ՀՈՎՀԱՆՆԵՍ 6
6
Հացի բազմացումը և հինգ հազարի կերակրումը
(Մտթ. 14.13-21, Մրկ. 6.30-44, Ղուկ. 9.10-17)
1Այնուհետև Հիսուսը Գալիլեայի՝ Տիբերական ծովի հանդիպակաց կողմն անցավ։ 2Նրա հետևից բազում ժողովուրդ էր գնում, որովհետև տեսնում էին այն նշանները, որ նա կատարում էր հիվանդների վրա։ 3Բայց Հիսուսը լեռ բարձրացավ ու նստեց այնտեղ իր աշակերտների հետ։ 4Մոտ էր Զատիկը՝ հրեաների տոնը։
5Հիսուսն իր աչքերը վեր բարձրացրեց և տեսնելով, որ բազում ժողովուրդ է գալիս իր մոտ, Փիլիպպոսին ասաց. «Որտեղի՞ց հաց պիտի գնենք, որ դրանք ուտեն»։ 6Բայց այս ասում էր՝ նրան փորձելու համար, որովհետև ինքը գիտեր, թե ի՛նչ էր անելու։ 7Փիլիպպոսը նրան պատասխանեց. «Երկու հարյուր դահեկանի հացը դրանց չի բավարարի, թեկուզև յուրաքանչյուրը մի կտոր վերցնի»։ 8Նրա աշակերտներից մեկը՝ Անդրեասը, Սիմոն Պետրոսի եղբայրը, ասաց նրան. 9«Այստեղ մի պատանի կա, որ հինգ գարեհաց ունի և երկու ձուկ. բայց այդքանն ի՞նչ է այսքան մարդու համար»։ 10Հիսուսն ասաց. «Նստեցրե՛ք մարդկանց»։ Այնտեղ առատ խոտ կար։ Եվ շուրջ հինգ հազար մարդիկ նստեցին։ 11Հիսուսը հացը վերցրեց, գոհություն հայտնեց Աստծուն և բաշխեց նստածներին։ Նույն ձևով և ձկներից, որչափ կամեցան։ 12Եվ երբ կշտացան, աշակերտներին ասաց. «Հավաքե՛ք այդ մնացած կտորները, որպեսզի ոչ մի բան չկորչի»։ 13Հավաքեցին և լցրին տասներկու սակառ այն հինգ գարեհացի կտորտանքով, որն ավելացել էր ուտողներից։ 14Իսկ մարդիկ, երբ տեսան այն նշանները, որ նա արեց, ասացին. «Սա է ճշմարիտ մարգարեն, որ աշխարհ էր գալու»։
15Երբ Հիսուսն իմացավ, որ գալու են իրեն տանելու և բռնի կերպով թագավոր դարձնելու, կրկին միայնակ դեպի լեռը գնաց։
Հիսուսը քայլում է ջրի վրայով
(Մտթ. 14.22-33, Մրկ. 6.45-52)
16Երբ երեկո եղավ, նրա աշակերտները ծովեզերք իջան։ 17Նավակ նստելով՝ գնացին դեպի ծովի մյուս կողմը՝ դեպի Կափառնաում։ Եվ երբ մութն ընկավ, Հիսուսը դեռ նրանց մոտ չէր եկել, 18իսկ ծովն ուժգին հողմից փոթորկվում էր։ 19Շուրջ քսանհինգ կամ երեսուն ասպարեզ թիավարելուց հետո տեսան ծովի վրայով քայլող Հիսուսին, որ մոտեցել էր նավակին, և սաստիկ վախեցան։ 20Եվ նա ասաց նրանց. «Ես եմ, մի՛ վախեցեք»։ 21Եվ ուզում էին նավակ հանել նրան, սակայն նավակը շուտով հասավ այն տեղը, ուր գնում էին։
Հիսուսը՝ կենաց հաց
22Հաջորդ օրը ժողովուրդը, որ մնացել էր ծովի այն կողմը, տեսավ, որ այնտեղ այլ նավակ չկա, բացի մեկից, որի մեջ մտել էին Հիսուսի աշակերտները, իսկ Հիսուսը իր աշակերտների հետ նավակ չէր մտել, այլ միայն իր աշակերտներն էին գնացել։ 23Սակայն Տիբերիայից ուրիշ նավակներ էլ էին գալիս այն տեղին մոտ, որտեղ հացն էին կերել։ 24Երբ ժողովուրդը տեսավ, որ Հիսուսն այդտեղ չէ, և ոչ էլ նրա աշակերտները, նավակներն առան ու եկան Կափառնաում՝ Հիսուսին փնտրելու։ 25Եվ երբ նրան գտան ծովի մյուս կողմում, ասացին նրան. «Ռաբբի՛, ե՞րբ եկար այստեղ»։ 26Հիսուսը պատասխանեց նրանց ու ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ նշաններ տեսաք, այլ որովհետև կերաք այն հացից և կշտացաք։ 27Գնացե՛ք, աշխատե՛ք ոչ թե կորստյան ենթակա կերակուրի համար, այլ այն կերակուրի, որը մնում է հավիտենական կյանքի համար, և որը Մարդու Որդին կտա ձեզ, քանի որ նրան իր կնիքով հաստատել է Հայրը՝ Աստված»։ 28Նրան ասացին. «Ի՞նչ անենք, որ Աստծու ուզած գործերը գործենք»։ 29Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. «Աստծու ուզած գործն այս է. որ հավատաք նրան, ում նա ուղարկեց»։ 30Նրան ասացին. «Ի՞նչ նշան կանես, որ տեսնենք ու հավատանք, ի՞նչ կգործես։ 31Մեր հայրերն անապատում մանանան կերան, ինչպես որ գրված է. “Երկնքից նրանց հաց տվեց ուտելու” (Սաղ. 77(78).24)»։ 32Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, Մովսեսը չէր, որ ձեզ երկնքից հաց տվեց, այլ իմ Հայրն է տալիս ձեզ ճշմարիտ հացը երկնքից. 33որովհետև Աստծու հացը նա է, որ իջնում է երկնքից և կյանք է տալիս աշխարհին»։ 34Նրան ասացին. «Տե՛ր, ամեն ժամ տո՛ւր մեզ այդ հացը»։ 35Հիսուսը նրանց ասաց. «Ես եմ կենաց հացը. ով դեպի ինձ գա, չի քաղցի, և ով ինձ հավատա, երբեք չի ծարավի։ 36Բայց ես ձեզ ասել եմ, որ ինձ տեսաք և չեք հավատում։ 37Բոլոր նրանք, ում Հայրն ինձ տալիս է, կգան ինձ մոտ, և ով ինձ մոտ գա, դուրս չեմ անի. 38որովհետև ես երկնքից իջա ոչ թե իմ կամքը կատարելու, այլ կամքը նրա, ով ինձ ուղարկեց։
39Այս է կամքը իմ Հոր, որ ինձ ուղարկեց. որպեսզի բոլոր նրանցից, ում Հայրն ինձ է տվել, ոչ մեկին չկորցնեմ, այլ վերջին օրը հարություն առնել տամ նրանց։ 40Քանզի այս է իմ Հոր կամքը. ամեն ոք, ով տեսնի Որդուն և հավատա նրան, հավիտենական կյանք կունենա. և ես նրան վերջին օրը հարություն առնել կտամ»։
41Իսկ հրեաները տրտնջում էին նրանից, որովհետև ասել էր՝ ե՛ս եմ երկնքից իջած հացը։ 42Եվ ասում էին. «Սա Հիսուսը՝ Հովսեփի որդին չէ՞, որի հորն ու մորը մենք ճանաչում ենք։ Իսկ հիմա ինչպե՞ս է ասում՝ ես երկնքից իջա»։ 43Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Իրար մեջ մի՛ քրթմնջացեք. 44ոչ ոք չի կարող գալ դեպի ինձ, եթե նրան չձգի Հայրը, որ ինձ ուղարկեց, և ես նրան վերջին օրը հարություն առնել կտամ։ 45Մարգարեների գրքերում գրված է. “Եվ ամենքն Աստծուց ուսանած կլինեն” (Ես. 54.13ա)։ Ամեն ոք, որ լսում է Հորից և սովորում, գալիս է դեպի ինձ։ 46Սակայն ոչ ոք Հորը չի տեսել, այլ միայն նա, ով Աստծուց է, նա՛ է տեսել Հորը։ 47Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ով հավատում է, հավիտենական կյանք է ունենում։ 48Ես եմ կենաց հացը։ 49Ձեր հայրերը անապատում մանանան կերան, սակայն մեռան։ 50Այս է երկնքից իջած հացը, որպեսզի ով սրանից ուտի, չմեռնի։ 51Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջել. եթե մեկն այս հացից ուտի, հավիտյան կապրի, և այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որը ես տալու եմ աշխարհի կյանքի համար»։
52Բայց հրեաներն իրար հետ բուռն կերպով վիճում էին և ասում. «Սա ինչպե՞ս կարող է իր մարմինը մեզ տալ՝ ուտելու»։ 53Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չուտեք Մարդու Որդու մարմինը և չըմպեք նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա։ 54Ով ուտում է իմ մարմինը և ըմպում իմ արյունը, հավիտենական կյանք ունի. և ես նրան վերջին օրը հարություն կտամ, 55քանի որ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և իմ արյունը՝ ճշմարիտ ըմպելիք։ 56Ով ուտում է իմ մարմինը և ըմպում իմ արյունը, կբնակվի իմ մեջ, և ես էլ՝ նրա մեջ։ 57Ինչպես կենդանի Հայրն առաքեց ինձ, և ես ապրում եմ Հոր միջոցով, այնպես էլ ինձ ուտողը կապրի ինձանով։ 58Այս է երկնքից իջած հացը. ոչ այնպես, ինչպես մանանան, որը ձեր հայրերը կերան և մեռան. այլ ով այս հացն ուտում է, կապրի հավիտյան»։ 59Նա այս բաներն ասաց Կափառնաումի մեջ՝ ժողովարանում ուսուցանելիս։ 60Եվ աշակերտներից շատերը, երբ լսեցին, ասացին. «Խիստ է այդ խոսքը. ո՞վ կարող է այն լսել»։ 61Հիսուսը, երբ ինքն իր մեջ իմացավ, որ իր աշակերտները դրա համար տրտնջում են, նրանց ասաց. «Դա ձեզ գայթակղեցնո՞ւմ է. 62իսկ արդ, եթե տեսնեք Մարդու Որդուն բարձրանալիս այնտեղ, որտեղ առա՞ջ էր»։
Հոգին է կենդանարար
63«Հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարող անել։ Այն խոսքը, որ ես ձեզ ասացի, հոգի է և կյանք։ 64Բայց ձեր մեջ կան ոմանք, որ չեն հավատում»։ Քանի որ Հիսուսն սկզբից գիտեր, թե ովքեր են նրանք, որ չեն հավատում, և ով է նա, որ մատնելու է իրեն։ Եվ ասաց. 65«Դրա համար ձեզ ասացի, թե ոչ ոք չի կարող գալ դեպի ինձ, եթե դա իմ Հորից տրված չէ նրան»։
66Սրանից նրա աշակերտներից շատերը հետ քաշվեցին և այլևս նրա հետ չէին շրջում։ 67Հիսուսը տասներկու աշակերտներին ասաց. «Մի՞թե դուք էլ եք ուզում գնալ»։ 68Սիմոն Պետրոսը նրան պատասխանեց. «Տե՛ր, ո՞ւմ մոտ պիտի գնանք։ Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ 69Եվ մենք հավատացինք ու ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»։ 70Հիսուսը նրանց պատասխանեց. «Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ՝ տասներկուսիդ, և ձեզանից մեկը սատանա է»։ 71Նա խոսում էր Սիմոնի որդի Հուդա Իսկարիովտացու մասին, որովհետև հենց նա էր մատնելու նրան, և նա տասներկուսից մեկն էր։
Արդեն Ընտրված.
ՀՈՎՀԱՆՆԵՍ 6: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն