ՀՈՎՀԱՆՆԵՍ 10

10
Բարի հովիվը
1«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է և ավազակ. 2իսկ ով դռնով է մտնում, հովիվն է ոչխարների։ 3Դռնապանը նրա համար բացում է դուռը, և ոչխարները լսում են նրա ձայնը. նա իր ոչխարներին անուններով է կանչում և նրանց դուրս է հանում։ 4Եվ երբ իր բոլոր ոչխարներին հանում է, նրանց առջևից է գնում, իսկ ոչխարներն էլ հետևում են նրան, որովհետև ճանաչում են նրա ձայնը։ 5Օտարի հետևից չեն գնում, այլ փախչում են նրանից, որովհետև չեն ճանաչում օտարների ձայնը»։
6Հիսուսը նրանց այս առակն ասաց, իսկ նրանք չէին իմանում, թե ի՛նչ էր նա իրենց ասում։ 7Հիսուսը նրանց դարձյալ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ես եմ ոչխարների դուռը։ 8Բոլոր նրանք, որ ինձնից առաջ եկան, գողեր էին ու ավազակներ, ուստի ոչխարները նրանց չլսեցին։ 9Ես եմ դուռը. եթե մեկն իմ միջով մտնի, կփրկվի. կմտնի ու կելնի և ճարակելու բան կգտնի։ 10Գողը գալիս է միայն գողանալու, սպանելու և կորստյան մատնելու նպատակով. ես եկա, որպեսզի կյանք ունենան, կյանք՝ իր լիության մեջ։
11Ես եմ բարի հովիվը. բարի հովիվն իր կյանքն է տալիս ոչխարների համար։ 12Իսկ վարձկանը, որ հովիվ չէ, և ոչխարներն էլ իրենը չեն, երբ իմանում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին ու փախչում։ Եվ գայլը հափշտակում է նրանց ու ցրում. 13քանզի վարձկան է և ոչխարների համար հոգ չի տանում։ 14Ես եմ բարի հովիվը. ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչվում նրանցից։ 15Ինչպես Հայրն է ինձ ճանաչում, ես էլ ճանաչում եմ Հորը և իմ կյանքը կտամ իմ ոչխարների համար։ 16Ես այլ ոչխարներ էլ ունեմ, որոնք այս փարախից չեն. նրանց ևս պետք է այստեղ բերեմ, և իմ ձայնը պիտի լսեն, ու պիտի լինեն մեկ հոտ և մեկ հովիվ։ 17Այն բանի համար է իմ Հայրը սիրում ինձ, որ ես իմ կյանքն եմ տալիս, որպեսզի վերստին այն վերցնեմ։ 18Այն ինձնից ոչ ոք չի վերցնի, այլ ես ինքս եմ այն տալիս. իշխանություն ունեմ այն տալու և իշխանություն ունեմ վերստին այն վերցնելու. այս պատվերն իմ Հորից ստացա»։
19Այս խոսքերի պատճառով հրեաների մեջ դարձյալ պառակտում առաջացավ։ 20Եվ նրանցից շատերն ասում էին. «Նրա մեջ դև կա, և այդ պատճառով էլ մոլեգնում է. ինչո՞ւ եք նրան լսում»։ 21Ոմանք էլ ասում էին. «Սրանք դիվահարի խոսքեր չեն, մի՞թե դևը կարող է կույրի աչքերը բանալ»։
Հիսուսը՝ Աստծու Որդի
22Այն ժամանակ Երուսաղեմում տաճարի Նավակատիքի տոնն էր. ձմեռ էր։ 23Հիսուսը շրջում էր տաճարի մեջ՝ Սողոմոնի սրահում։ 24Հրեաները նրա շուրջը հավաքվեցին ու ասացին. «Մինչև ե՞րբ մեր հոգին պիտի հանես. եթե դու ես Քրիստոսը, համարձակ ասա՛ մեզ»։ 25Հիսուսը պատասխանեց նրանց. «Ձեզ ասացի, և ինձ չեք հավատում. այն գործերը, որ ես անում եմ իմ Հոր անունով, դրանք վկայում են իմ մասին։ 26Բայց դուք չեք հավատում, որովհետև իմ ոչխարներից չեք. 27իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, ես ճանաչում եմ նրանց, և նրանք իմ հետևից են գալիս։ 28Արդ, ես նրանց հավիտենական կյանք կտամ, և նրանք հավիտյան չեն կորչի, ու ոչ ոք նրանց իմ ձեռքից չի հափշտակի։ 29Իմ Հայրը, որ նրանց ինձ տվեց, ամենքից մեծ է. իմ Հոր ձեռքից ոչ ոք չի կարող հափշտակել նրանց։ 30Ես և իմ Հայրը մի ենք»։ 31Հրեաները դարձյալ քարեր վերցրին, որ նրան քարկոծեն։ 32Հիսուսը պատասխանեց նրանց. «Բազում բարի գործեր ցույց տվեցի ձեզ իմ Հորից. դրանցից ո՞ր մեկի համար եք ինձ քարկոծում»։ 33Հրեաները նրան պատասխանեցին. «Քեզ ոչ թե բարի գործի, այլ հայհոյության համար ենք քարկոծում, քանզի դու մարդ ես, բայց ինքդ քեզ Աստծու տեղ ես դնում»։ 34Հիսուսը նրանց պատասխանեց. «Ձեր Օրենքում գրված չէ՞. “Ես ասացի, թե աստվածներ եք” (Սաղ. 81(82).6)։ 35Իսկ եթե աստվածներ է կոչում նրանց, որոնց ուղղված էր Աստծու խոսքը (և հնարավոր չէ, որ Գիրքը ջնջվի), 36և ում Հայրը սրբացրեց ու աշխարհ ուղարկեց, դուք ասում եք, թե՝ հայհոյում ես, նրա՞ համար, որ ասացի՝ Աստծու Որդին եմ։ 37Եթե Հորս գործերը չեմ անում, ինձ մի՛ հավատացեք։ 38Իսկ եթե անում եմ, թե ինձ էլ չեք հավատում, գործերի՛ն հավատացեք, որպեսզի իմանաք ու ճանաչեք, որ Հայրն իմ մեջ է, և ես՝ Հոր մեջ»։
39Դարձյալ ուզում էին նրան բռնել, բայց նա դուրս պրծավ նրանց ձեռքից։ 40Եվ վերստին գնաց Հորդանանի մյուս կողմը, որտեղ նախկինում Հովհաննեսն էր բնակվում և մկրտում. և Հիսուսն այնտեղ էլ մնում էր։ 41Շատերը նրա մոտ եկան և ասում էին. «Հովհաննեսը որևէ նշան չարեց, բայց այն ամենը, որ Հովհաննեսն ասել էր նրա մասին, ճշմարիտ էր»։ 42Եվ այնտեղ շատերը հավատացին նրան։

Արդեն Ընտրված.

ՀՈՎՀԱՆՆԵՍ 10: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք