկամ Ղազարոսը ննջել է, սակայն ես գնում եմ նրան արթնացնելու»։ 12Աշակերտները նրան ասացին. «Տե՛ր, եթե ննջել է, ուրեմն կառողջանա»։ 13Բայց Հիսուսը նրա մահվան մասին էր ասում, մինչդեռ նրանց այնպես թվաց, թե նա քնով ննջելու մասին է խոսում։ 14Այն ժամանակ Հիսուսը նրանց հայտնապես ասաց. «Ղազարոսը մեռավ. 15բայց ես ուրախ եմ ձեզ համար, որովհետև դուք ինձ կհավատաք, քանզի ես այնտեղ չէի։ Հիմա եկե՛ք գնանք նրա մոտ»։ 16Թովմասը, որ Երկվորյակ էր կոչվում, աշակերտակիցներին ասաց. «Եկե՛ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք»։ 17Հիսուսը եկավ, նրան գտավ չորս օրից ի վեր գերեզմանի մեջ դրված։ 18Եվ Բեթանիան Երուսաղեմի մոտ էր շուրջ երեք կիլոմետր։ 19Հրեաներից շատերը եկել էին Մարթայի և Մարիամի մոտ, որպեսզի նրանց մխիթարեին իրենց եղբոր մահվան համար։ 20Երբ Մարթան լսեց, որ Հիսուսը գալիս է, նրան ընդառաջ գնաց, իսկ Մարիամը տանը նստած էր։ 21Մարթան Հիսուսին ասաց. «Տե՛ր, եթե դու այստեղ եղած լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի. 22բայց հիմա էլ գիտեմ, որ ինչ էլ Աստծուց խնդրես, Աստված քեզ կտա»։ 23Հիսուսը նրան ասաց. «Քո եղբայրը հարություն կառնի»։ 24Մարթան նրան ասաց. «Գիտեմ, որ հարության ժամանակ՝ վերջին օրը, հարություն կառնի»։
Հիսուսը՝ կյանք և հարություն
25Հիսուսը նրան ասաց. «Ես եմ հարությունն ու կյանքը. ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի. 26և ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի։ Հավատո՞ւմ ես այս ամենին»։ 27Նա ասաց նրան. «Այո՛, Տե՛ր, հավատում եմ, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին, որ աշխարհ էիր գալու»։ 28Եվ այս ասելուց հետո գնաց լռելյայն կանչեց իր քրոջը՝ Մարիամին, ու ասաց. «Վարդապետն է եկել և քեզ է կանչում»։ 29Երբ նա լսեց, իսկույն վեր կացավ ու եկավ Հիսուսի մոտ։ 30Հիսուսը դեռ գյուղ էլ չէր հասել, այլ դեռևս այն տեղում էր, որտեղ Մարթան ընդառաջ էր ելել նրան։ 31Իսկ այն հրեաները, որ Մարիամի հետ տանն էին ու նրան մխիթարում էին, երբ տեսան, որ նա իսկույն վեր կացավ ու գնաց, իրենք ևս նրա հետևից գնացին. կարծում էին, թե գերեզման է գնում, որ այնտեղ լաց լինի։ 32Իսկ Մարիամը, երբ եկավ Հիսուսի կանգնած տեղն ու տեսավ նրան, ընկավ նրա ոտքերն ու ասաց. «Տե՛ր, եթե այստեղ եղած լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի»։ 33Երբ Հիսուսը տեսավ, որ նա ու նրա հետ եղող հրեաներն էլ լալիս են, հոգով խռովվեց, հուզվեց 34և ասաց. «Որտե՞ղ դրեցիք նրան»։ Նրան ասացին. «Տե՛ր, արի՛ ու տե՛ս»։
Եվ Հիսուսն արտասվեց
35Եվ Հիսուսն արտասվեց։ 36Հրեաներն ասացին. «Տեսե՛ք՝ ինչքան էր սիրում նրան»։ 37Նրանցից ոմանք էլ ասում էին. «Սա, որ կույրի աչքերը բացեց, չէ՞ր կարող արդյոք այնպես անել, որ Ղազարոսն էլ չմեռներ»։ 38Հիսուսը, դարձյալ խռովվելով ինքն իր մեջ, եկավ գերեզմանի մոտ. մի քարայր էր՝ վրան մի քար դրված։ 39Եվ Հիսուսն ասաց. «Այդ քարը մի կողմ դրեք»։ Մարթան՝ մեռածի քույրը, նրան ասաց. «Տե՛ր, հիմա արդեն նեխած կլինի, քանի որ չորս օրվա է»։ 40Հիսուսը նրան ասաց. «Քեզ չասացի՞, որ եթե հավատաս, Աստծու փառքը կտեսնես»։ 41Երբ քարը վերցրին, Հիսուսն աչքերը վեր բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, գոհությո՜ւն քեզ, որ ինձ լսեցիր. 42ես գիտեի, որ ամեն ժամ լսում ես ինձ, բայց այս անում եմ շուրջս կանգնած այս ժողովրդի համար, որպեսզի հավատան, որ դու ուղարկեցիր ինձ»։ 43Երբ այս ասաց, բարձր ձայնով աղաղակեց. «Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի»։ 44Եվ մեռելը ելավ՝ կապված ոտքերով, ձեռքերը երիզներով պինդ ամրացված և երեսը վարշամակով պատած։ Եվ Հիսուսը նրանց ասաց. «Արձակե՛ք դրան և թողե՛ք, որ գնա»։ 45Իսկ հրեաներից շատերը, որոնք Մարիամենց մոտ էին եկել, երբ տեսան, ինչ արեց Հիսուսը, հավատացին նրան։ 46Նրանցից ոմանք էլ գնացին փարիսեցիների մոտ ու պատմեցին նրանց, ինչ արեց Հիսուսը։
Հրեաների դավադրությունը Հիսուսին սպանելու մասին
(Մտթ. 26.1-5, Մրկ. 14.1-2, Ղուկ. 22.1-2)
47Քահանայապետներն ու փարիսեցիները ժողով գումարեցին և ասացին. «Ի՞նչ անենք, քանի որ այդ մարդը բազում նշաններ է անում։ 48Եթե նրան այսպես թողնենք, ամենքն էլ կհավատան նրան, և հռոմեացիները կգան ու կվերացնեն մեր ազգն ու մեր սրբավայրը»։ 49Նրանցից մեկը՝ Կայիափան, որ այդ տարվա քահանայապետն էր, նրանց ասաց. «Դուք ոչինչ էլ չեք հասկանում, 50չեք էլ խորհել, թե մեզ համար ավելի լավ է, որ մեկ մարդ մեռնի ժողովրդի համար, քան թե ամբողջ ազգը կորչի»։ 51Այս բանը նա ինքն իրենից չասաց, այլ քանի որ այդ տարվա քահանայապետն էր, մարգարեացավ, որ Հիսուսը մեռնելու էր ազգի համար։ 52Եվ ոչ միայն ազգի համար, այլ որպեսզի նաև Աստծու ցրված որդիներին ի մի հավաքի։
53Այն օրվանից որոշում կայացրին, որ սպանեն նրան։ 54Եվ Հիսուսն այնուհետև համարձակ չէր շրջում հրեաների մեջ, այլ այնտեղից գնաց անապատին մոտակա մի վայր՝ մի քաղաք, որի անունն էր Եփրաիմ, և իր աշակերտների հետ այդտեղ էր մնում։
Զատիկը մոտ է
55Հրեաների Զատիկը մոտենում էր։ Այդ գավառից շատերը Զատկից առաջ բարձրացան Երուսաղեմ, որպեսզի իրենց մաքրության ծեսը կատարեն։ 56Հիսուսին փնտրում էին և մինչ տաճարի մեջ էին, միմյանց ասում էին. «Ձեզ ինչպե՞ ս է թվում, արդյոք այս տոնին չի՞ գա»։ 57Քահանայապետներն ու փարիսեցիները հրահանգել էին, որ եթե մեկն իմանա նրա տեղը, հայտնի, որպեսզի նրան ձերբակալեն։
Արդեն Ընտրված.
ՀՈՎՀԱՆՆԵՍ 11: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն