ՀՈՎՀԱՆՆԵՍ 16
16
1«Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի գայթակղության մեջ չընկնեք։ 2Ժողովարաններից դուրս պիտի հանեն ձեզ. մինչև իսկ ժամանակը պիտի գա, երբ ով սպանի ձեզ, պիտի համարի, թե Աստծուն պաշտամունք է մատուցում։ 3Եվ այդ բանը պիտի անեն ձեզ էլ, որովհետև չճանաչեցին ո՛չ Հորը և ո՛չ էլ ինձ։ 4Սակայն այս բաները ձեզ ասացի, որպեսզի երբ նրանց համար ժամանակը գա այս բաներն անելու, հիշեք, որ ես ասել եմ ձեզ։ Այս բաներն սկզբից չասացի ձեզ, քանի որ ձեզ հետ էի»։
Մխիթարիչի գալուստը
5«Բայց այժմ ես գնում եմ ինձ ուղարկողի մոտ, և ձեզնից ոչ ոք ինձ չի հարցնում՝ “Ո՞ւր ես գնում”։ 6Բայց որովհետև ձեզ այս բաներն ասացի, տրտմությունը լցրեց ձեր սրտերը։ 7Բայց ես ճշմարիտն եմ ասում ձեզ. ձեզ համար ավելի լավ է, որ ես գնամ, որովհետև եթե ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մոտ չի գա. իսկ եթե գնամ, նրան կուղարկեմ ձեզ մոտ։ 8Եվ նա գալով պիտի ներկայացնի աշխարհին, որ նա սխալ է մեղքի, արդարության և դատաստանի հարցում։ 9Մեղքի հարցում, որովհետև ինձ չեն հավատում. 10արդարության հարցում՝ որովհետև իմ Հոր մոտ եմ գնում, և այլևս ինձ չեք տեսնի. 11դատաստանի հարցում՝ որովհետև այս աշխարհի իշխանը դատապարտված է։
12Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, բայց այժմ չեք կարող տանել։ 13Բայց երբ գա նա՝ Ճշմարտության Հոգին, ամենայն ճշմարտությամբ կառաջնորդի ձեզ, որովհետև ոչ թե ինքն իրենից կխոսի, այլ ինչ լսի, այն էլ պիտի խոսի, և գալիք բաների մասին կպատմի ձեզ։ 14Նա ինձ պիտի փառավորի, որովհետև ինչ որ վերցնի ինձանից, այն էլ կհայտնի ձեզ։ 15Ամենը, ինչ որ ունի Հայրը, իմն է. դրա համար ասացի, թե ինչ որ վերցնի ինձանից, կհայտնի ձեզ»։
Ուրախության վերածվող վիշտը
16«Մի քիչ էլ, և ինձ այլևս չեք տեսնի. ապա մի քիչ ևս, և ինձ նորից կտեսնեք. որովհետև ես Հոր մոտ եմ գնում»։
17Աշակերտներից ոմանք միմյանց ասում էին. «Ի՞նչ է ասում մեզ, թե՝ “Մի քիչ ևս, և ինձ չեք տեսնի”, և դարձյալ, թե՝ “Մի քիչ ևս, և ինձ կտեսնեք” և թե՝ “Ես գնում եմ իմ Հոր մոտ”»։ 18Եվ ասում էին. «Ի՞նչ է այն «մի քիչ ևս»-ը. չենք հասկանում, թե ի՛նչ է խոսում»։ 19Հիսուսը հասկացավ, որ ուզում են իրեն հարց տալ, ու նրանց ասաց. «Դրա՞ համար էիք միմյանց հարցնում, որ ասացի, թե՝ մի փոքր ժամանակ էլ, և ինձ չեք տեսնի. և դարձյալ՝ մի քիչ ևս, ու կտեսնեք ինձ։ 20Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ պիտի լաք ու ողբաք, իսկ աշխարհն ուրախ պիտի լինի. դուք պիտի տրտմեք, բայց ձեր տրտմությունն ուրախության պիտի փոխվի։ 21Երբ կինը երկունքի ցավերի մեջ է, նրա համար տրտմություն է, որովհետև նրա ժամն արդեն հասել է. բայց երբ մանկանը ծնի, ուրախության շնորհիվ նեղության մասին այլևս չի հիշի, քանզի աշխարհում մի մարդ էլ ծնվեց։ 22Դուք այժմ տրտում եք, բայց ես դարձյալ ձեզ պիտի տեսնեմ, ու ձեր սրտերն ուրախ պիտի լինեն. և ձեր ուրախությունը ոչ ոք ձեզնից չպիտի խլի։ 23Եվ այն օրն ինձ ոչինչ չպիտի հարցնեք։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ինչ իմ անունով խնդրեք Հորից, պիտի տա ձեզ։ 24Մինչև հիմա իմ անունով ոչինչ չխնդրեցիք. խնդրե՛ք և պիտի ստանաք, որպեսզի ձեր ուրախությունը լիակատար լինի»։
Ես հաղթեցի աշխարհին
25«Այս բաներն առակներով ասացի ձեզ. պիտի գա ժամանակ, երբ այլևս առակներով չպիտի խոսեմ ձեզ հետ, այլ Հոր մասին հայտնապես պիտի պատմեմ ձեզ։ 26Այն օրն իմ անունով պիտի խնդրեք. ձեզ չեմ ասում, թե՝ ես պիտի աղաչեմ Հորը ձեզ համար, 27քանի որ Հայրն ինքն իսկ սիրում է ձեզ. որովհետև դուք սիրեցիք ինձ ու հավատացիք, որ ես Աստծուց ելա։ 28Ելա Հորից և եկա աշխարհ. դարձյալ թողնում եմ աշխարհը և գնում Հոր մոտ»։
29Աշակերտները նրան ասացին. «Ահա հիմա բացահայտ ես խոսում և ոչ մի առակ չես ասում։ 30Հիմա գիտենք, որ ամեն բան գիտես, և կարիք չկա, որ մեկը քեզ բան հարցնի. դրա համար հավատում ենք, որ Աստծուց ելար»։ 31Հիսուսը պատասխանեց նրանց. «Այժմ հավատո՞ւմ եք. 32ահա պիտի գա ժամանակը և արդեն իսկ եկել է, երբ կցրվեք յուրաքանչյուրդ ձեր տեղն ու ինձ միայնակ կթողնեք. սակայն ես միայնակ չեմ, որովհետև Հայրն ինձ հետ է։ 33Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Այստեղ՝ աշխարհում, նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին»։
Արդեն Ընտրված.
ՀՈՎՀԱՆՆԵՍ 16: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
![None](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapistaging.com%2F58%2Fhttps%3A%2F%2Fweb-assets.youversion.com%2Fapp-icons%2Fhy.png&w=128&q=75)
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն