ՄԱՐԿՈՍ 7
7
Վեճ նախնիների ավանդույթի շուրջ
(Մտթ. 15.1-9)
1Փարիսեցիներն ու դպիրներից ոմանք, որոնք եկել էին Երուսաղեմից, հավաքվեցին Հիսուսի շուրջը։ 2Տեսնելով, որ Հիսուսի աշակերտներից ոմանք անմաքուր ձեռքերով, այսինքն՝ անլվա էին հաց ուտում, բամբասեցին, 3որովհետև փարիսեցիները և բոլոր հրեաները հաց չեն ուտում, եթե իրենց ձեռքերը լավ չեն լվացել, քանի որ պահում են հների ավանդույթը։ 4Շուկայից տուն մտնելով՝ եթե նախ չլվացվեն#Իմա՛ մաքրության ավանդությունը չկատարեն։, չեն ուտում։ Ուրիշ շատ բաներ էլ կան, որ ավանդաբար ստացել են պահելու համար, ինչպես՝ բաժակների, սափորների, պղնձե ամանների ու անկողինների լվացումները։ 5Ահա ինչու փարիսեցիներն ու դպիրները հարց տվեցին Հիսուսին. «Քո աշակերտներն ինչո՞ւ նախնիների ավանդույթի համաձայն չեն շարժվում, այլ անմաքուր ձեռքերով են հաց ուտում»։ 6Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. «Եսային լավ է մարգարեացել ձեր՝ կեղծավորներիդ մասին՝ ասելով.
“Այս ժողովուրդն ինձ շուրթերո՛վ է մեծարում,
բայց նրանց սրտերն ինձնից շատ հեռու են.
7 զուր են ինձ պաշտում. ուսուցանում են վարդապետություններ,
որ մարդկանց պատվիրածներն են” (Ես. 29.13)։
8Աստծու պատվիրանը թողած՝ մարդկանց ավանդությունն եք պահում»։ 9Ապա ավելացրեց. «Աստծու պատվիրանը լավ եք անարգում, որպեսզի ձեր ավանդությունը հաստատեք։ 10Օրինակ՝ Մովսեսն ասում է. “Պատվի՛ր քո հորն ու մորը” (Ելք 20.12, Բ Օր. 5.16). նաև՝ “Ով չարախոսի իր հոր կամ մոր մասին, թող մահվան դատապարտվի” (Ելք 21.16, Ղևտ. 20.9)։
11Բայց դուք ասում եք. “Եթե մեկը հորը կամ մորն ասի. “Այն օգնությունը, որ ինձնից ստանալու էիր, կորբան է, այսինքն՝ Աստծուն տալու ընծա”, 12և այլևս անպարտ եք դարձնում նրան իր հոր կամ մոր համար որևէ բան անելուց։ 13Այդպես անարգում եք Աստծու խոսքը ձեր ավանդությունով, որ փոխանցել եք միմյանց։ Եվ սրա նման ուրիշ շատ բաներ էլ եք անում”»։
Մաքուրը և անմաքուրը
(Մտթ. 15.10-20)
14Հիսուսը, իր մոտ կանչելով ամբողջ ժողովրդին, ասաց նրանց. «Ամենքդ լսե՛ք ինձ և իմացե՛ք. 15որևէ բան, որ դրսից է մտնում մարդու մեջ, չի կարող պղծել նրան, այլ ինչ որ նրանից է դուրս ելնում, ա՛յն է պղծում մարդուն։ 16Ով ականջ ունի լսելու, թող լսի»։
17Երբ ժողովրդից բաժանվելով՝ տուն մտավ, աշակերտներն այդ առակի վերաբերյալ նրան հարցրին։ 18Հիսուսը նրանց ասաց. «Դո՞ւք էլ այդպես անմիտ եք, չե՞ք իմանում, թե այն ամենը, որ դրսից է մարդու մեջ մտնում, չի կարող պղծել նրան, 19որովհետև ոչ թե նրա սիրտն է մտնում, այլ որովայնը, և դուրս է ելնում ու մաքրում ամբողջ կերածը»։ 20Եվ շարունակեց. «Ինչ որ մարդուց է դուրս ելնում, ա՛յն է պղծում մարդուն, 21որովհետև ներսից՝ մարդկանց սրտից են ելնում չար խորհուրդները՝ պոռնկություն, գողություն, սպանություն, շնություն, 22ագահություն, չարություն, նենգություն, գիջություն, չար նախանձ, հայհոյություն, ամբարտավանություն, անզգամություն։ 23Այս բոլոր չարիքները ներսից են ելնում և պղծում մարդուն»։
Հեթանոս կնոջ հավատը
(Մտթ. 15.21-28)
24Ապա այնտեղից ելնելով՝ եկավ Տյուրոսի ու Սիդովնի սահմանները։ Մի տուն մտնելով՝ չէր ուզում, որ որևէ մեկն իմանա, սակայն չկարողացավ թաքնված մնալ։ 25Մի կին, որի դուստրը տառապում էր պիղծ ոգուց, լսեց նրա մասին. եկավ ընկավ Հիսուսի առաջ։ 26Այս կինը հեթանոս էր, Ասորիքի Փյունիկեից էր։ Նա աղաչում էր Հիսուսին, որ իր դստեր միջից դևը հանի։ 27Բայց Հիսուսն ասաց նրան. «Թո՛ւյլ տուր, որ նախ մանուկները կշտանան, քանի որ լավ չէ մանուկների հացն առնել և շների առաջ գցել»։ 28Իսկ կինը պատասխանեց և ասաց. «Տե՛ր, շներն էլ մանուկների սեղանի փշրանքներից են կերակրվում»։ 29Եվ Հիսուսը նրան ասաց. «Այդ խոսքիդ համար գնա՛, դևը քո դստեր միջից դուրս է եկել»։ 30Կինը գնաց իր տունը և դևին ելած գտավ, դստերն էլ՝ անկողնու վրա պառկած։
Խուլ ու համր մարդու բժշկումը
31Դուրս ելնելով Տյուրոսի ու Սիդովնի սահմաններից՝ Հիսուսը դարձյալ եկավ Գալիլեայի լճի եզերքը, Դեկապոլիի սահմաններից ներս։ 32Նրա առաջ խուլ ու համր մի մարդու բերեցին և աղաչեցին, որ իր ձեռքը դնի նրա վրա։ 33Նրան ժողովրդից առանձնացնելով՝ իր մատները դրեց նրա ականջների մեջ և այնտեղ թքեց, հետո բռնեց նրա լեզվից։ 34Ապա երկինք նայեց, հառաչեց և ասաց՝ «Եփփաթա», որ նշանակում է «բացվի՛ր»։ 35Նույն պահին նրա ականջները բացվեցին, լեզվի կապանքներն ընկան, և վարժ խոսում էր։ 36Հիսուսը ժողովրդին պատվիրեց, որ ոչ ոքի չասեն։ Բայց ինչքան էլ նա պատվիրում էր, նրանք է՛լ ավելի էին տարածում։ 37Եվ ավելի ու ավելի էին զարմանում ու ասում. «Սա ամեն ինչ լավ արեց, որովհետև խուլերին լսել է տալիս և համրերին՝ խոսել»։
Արդեն Ընտրված.
ՄԱՐԿՈՍ 7: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն