ՂԵՎՏԱԿԱՆ 24

24
Սրբարանի աշտանակը
(Ելք 27.20-21)
1Տերն ասաց Մովսեսին. 2«Իսրայելի որդիներին պատվիրի՛ր, որ լույս վառելու համար ձիթապտղի ճզմած յուղ բերեն քեզ, որպեսզի միշտ վառ մնա այն ճրագը, 3որ կա Վկայության խորանի մեջ՝ վարագույրի դրսի կողմում։ Ահարոնն ու նրա որդիները երեկոյից մինչև առավոտ այն տևապես թող վառ պահեն Տիրոջ առջև։ Դա հավիտենական օրենք թող լինի ձեր սերունդների համար։ 4Տիրոջ առջև՝ սուրբ աշտանակի վրա, մինչև առավոտ վա՛ռ պահեք ճրագները։
Աստծուն մատուցված հացը
5Կվերցնեք նաշիհ և դրանից տասներկու հաց կպատրաստեք, յուրաքանչյուրը երկու տասներորդական քաշով։ 6Տիրոջ առաջ՝ սուրբ սեղանի վրա, դրանք կդնեք երկու դիզված կույտով, ամեն կույտում՝ վեց հաց։ 7Յուրաքանչյուր դիզված կույտի վրա կդնես մաքուր կնդրուկ և աղ, որպեսզի Տիրոջ առջև հիշատակի նվեր լինեն։ 8Յուրաքանչյուր շաբաթ այդ տասներկու հացերը մշտապես պիտի դրվեն Տիրոջ առջև Իսրայելի որդիների կողմից՝ իբրև հավիտենական ուխտ։ 9Այդ հացերը պատկանում են Ահարոնին ու նրա որդիներին։ Դրանք թող ուտեն սուրբ վայրում, քանի որ դա Տիրոջն ընծայաբերվող նվերների մեջ ամենասուրբն է։ Դա հավիտենական օրենք է»։
Արդար և ուղիղ պատժի օրինակ
10Իսրայելացի մի կնոջ որդի, որի հայրը եգիպտացի էր և բնակվում էր Իսրայելի որդիների մեջ, մի օր բանակատեղիում կռիվ արեց մի իսրայելացու հետ։ 11Իսրայելացի կնոջ որդին տվեց Տիրոջ անունը և հայհոյեց։ Նրան բերեցին Մովսեսի մոտ։ Նրա մոր անունը Սալամիթ էր։ Նա Դանի ցեղից Դաբրիի դուստրն էր։ 12Նրան բանտարկեցին՝ Աստծու հրամանի համաձայն դատելու համար։ 13Տերն ասաց Մովսեսին. 14«Հայհոյող մարդուն հանե՛ք բանակատեղիից դուրս, և բոլոր վկաները թող իրենց ձեռքերը դնեն նրա գլխին, և ապա ամբողջ ժողովուրդը թող քարկոծի նրան։ 15Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Ով որ հայհոյի Աստծուն, մեղքի մեջ կընկնի։ 16Տիրոջ անունը տվողը թող մահապատժի ենթարկվի։ Ողջ ժողովուրդը թող քարկոծի նրան։ Տիրոջ անունը տվողը, պանդուխտ լինի նա թե բնիկ, մահապատժի թող ենթարկվի։
17Եթե որևէ մեկը հարվածի ու մարդ սպանի, մահապատժի թող ենթարկվի։ 18Ով անասունի հարվածի և սա սատկի, տիրոջը նույնպիսի անասունով թող հատուցի։ 19Եթե որևէ մեկը խեղանդամ դարձնի իր նմանին, ինչ որ արել է, նույնն էլ թող անեն իրեն։ 20Կոտրվածքի դիմաց՝ կոտրվածք, աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ։ Ինչ խեղվածք որ պատճառել է մեկին, նույնով թող հատուցվի։ 21Եթե մարդ է ծեծել, և սա մահացել է, ծեծողը ևս թող մահանա։ 22Միևնույն օրենքը թող կիրառվի և՛ օտարականի, և՛ տեղաբնակի նկատմամբ։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։
23Մովսեսը խոսեց Իսրայելի որդիների հետ, և բանակատեղիից դուրս հանեցին հայհոյողին, ու ողջ ժողովուրդը քարկոծեց նրան։ Իսրայելի որդիներն արեցին այնպես, ինչպես Տերն էր պատվիրել Մովսեսին։

Արդեն Ընտրված.

ՂԵՎՏԱԿԱՆ 24: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք