ՂԵՎՏԱԿԱՆ 6

6
ԶՈՀԵՐԻ ԵՎ ԱՆԱՐՅՈՒՆ ԸՆԾԱՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ
(6–7)
1Տերն ասաց Մովսեսին. 2«Պատվիրի՛ր Ահարոնին ու նրա որդիներին՝ ասելով. “Այս է ողջակեզի կարգը. զոհասեղանի վրա այն պետք է մնա ամբողջ գիշեր՝ մինչև առավոտ, և զոհասեղանի վրա այրվող կրակը չպետք է հանգչի։ 3Քահանան կտավե պատմուճան թող հագնի և կտավե անդրավարտիք՝ իր մարմնի վրա։ Կրակով այրված ողջակեզի մոխիրը թող հավաքի զոհասեղանի վրայից ու դնի զոհասեղանի մոտ։ 4Ապա թող հանի իր պատմուճանը և հագնի այլ պատմուճան ու մոխիրը թող տանի բանակատեղիից դուրս՝ մի մաքուր տեղ։ 5Զոհասեղանի վրա վառվող կրակը չպետք է հանգչի։ Քահանան առավոտները դրա վրա թող փայտ ավելացնի, դնի ողջակեզը և փրկության զոհի ճարպը։ 6Կրակը միշտ պիտի վառվի զոհասեղանի վրա ու երբեք չհանգչի”»։
7«Այս է անարյուն ընծա մատուցելու կարգը, որը Տիրոջ առջև՝ զոհասեղանի դիմաց, պետք է անեն Ահարոնի որդիները՝ քահանաները։ 8Քահանան, իբրև հիշատակի բաժին, մի բուռ պիտի առնի նվիրաբերվող նաշիհից՝ նրա վրա դրված յուղով ու կնդրուկով հանդերձ, և դնի զոհասեղանին՝ անուշահոտություն Տիրոջ համար։ 9Մնացած նաշիհը պիտի ճաշակեն Ահարոնն ու նրա որդիները։ Այս բաղարջը պիտի ուտվի սուրբ վայրում՝ Վկայության խորանի բակում։ 10Այն թթխմորով չպիտի եփվի։ Ինձ հատկացված ընծայի այդ մասը ես իրենց տվեցի։ Դրանք սրբությունների սրբություն են՝ լինի այդ մեղքի զոհ, թե հանցանքների զոհ։ 11Քահանաների ընտանիքների բոլոր արու անդամները թող ուտեն դրանից։ Այս թող լինի Տիրոջը մատուցվելիք նվիրաբերության հավիտենական կարգը ձեր սերունդների մեջ։ Ով որ դիպչի դրանց, կսրբանա»։
12Տերն ասաց Մովսեսին. 13«Այս է Ահարոնի ու նրա որդիների ընծան, որ իրենց օծվելու օրը պիտի մատուցեն Տիրոջը. ամենօրյա ընծա՝ մեկ տասներորդ գրիվ նաշիհ. կեսը՝ առավոտյան, կեսը՝ երեկոյան։ 14Յուղով հունցելուց հետո տապակի մեջ պիտի պատրաստվի այն։ Դա կտրտված, մաքուր վիճակում պիտի մատուցվի՝ իբրև Տիրոջն ընծայաբերվող անուշահոտ ընծա։
15Այս բանը պիտի կրկնի Ահարոնի որդիներից նա, որն օծվելով՝ պիտի հաջորդի նրան։ Սա հավիտենական օրենք է և պիտի կատարվի ամբողջությամբ։ 16Քահանայի բոլոր զոհերը ողջակեզ պետք է լինեն, դրանցից ոչ մի բան չպիտի ուտվի»։
17Տերն ասաց Մովսեսին. 18«Խոսի՛ր Ահարոնի ու նրա որդիների հետ՝ ասելով. “Մեղքի համար զոհ մատուցելու կարգն այս է. մեղքի զոհը թող մորթեն այնտեղ, որտեղ ողջակեզի զոհն են մորթում՝ Տիրոջ առջև։ Դա սրբությունների սրբություն զոհ է։ 19Զոհ մատուցող քահանան պետք է ուտի այն։ Այն պետք է ուտել սուրբ վայրում՝ Վկայության խորանի բակում։ 20Այդ մսին դիպչողը կսրբանա, և եթե դրա արյունից ընկնի զգեստի վրա, այն պետք է լվացվի մաքուր վայրում։ 21Կավե անոթը, որի մեջ կեփվի, պետք է ջարդվի, իսկ եթե եփվի պղնձե անոթի մեջ, պետք է այն շփել ու ջրով ողողել։ 22Քահանաների ընտանիքների բոլոր արու անդամները թող ուտեն դրանից, որովհետև դա Տիրոջը մատուցվող սրբությունների սրբություն զոհ է։ 23Մեղքի ամեն մի զոհ, որի արյան մի մասը բերվում է Վկայության խորան՝ սրբարանում քավություն ստանալու համար, չպետք է ուտվի, այլ կրակով պետք է այրվի”։

Արդեն Ընտրված.

ՂԵՎՏԱԿԱՆ 6: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք