Խոսի՛ր Կյանք Տվող ԽոսքերՕրինակ

Խոսի՛ր Կյանք Տվող Խոսքեր

ՕՐ 2 5-ից

Բառեր, որ սեր են փոխանցում…

Աստծո համար սիրելի ու թանկ զավակ, մարդու շուրթերը բխում են իր սրտի պարունակությունը։ Այսօր մաղթում եմ քեզ, որ քո խոսքերը քո շրջապատի մարդկանց միայն սեր և խաղաղություն փոխանցեն։ Քո խոսքերով մեղմի՛ր մարդկանց բարկությունը։ Դարձի՛ր Աստծո սիրո դեսպանը։ Թո՛ղ քո խոսքերն ինչ-որ մեկի հոգու բժշկության միջոց դառնան Աստծո ձեռքերում։

Առակաց գիրքը լի է մեր առօրյա կյանքին վերաբերող հրաշալի խորհուրդներով՝ թե՛ մեր փոխհարաբերությունների, կենսակերպի և թե ՛այն որոշումների մասին, որոնք կայացնում ենք…

Առակաց 15-րդ գլուխը հրաշալի գաղտնիքներ է բացահայտում այն մասին, թե ինչպես վարվենք բարկության տանող այն իրավիճակների պարագայում, որոնց բախվում ենք մեր առօրյա կյանքում։ Այդ գլխում է գրված հետևյալ խորհուրդը. «Մեղմ պատասխանը ցասումը հանգստացնում է, իսկ նախատական խոսքը գրգռում է բարկությունը» (Առակաց‬ ‭15․1‬)

Սիրելի բարեկամ, Աստծո օգնությամբ դու կարո՛ղ ես մեղմ ու նրբանկատ պատասխան տալ քեզ ցավեցնող խոսքերին։ Բարկությանը գլուխ բարձրացնելու հնարավորություն ընձեռելու փոխարեն, դու կարող ես աղոթքով գնալ Տիրոջ մոտ և Նրանից խնդրել, որպեսզի քեզ զորություն տա և օժտի ճիշտ բառեր ասելու իմաստությամբ։

Մեկ այլ բանալի ենք տեսնում Հակոբոս 1․19-20 հատվածում, որտեղ ասվում է. «Իմացե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, թող ամեն մարդ արագահաս լինի լսելու մեջ, ծանրաշարժ՝ խոսելու և բարկանալու մեջ. որովհետև մարդու բարկությունն Աստծու արդարությունը չի կատարում»։

Եթե հավատքով ընդունես այս խոսքերը քո սրտում, ապա ոչ միայն ավելի կարգապահ կդառնաս քո ինքնատիրապետման առումով և ավելի դյուրին կերպով կկառավարես զգացմունքներդ (այլ ոչ թե դրանք կկառավարեն քեզ), այլև տվյալ մարդու հետ հարաբերության մեջ իրական խաղաղության կհասնես։ Այո՛, Աստված կարող է օգտագործել քեզ, որպեսզի խաղաղություն բերի այնպիսի իրավիճակներում, որտեղ քո բնական արձագանքը պետք է բարկության դրսևորումը լիներ։

Այսօր և այսուհետ հորդորում եմ քեզ լինել դանդաղ քո խոսքերի մեջ։ Մի՛ շտապիր ասել այն, ինչը զգում ես ներսումդ։ Դա անկեղծության դրսևորում չէ։ Երբեմն առանց սիրո ասված ճշմարտությունը բժշկելու փոխարեն խոցոտում է դիմացինին։ Երբեմն մենք ասում ենք խոսքեր, որոնց համար հետագայում ափսոսում ենք, թեև այդ պահին դրանց համար ամեն արդարացումները պատրաստ ունենում ենք։ Թո՛ղ մեր շուրթերից դուրս եկած ցանկացած խոսք պարուրված լինի բարությամբ, քացրությամբ և արտաբերելիս իրավիճակը տանի դեպի խաղաղության, այլ ոչ թե դեպի լարվածության։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը

Օր 1Օր 3

Այս Ծրագրի Մասին

Խոսի՛ր Կյանք Տվող Խոսքեր

Աստվածաշնչի ընթերցանության այս ծրագիրը կենտրոնանում է մարդու շուրթերից դուրս եկող խոսքերի կարևորության վրա։ Աստվածաշնչյան ուսուցումները շեշտում են, որ քրիստոնյայի շուրթերը պետք է մաքուր լինեն և օրհնության ու կյանք փոխանցող խոսքեր բխեցնեն, այլ ոչ թե տրտունջ, բամբասանք ու չարախոսություն։ Հավատում եմ, որ Սուրբ Հոգու ներգործության շնորհիվ այս ընթերցանության շարքը կփոխի Ձեր վերաբերմունքը Ձեր շուրթերից դուրս եկող խոսքերի հանդեպ, և դրանք օրհնություն ու կյանք կփոխանցեն Ձեր շրջապատի մարդկանց։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Jesus.net-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/