ՀՈՎՀԱՆՆԵՍ 9

9
Ի ծնե կույրի բժշկումը
1Եվ մինչ անցնում էր, ի ծնե կույր մի մարդու տեսավ։ 2Նրա աշակերտները հարցրին. «Ռաբբի՛, մեղքն ո՞ւմն է, որ կույր է ծնվել, սրա՞նն է, թե՞ հորն ու մորը»։ 3Հիսուսը պատասխանեց. «Ո՛չ դրա մեղքն է և ո՛չ էլ իր հոր ու մոր, այլ որպեսզի դրա վրա Աստծու գործերը հայտնի լինեն։ 4Եվ քանի դեռ ցերեկ է, ես պետք է կատարեմ գործերը նրա, ով ինձ ուղարկեց. կգա գիշերը, երբ ոչ ոք չի կարող գործել։ 5Քանի դեռ աշխարհում եմ, աշխարհի լույսն եմ»։ 6Այս ասելով՝ թքեց գետնին, թքով ու փոշով կավ շինեց, կավը ծեփեց կույրի աչքերին 7ու ասաց նրան. «Գնա՛ լվացվիր Սիլովամի ավազանում» (որ թարգմանվում է «ուղարկված»)։ Գնաց լվացվեց, եկավ և տեսնում էր։ 8Իսկ հարևանները և նրանք, որ նախապես տեսել էին նրան, որ մուրացիկ էր, ասում էին. «Սա չէ՞ր, որ նստում էր և մուրում»։ 9Ոմանք ասում էին՝ նա է. ուրիշներ ասում էին՝ ո՛չ, այլ պարզապես նման է նրան։ Իսկ ինքն ասում էր՝ ես եմ։ 10Նրան ասացին. «Իսկ ինչպե՞ս բացվեցին աչքերդ»։ 11Նա պատասխանեց. «Հիսուս անունով մի մարդ կավ շինեց, աչքերս ծեփեց ու ինձ ասաց. “Գնա՛ Սիլովամ և լվացվի՛ր”։ Գնացի, լվացվեցի և տեսնում եմ»։ 12Նրան ասացին. «Ո՞ւր է նա»։ Նրանց ասաց՝ չգիտեմ։ 13Նրան, որ մի ժամանակ կույր էր, բերեցին փարիսեցիների մոտ 14(օրը շաբաթ էր, երբ Հիսուսը կավ շինեց և կույրի աչքերը բացեց)։ 15Փարիսեցիներն էլ կրկին հարցրին նրան. «Ինչպե՞ս եղավ, որ տեսնում ես»։ Եվ նա ասաց նրանց. «Կավ դրեց աչքերիս վրա, լվացվեցի ու տեսնում եմ»։ 16Փարիսեցիներից ոմանք ասացին. «Այդ մարդն Աստծուց չէ, քանի որ շաբաթ օրը չի պահում»։ Ոմանք ասում էին. «Իսկ մեղավոր մի մարդ ինչպե՞ս կարող է այսպիսի նշաններ անել»։ Եվ նրանց մեջ պառակտում կար։ 17Կույրին դարձյալ ասացին. «Իսկ դու ինչ ես ասում նրա մասին, քանի որ նա քո աչքերը բացեց»։ Նա ասաց՝ մարգարե է։ 18Հրեաները չէին հավատում, թե նա կույր էր և բժշկվել էր, մինչև որ կանչեցին աչքերը բացվածի ծնողներին 19ու հարցրին նրանց՝ ասելով. «Սա՞ է ձեր որդին, որի մասին ասում էիք, թե՝ “Կույր ծնվեց”. իսկ այժմ ինչպե՞ս է տեսնում»։ 20Նրա ծնողները պատասխանեցին. «Գիտենք, որ սա մեր որդին է, և որ կույր ծնվեց. 21բայց թե ինչպե՛ս է այժմ տեսնում, չգիտենք, կամ թե՝ ո՛վ բացեց դրա աչքերը, նույնպես չգիտենք. հենց իրե՛ն հարցրեք. ինքն արդեն չափահաս է, իր մասին ինքը թող խոսի»։ 22Նրա ծնողներն այսպես ասացին, որովհետև հրեաներից վախենում էին, քանի որ հրեաները երդվել էին, որ եթե մեկը նրան Քրիստոս խոստովանի, հեռացվի ժողովարանից։ 23Դրա համար էլ նրա ծնողներն ասացին. «Ինքն արդեն չափահաս է, հենց իրե՛ն հարցրեք»։ 24Երկրորդ անգամ կանչեցին այդ մարդուն, որ կույր էր, ու ասացին նրան. «Աստծու առաջ ճշմարտությո՛ւնն ասա. մենք գիտենք, որ այն մարդը մեղավոր է»։ 25Իսկ նա ասաց. «Թե մեղավոր է, ես չգիտեմ, բայց այն գիտեմ, որ կույր էի և հիմա տեսնում եմ»։ 26Դարձյալ ասացին նրան. «Քեզ ի՞նչ արեց, քո աչքերն ինչպե՞ս բացեց»։ 27Նրանց պատասխանեց. «Նոր ասացի ձեզ, և չեք լսում, ինչո՞ւ եք ուզում նորից լսել. մի՞թե դուք էլ եք կամենում աշակերտել նրան»։ 28Նրանք նախատում էին նրան ու ասում. «Դո՛ւ եղիր նրան աշակերտ, իսկ մենք Մովսեսի՛ աշակերտներն ենք։ 29Մենք գիտենք, որ Աստված Մովսեսի հետ խոսեց. իսկ սրան չգիտենք, թե որտեղի՛ց է»։ 30Մարդը պատասխանեց նրանց. «Զարմանալին էլ այն է, որ դուք չգիտեք, թե նա որտեղի՛ց է, սակայն իմ աչքերը բացեց։ 31Գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում, բայց եթե մեկն աստվածապաշտ է ու նրա կամքը կատարում է, նրան լսում է։ 32Աշխարհի սկզբից ոչ ոք չի լսել, թե մեկն ի ծնե կույրի աչքերը բացած լինի։ 33Եթե այդ մարդն Աստծուց չլիներ, որևէ բան անել չէր կարող»։ 34Պատասխան տվեցին և ասացին նրան. «Ամբողջովին մեղքի մեջ ես ծնված և դու մեր գլխին վարդապե՞տ ես դարձել»։ Եվ նրան դուրս հանեցին։
Հոգու կուրությունը
35Հիսուսը լսեց, որ նրան դուրս են հանել, և երբ նրան գտավ, ասաց. «Դու Աստծու Որդուն հավատո՞ւմ ես»։ 36Նա պատասխան տվեց. «Տե՛ր, ո՞վ է, որ նրան հավատամ»։ 37Հիսուսը նրան ասաց. «Ե՛վ տեսար նրան, և՛ նա է, ով խոսում է քեզ հետ»։ 38Ու նա ասաց. «Հավատում եմ, Տե՛ր»։ Եվ երկրպագեց նրան։
39Հիսուսն ասաց. «Դատաստանի համար եկա այս աշխարհը, որպեսզի ովքեր չեն տեսնում, տեսնեն, իսկ ովքեր տեսնում են, կուրանան»։ 40Փարիսեցիներից ոմանք, որ Հիսուսի հետ էին, այդ լսեցին ու նրան ասացին. «Մի՞թե մենք էլ կույր ենք»։ 41Հիսուսը նրանց ասաց. «Եթե կույր լինեիք, մեղք չէիք ունենա, բայց հիմա ասում եք՝ “Տեսնում ենք, և ձեր մեղքը ձեր մեջ հաստատ է մնում”»։

Արդեն Ընտրված.

ՀՈՎՀԱՆՆԵՍ 9: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք