Բացահայտի՛ր Իրական Ուրախության ԿյանքըՕրինակ

Բացահայտի՛ր Իրական Ուրախության Կյանքը

ՕՐ 2 6-ից

Աստված քեզ երբե՛ք չի թողնի գետնին ընկած

Սիրելի՛ բարեկամ, Աստված ուզում է ընկած տեղից բարձրացնել քեզ և լցնել քեզ Իր ուրախությամբ և զորությամբ, որպեսզի կարողանաս առաջ շարժվել քո ընթացքի մեջ։

«Եթե ասում եմ՝ «Ոտքս դողդողում է», Տե՛ր, քո ողորմությունը հաստատում է ինձ։ Մինչ իմ հոգսերն իմ սրտում շատանում են, քո մխիթարություններն ուրախացնում են ինձ» (Սաղմոս 94.18-19)։

«Ոտքս դողդողում է» կամ ինչպես գրված է Աստվածաշնչի մյուս թարգմանություններում՝ «Ոտքս սայթաքում է»: Քրիստոնյայի կյանքը ընթացք է և երբեմն պատահում է, որ մենք այդ ընթացքի մեջ սայթաքում ենք և ընկնում։

Սիրելի բարեկա՛մ, իսկ քո կյանքի ո՞ր բնագավառներում ես դու ամենից հաճախ սայթաքում՝

  • Շատակերությա՞ն,
  • Բամբասանքի՞,
  • Անկառավարելի ծախսերի՞,
  • Զայրույթի՞,
  • Վատ բառեր արտահայտելո՞ւ,
  • Հոգևոր կարգապահությա՞ն,
  • Սեռական մեղքերի՞,
  • կամ որևէ այլ կախվածությա՞ն։

Դու կարող ես քո կյանքի այդ ոլորտները վստահել Աստծուն և պետք է թույլ տաս, որպեսզի Նա փոխակերպի դրանք։

Անկախ նրանից, թե մենք նորահավատ ենք կամ երկար տարիներ հոգևոր փորձառություն ունեցող հասուն հավատացյալ, մենք միշտ կանգնած ենք սայթաքելու վտանգի առջև։ Հենց այս պատճառով է Աստվածաշունչը մեզ զգուշացնում․ «Ուրեմն ով համարում է, թե հաստատուն կանգնած է, թող զգույշ լինի, որ չընկնի» (Ա Կորնթացիս 10․12):

Սակայն բարի լուրը հետևյալն է․ «Թեկուզև ցած ընկնի, չի կործանվելու, որովհետև Տերը բռնում է նրա ձեռքից» (Սաղմոս 37․24)։

Տեր Աստծո համար մեր ընկնելը անակնկալ չէ և Նա նախօրոք պատրաստ է լինում մեր ընկնելուն և մշտապես բռնում է մեր ձեռքից, որպեսզի ամեն անգամ մեր սայթաքելիս, մեզ ոտքի կանգնեցնի և թույլ չտա, որ Իր զավակները վնասվածքներ կրեն։

Ամենայն հավանականությամբ մեր կյանքի ու հավատքի ընթացքի մեջ նորից ենք ընկնելու։ Սակայն ամեն անգամ մենք պետք է հենվենք մեր Տիրոջ ձեռքին, քանի որ Աստված երբեք մեզ չի թողնի գետնին ընկած։ Դու թանկ ես Աստծո համար՝ իրապես ու աննկարագրելիորեն թանկ։ Երբ ադամանդն ընկնում է ցեխի մեջ, այն երբեք չի կորցնում իր բարձրարժեքությունը։

Աստվածաշնչում կարդում ենք նաև այս տողերը․ «Նա վեց նեղություններից քեզ կազատի, և յոթերորդում քեզ չարիք չի դիպչի» (Հոբ 5․19)։

Այսօր ոչ թե ընդունիր քո սայթաքելու կամ ոտքերիդ դողալու մասին մտքերը, այլ փոխարենը ասա․ «Հազար հոգի կընկնեն քո կողքին, և տասը հազարը՝ քո աջ կողմում, բայց քեզ ոչ մի հարված չի մոտենա» (Սաղմոս 91․7)։

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, թող Աստծո շնորհքն ու ողորմությունները այսօր առատ լինեն քո բոլոր գործերի ու քո հոգևոր ընթացքի մեջ։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 1Օր 3

Այս Ծրագրի Մասին

Բացահայտի՛ր Իրական Ուրախության Կյանքը

Մեզնից ոմանք կարծում են, թե իրենք բավարար չափով տաղանդավոր չեն, բավարար չափով նախաձեռնող չեն, բավարար չափով համբերատար չեն և այլն։ Գուցե դու տարիներ շարունակ հենց նմանատիպ խոսքեր ես քեզ ասում։ Սակայն Աստծո խոսքը քեզ համար այլ բան է ասում՝ Տիրոջ ողորմությունը չի դադարում, Նրա գթությունը վերջ չունի։ Նրանք ամեն առավոտ նոր են։ Առաջարկում եմ ընթերցել այս հրաշալի թեմայով ընթերցանության ծրագիրը և հայտնաբերել Աստծո ուրախությունը պարգևող ծրագիրը քո կյանքի համար։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Jesus.net-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/