ՀՈՎՀԱՆՆԵՍ 18

18
Հիսուսի մատնությունը և ձերբակալությունը
(Մտթ. 26.47-56, Մրկ. 14.43-50, Ղուկ. 22.47-53)
1Այս ամենն ասելուց հետո Հիսուսն աշակերտներով հանդերձ ելավ գնաց Կեդրոնի ձորի մյուս կողմը, որտեղ մի պարտեզ կար, ուր մտան ինքն ու իր աշակերտները։ 2Հուդան էլ, որ նրան մատնելու էր, գիտեր այդ տեղը, որովհետև Հիսուսն ու իր աշակերտները շատ անգամ էին այնտեղ հավաքվել։ 3Եվ Հուդան, իր հետ վերցնելով գունդը և քահանայապետների ու փարիսեցիների կողմից ուղարկված պահակների, այնտեղ եկավ ջահերով, լապտերներով ու զենքերով։ 4Իսկ Հիսուսը, իր վրա եկող այս ամենը տեսնելով, դուրս ելավ ու նրանց ասաց. «Ո՞ւմ եք փնտրում»։ 5Նրան պատասխանեցին՝ Հիսուս Նազովրեցուն։ Հիսուսը նրանց ասաց. «Ես եմ»։ Նրանց հետ էր նաև Հուդան, որ մատնում էր նրան։ 6Երբ Հիսուսն ասաց՝ «Ես եմ», հետ-հետ գնացին ու ընկան գետնին։ 7Դարձյալ նրանց հարցրեց. «Ո՞ւմ եք փնտրում»։ Նրանք ասացին՝ Հիսուս Նազովրեցուն։ 8Հիսուսը նրանց պատասխանեց. «Ձեզ ասացի՝ ես եմ. արդ, եթե ինձ եք փնտրում, նրանց թո՛ւյլ տվեք գնալու». 9որպեսզի կատարվի խոսքը, որ ասել էր՝ «Նրանց, ում ինձ տվեցիր, նրանցից և ոչ մեկին չկորցրի»։ 10Իսկ Սիմոն Պետրոսը, որովհետև սուր ուներ, քաշեց այն, հարվածեց քահանայապետի ծառային ու կտրեց նրա աջ ականջը։ Ծառայի անունը Մաղքոս էր։ 11Հիսուսը Պետրոսին ասաց. «Սուրդ պատյանի մե՛ջ դիր. մի՞թե չպիտի խմեմ բաժակը, որ Հայրը տվեց ինձ»։
12Իսկ գունդը, հազարապետը և հրեաների պահակները բռնեցին Հիսուսին ու կապեցին։
Հիսուսը քահանայապետների առաջ
(Մտթ. 26.57-68, Մրկ. 14.53-65, Ղուկ. 22.66-71)
13Նրան նախ տարան Աննայի մոտ, որը Կայիափայի՝ այդ տարվա քահանայապետի աներն էր։ 14Սա այն Կայիափան էր, որ հրեաներին խրատ տվեց, թե ավելի լավ է, որ ժողովրդի համար մեկ մարդ մեռնի։
Պետրոսի ուրացումները
(Մտթ. 26.69-75, Մրկ. 14.66-72, Ղուկ. 22.54-62)
15Եվ Հիսուսի հետևից գնում էին Սիմոն Պետրոսն ու մյուս աշակերտը։ Եվ քանի որ այդ աշակերտը քահանայապետին ծանոթ էր, Հիսուսի հետ մտավ քահանայապետի տան գավիթը։ 16Իսկ Պետրոսը կանգնել էր դռան մոտ՝ դրսում։ Այդ մյուս աշակերտը՝ քահանայապետի ծանոթը, դուրս ելավ, դռնապանին ասաց ու Պետրոսին ներս մտցրեց։ 17Դռնապան աղջիկը Պետրոսին ասաց. «Չէ՞ որ դու էլ այդ մարդու աշակերտներից ես»։ Եվ նա ասաց. «Ո՛չ, չեմ»։ 18Այնտեղ կային ծառաներ ու պահակներ, որոնք, քանի որ ցուրտ էր, խարույկ էին վառել ու տաքանում էին։ Պետրոսն էլ նրանց հետ կանգնել ու տաքանում էր։ 19Իսկ քահանայապետը Հիսուսին սկսեց հարցնել նրա աշակերտների ու նրա վարդապետության մասին։ 20Հիսուսը նրան պատասխանեց. «Ես բացահայտ խոսեցի աշխարհում. ես միշտ տաճարում ու ժողովարանում եմ ուսուցանել, որտեղ հավաքվում էին բոլոր հրեաները. ծածուկ ոչինչ չեմ խոսել։ 21Ինձ ինչո՞ւ ես հարցուփորձ անում. հարցուփո՛րձ արա նրանց, ովքեր լսել են, թե ես նրանց հետ ի՛նչ եմ խոսել. ահավասիկ նրանք գիտեն, թե ի՛նչ եմ ասել»։ 22Երբ նա այս ասաց, այնտեղ կանգնած պահակներից մեկը, Հիսուսին մի ապտակ տալով, ասաց. «Այդպե՞ս ես պատասխան տալիս քահանայապետին»։ 23Հիսուսը նրան ասաց. «Եթե վատ բան ասացի, վկայիր վատի՛ մասին, իսկ եթե լավ, ինձ ինչո՞ւ ես խփում»։ 24Եվ Աննան նրան կապած ուղարկեց Կայիափա քահանայապետի մոտ։
25Եվ Սիմոն Պետրոսն այնտեղ կանգնած տաքանում էր։ Նրան ասացին. «Չէ՞ որ դու էլ նրա աշակերտներից ես»։ Նա ուրացավ ու ասաց. «Ո՛չ, չեմ»։ 26Եվ քահանայապետի ծառաներից մեկը՝ նրա ազգականը, որի ականջը Պետրոսը կտրել էր, ասաց. «Չէ՞ որ ես ինքս պարտեզում տեսա քեզ նրա հետ»։ 27Պետրոսը դարձյալ ուրացավ, և աքաղաղն անմիջապես կանչեց։
Հիսուսը Պիղատոսի առաջ
(Մտթ. 27.1-211-14, Մրկ. 15.1-5, Ղուկ. 23.1-5)
28Կայիափայի մոտից Հիսուսին տարան կուսակալի ապարանքը։ Թեև այգաբաց էր, բայց նրանք ապարանք չմտան, որպեսզի չպղծվեն և որպեսզի զատկական ընթրիքը կարողանան ուտել։ 29Ուստի Պիղատոսն ինքը դուրս ելավ նրանց մոտ ու ասաց. «Այս մարդու մասին ի՞նչ ամբաստանություն եք ներկայացնում»։ 30Նրան պատասխանեցին. «Եթե սա չարագործ չլիներ, ապա նրան քո ձեռքը չէինք մատնի»։ 31Պիղատոսը նրանց ասաց. «Դուք վերցրե՛ք նրան և ձեր Օրենքի համաձայն նրան դատե՛ք»։ Հրեաները նրան ասացին. «Մեզ համար որևէ մեկին սպանելն օրինավոր չէ» 32(որպեսզի կատարվի Հիսուսի այն խոսքը, որ նա ասաց՝ նշելով, թե ինքն ի՛նչ մահով էր մեռնելու)։ 33Պիղատոսը դարձյալ ապարանք մտավ, կանչեց Հիսուսին ու ասաց նրան. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ 34Հիսուսը պատասխանեց. «Դու քեզնի՞ց ես այդ ասում, թե՞ իմ մասին ուրիշներն ասացին քեզ»։ 35Պիղատոսը պատասխանեց. «Մի՞թե ես էլ հրեա եմ. քո ազգն ու քահանայապետները մատնեցին քեզ իմ ձեռքը. ասա՛, ի՞նչ ես արել»։ 36Հիսուսը պատասխանեց. «Իմ թագավորությունն այս աշխարհից չէ. եթե իմ թագավորությունն այս աշխարհից լիներ. չէ՞ որ իմ հետևորդներն արդեն կմարտնչեին, որպեսզի հրեաների ձեռքը չմատնվեմ. բայց, արդ, իմ թագավորությունն այս աշխարհից չէ»։ 37Պիղատոսը նրան ասաց. «Եթե այդպես է, ուրեմն դու թագավո՞ր ես»։ Հիսուսը նրան պատասխանեց. «Դու ես ասում, որ թագավոր եմ, բայց ես դրա համար իսկ ծնվել ու աշխարհ եմ եկել, որպեսզի վկայեմ ճշմարտության մասին։ Ամեն մարդ, որ ճշմարտությունից է, իմ ձայնը լսում է»։ 38Պիղատոսը նրան հարցրեց. «Ի՞նչ է ճշմարտությունը»։ Երբ այս ասաց, անմիջապես դուրս ելավ հրեաների մոտ ու ասաց նրանց. «Ես նրա մեջ ոչ մի հանցանք չեմ գտնում։
Բարաբբան
(Մտթ. 27.15-26, Մրկ. 15.6-15, Ղուկ. 23.13-25)
39Բայց դուք սովորություն ունեք, որ Զատկին ձեզ համար մի բանտարկյալ արձակեմ. արդ, ուզո՞ւմ եք, որ ձեզ համար արձակեմ հրեաների թագավորին»։ 40Բոլորն աղաղակեցին ու ասացին՝ ո՛չ դրան, այլ Բարաբբային։ Իսկ այդ Բարաբբան մի ավազակ էր։

Արդեն Ընտրված.

ՀՈՎՀԱՆՆԵՍ 18: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք