Դուք Կաղոթեք Ինձ, եւ Ես Կլսեմ Ձեզ»։Օրինակ

Դուք Կաղոթեք Ինձ, եւ Ես Կլսեմ Ձեզ»։

ՕՐ 1 5-ից

Ե՛կ սկսենք․․․ 🤗

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, դու կարող ես աղոթել և անհնարինը հնարավոր դարձնող Աստծուն տեղ հատկացնել կյանքիդ կենտրոնում։ Աստված չի ուզում պարզապես լուծել քո խնդիրները... Նա ցանկանում է զարմացնել քեզ Իր բարությամբ և ողորմածությամբ: Նա ուզում է լինել քո կյանքի Տերը և Փրկիչը, Ում դու վստահում ես քո ամբողջ սրտով․․․

Սիրելի բարեկա՛մ, դու հավատո՞ւմ ես, որ աղոթքը կարող է օգնել մեզ մեր հոգսերն Աստծուն հանձնելու հարցում։ Հոգևոր կյանքի ամենակարևոր հմտություններից մեկն այն է, որ մարդը սովորում է բաց թողնել այն, ինչը մենք չենք կարող կառավարել․․․ չանհանգստանալ այն ամենի համար, ինչը մեր իշխանության տակ չէ, և կախված չէ մեր վերաբերմունքից ու անելիքներից։ Եվ չանհանգստանալու հիմքը ոչ թե անտարբեր լինելն է, այլ այն փաստը, որ մենք մեր հոգսը հանձնել ենք Աստծուն, Ում կամքը բարի է, հաճելի և կատարյալ (տե՛ս Հռոմեացիս 12․2 խոսքը)։

Ես համոզված եմ, որ աղոթքը ճանապարհ է բացում, որպեսզի Տեր Աստված իշխի, գործի և տիրի մեր կյանքում։ Մատթեոս 6․6 խոսքի մեջ Տեր Հիսուսը գործնական խորհուրդ է փոխանցում աղոթքի վերաբերյալ․ «Այլ երբ դու աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր դուռդ և ծածուկ աղոթի՛ր քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, հայտնապես կհատուցի քեզ»:

Աստված ուզում է քեզ հետ ժամանակ անցկացնել: Նա սպասում է քեզ քո ներքին սենյակում: Առանձնացիր մի այնպիսի տեղ, որտեղ ոչ ոք քեզ չի խանգարի, և քո հոգսերը, քո անհանգստություններն ու քո կյանքի բեռները վստահիր Նրան: Այնուհետև, երբ դուրս գաս աղոթքի սենյակից, հոգսերդ մի վերցրու քեզ հետ։ Սովորի՛ր թողնել դրանք Տեր Աստծո մոտ։ Հաճախ մենք ուզում ենք ամեն բան մարդկայնորեն վերահսկել։ Բայց երբ թույլ ենք տալիս, որ Աստված ստանձնի դրանց պատասխանատվությունը, ապա շուտով նաև կտեսնենք Նրան վստահելու պտուղները։

Իմ կյանքում բազմաթիվ դեպքեր են եղել, որ անորոշության կամ կյանքի դժվարին շրջաններին դեմ հանդիման, երբ չգիտես ինչ կլինի և իրադարձությունները ինչ ընթացք կստանան, ինձ նույնպես այցելել են տարբեր մտքեր և ուսերիս ծանրացել են կյանքի հարվածների ու տագնապալի հեռանկարների բեռները։ Նման իրավիճակներում միայն մեկ վայր կա, որտեղ կարող եմ ուսերիցս իջեցնել իմ բեռները, և միայն Մեկը կա, Ով կվերցնի դրանք և կհոգա իմ խնդիրների լուծումը Իր բարի, հաճելի և կատարյալ կամքի համեմատ։

Դա ներքին սենյակի աղոթքի օրհյալ փորձառությունն է և Տեր Աստծուն մեր խնդիրների լուծումը վստահելը։ Կա՛մ մենք ենք հոգս անելու և փորձելու վերահսկել այն, ինչը մեր ուժերից և ունեցած իշխանության սահմաններից վեր է, կա՛մ պետք է սովորենք հանձնել դրանց լուծումը Աստծուն, Ով ամենակարող է ու ամենագետ և Իր անսահման իմաստությամբ գիտի, թե ինչպես և երբ հոգ տանի մեզ համար։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.am կայքում։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 2

Այս Ծրագրի Մասին

Դուք Կաղոթեք Ինձ, եւ Ես Կլսեմ Ձեզ»։

Դու հավատո՞ւմ ես, որ աղոթքը կարող է օգնել մեզ մեր հոգսերն Աստծուն հանձնելու հարցում։ Չանհանգստանալ այն ամենի համար, ինչը մեր իշխանության տակ չէ, և կախված չէ մեր վերաբերմունքից ու անելիքներից։ Շատ կարևոր է մեր կյանքի համար Տեր Աստծո կամքին համահունչ՝ հստակ տեսիլք ունենալը: Եթե ցանկանում ես տեղեկանալ, թե ինչ է անհրաժեշտ որպեսզի Աստված լսի քո աղոթքը, ապա առաջարկում եմ ընթերցել այս ծրագիրը, որի թեման հենց այդ մասին է։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/