ՀՈՎՀԱՆՆԵՍ 19
19
1Այն ժամանակ Պիղատոսը հրամայեց Հիսուսին վերցնել ու գանակոծել։ 2Իսկ զինվորները, փշե պսակ շինելով, դրեցին նրա գլխին և ծիրանի զգեստ հագցրին։ 3Գալիս էին նրա մոտ ու ասում. «Ողջո՜ւյն, հրեաների՛ թագավոր»։ Եվ ապտակում էին նրան։ 4Պիղատոսը դարձյալ դուրս ելավ ու ասաց նրանց. «Ահա նրան դուրս՝ ձեզ մոտ եմ բերում, որպեսզի իմանաք, որ ես նրա մեջ որևէ հանցանք չեմ գտնում»։ 5Ապա Հիսուսը դուրս ելավ. փշե պսակ ուներ ու ծիրանի զգեստ։ Եվ Պիղատոսը նրանց ասաց. «Ահա՛, ձեր մարդը թող ձեզ լինի»։ 6Երբ քահանայապետներն ու պահակները նրան տեսան, աղաղակ բարձրացրին և ասացին. «Խա՛չը հանիր, խա՛չը հանիր դրան»։ Պիղատոսը նրանց ասաց. «Վերցրե՛ք նրան ձեզ և ինքնե՛րդ խաչը հանեք, քանի որ ես նրա մեջ որևէ հանցանք չեմ գտնում»։ 7Հրեաները նրան պատասխանեցին. «Մենք օրենք ունենք, և ըստ մեր օրենքի՝ նա պետք է մեռնի, որովհետև իրեն Աստծու Որդի դարձրեց»։ 8Երբ Պիղատոսն այս խոսքերը լսեց, առավել ևս վախեցավ։ 9Դարձյալ մտավ ապարանք ու Հիսուսին ասաց. «Դու որտեղի՞ց ես»։ Բայց Հիսուսը նրան պատասխան չտվեց։ 10Պիղատոսը նրան ասաց. «Ինձ հետ չե՞ս խոսում, չգիտե՞ս, որ իշխանություն ունեմ քեզ և՛ խաչը հանելու, և՛ ազատ արձակելու»։ 11Հիսուսը պատասխանեց. «Դու ինձ վրա ոչ մի իշխանություն էլ չէիր ունենա, եթե քեզ ի վերուստ տրված չլիներ. դրա համար էլ ինձ քո ձեռքը մատնողն ավելի մեծ մեղք գործեց»։
12Դրանից հետո Պիղատոսն ուզում էր նրան ազատ արձակել։ Իսկ հրեաներն աղաղակում էին ու ասում. «Եթե դրան արձակես, կայսրին բարեկամ չես։ Ամենայն ոք, ով ինքն իրեն թագավոր է կոչում, հակառակ է կայսեր»։ 13Իսկ երբ Պիղատոսն այս խոսքերը լսեց, Հիսուսին դուրս բերեց, նստեց բեմի վրա՝ Քարահատակ, եբրայերեն՝ Կապպաթա, կոչված վայրում։ 14Զատկին պատրաստվելու օրն էր, վեցերորդ ժամին մոտ։ Եվ նա հրեաներին ասաց. «Ահա՛, ձեր թագավորը թող ձեզ լինի»։ 15Իսկ նրանք աղաղակում էին. «Վերացրո՛ւ, վերացրո՛ւ դրան մեր միջից և խա՛չը հանիր դրան»։ Պիղատոսը նրանց հարցրեց. «Ես ձեր թագավորին խա՞չը հանեմ»։ Քահանայապետները պատասխանեցին. «Մենք այլ թագավոր չունենք, կայսրից բացի»։ 16Այն ժամանակ Հիսուսին հանձնեց նրանց ձեռքը, որպեսզի խաչը հանվի։
Հիսուսի խաչելությունը
(Մտթ. 27.32-44, Մրկ. 15.21-32, Ղուկ. 23.26-43)
Եվ նրանք վերցրին Հիսուսին ու տարան։ 17Խաչափայտը նա ինքն էր վերցրել և բարձրացնում էր Գագաթ, եբրայերեն՝ Գողգոթա, կոչված վայրը, 18որտեղ էլ խաչը հանեցին նրան և նրա հետ՝ երկու ուրիշների էլ այս ու այն կողմից, իսկ մեջտեղում՝ Հիսուսին։ 19Պիղատոսը մի տախտակ էլ սարքեց ու դրեց խաչի վրա. գրված էր՝ «Հիսուս Նազովրեցի՝ հրեաների թագավոր»։ 20Այդ տախտակը հրեաներից շատերը կարդացին, որովհետև Հիսուսի խաչելության տեղը մոտ էր քաղաքին (տախտակն էլ գրված էր եբրայերեն, լատիներեն և հունարեն)։ 21Հրեաների քահանայապետները Պիղատոսին ասացին. «Մի՛ գրիր՝ “Հրեաների թագավոր”, այլ թե՝ “նա ասաց, որ Հրեաների թագավորն եմ”»։ 22Պիղատոսը պատասխանեց. «Ինչ գրեցի, գրեցի»։
23Իսկ զինվորները Հիսուսին խաչը հանելուց հետո վերցրին նրա հագուստներն ու չորս մասի բաժանեցին. յուրաքանչյուր զինվորի՝ մեկ մաս։ Պատմուճանն էլ վերցրին, բայց քանի որ այն առանց կարի էր՝ միակտոր, վերևից ներքև ամբողջովին հյուսած, 24ուստի միմյանց ասացին. «Եկեք այն իզուր չպատռտենք, այլ դրա վրա վիճակ գցենք, ում որ ելնի», որպեսզի կատարվի գրվածը, որ ասում է.
«Իմ հագուստներն իրար մեջ բաժանեցին
ու իմ պատմուճանի վրա վիճակ գցեցին» (Սաղ. 21(22).19(18))։
Զինվորներն այս ամենն արեցին։
25Իսկ Հիսուսի խաչի մոտ կանգնած էին նրա մայրն ու մորաքույրը՝ Կղեոպասի կին Մարիամը, և Մարիամ Մագդաղենացին։ 26Երբ Հիսուսը տեսավ մորն ու նրան մոտ կանգնած սիրելի աշակերտին, մորն ասաց. «Ո՛վ կին, ահա քո որդին»։ 27Ապա աշակերտին ասաց. «Ահա քո մայրը»։ Եվ այդ պահից սկսած՝ աշակերտը նրան իր մոտ վերցրեց։
Հիսուսի մահը
(Մտթ. 27.45-56, Մրկ. 15.33-41, Ղուկ. 23.44-49)
28Այնուհետև Հիսուսը, իմանալով, թե ահա ամեն ինչ կատարված է, որպեսզի իրականանա գրվածը, ասաց. «Ծարավ եմ»։ 29Այնտեղ քացախով լի մի աման կար. լեղախառն քացախով մի սպունգ թրջեցին, դրեցին եղեգի ծայրին ու մոտեցրին նրա բերանին։ 30Երբ Հիսուսը լեղախառն քացախը բերանն առավ, ասաց. «Ամեն ինչ կատարված է»։ Եվ գլուխը կախելով՝ հոգին ավանդեց։
31Իսկ հրեաները, քանի որ ուրբաթ էր, և որպեսզի մարմինները մինչև շաբաթ չմնային խաչի վրա (քանի որ այն շաբաթը տոնի մեծ օրն էր), Պիղատոսին աղաչեցին, որ կոտրեն նրանց սրունքներն ու վերցնեն նրանց։ 32Զինվորները եկան, կոտրեցին առաջինի սրունքները, այնուհետև նրա հետ խաչ հանված մյուսինը։ 33Իսկ երբ Հիսուսի մոտ եկան, տեսան, որ նա արդեն մեռած էր, և նրա սրունքները չկոտրեցին։ 34Սակայն զինվորներից մեկը տեգով խոցեց նրա կողը, և իսկույն արյուն ու ջուր ելավ։ 35Այս բանը տեսնողը վկայեց, և ճշմարիտ է նրա վկայությունը, քանզի գիտի, որ ճշմարիտ է ասում, որպեսզի դուք էլ հավատաք։ 36Այս ամենը պատահեց, որպեսզի իրականանա գրվածը. «Նրա ոսկորը չպիտի փշրվի» (Ելք 12.46, Թվ. 9.12, Սաղ. 33(34).21(20))։ 37Եվ դարձյալ, ըստ մյուս գրվածի՝ «Պիտի նայեն նրան, որին խոցեցին» (Զաք. 12.10)։
Հիսուսի թաղումը
(Մտթ. 27.57-61, Մրկ. 15.42-47, Ղուկ. 23.50-56)
38Այնուհետև արիմաթեացի Հովսեփը՝ հրեաների վախի պատճառով Հիսուսի թաքուն աշակերտը, Պիղատոսին աղաչեց, որ վերցնի Հիսուսի մարմինը։ Պիղատոսն անմիջապես հրաման տվեց, և եկան ու վերցրին Հիսուսի մարմինը։ 39Նիկոդեմոսը, որ առաջին անգամ գիշերով էր Հիսուսի մոտ եկել, հալվեի հետ խառնված մոտ հարյուր լիտր զմուռս բերեց։ 40Վերցրին Հիսուսի մարմինը և ըստ հրեաների սովորության՝ պատեցին կտավներով ու խնկերով։ 41Խաչելության վայրում մի պարտեզ կար, պարտեզում՝ մի նոր գերեզման, որի մեջ երբեք որևէ մեկը չէր դրվել։ 42Հրեաների ուրբաթի պատճառով, քանի որ գերեզմանը մոտ էր, Հիսուսին այնտեղ դրեցին։
Արդեն Ընտրված.
ՀՈՎՀԱՆՆԵՍ 19: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն