Աստված Ուզում է Զորացնել ԶեզՕրինակ
Շարունակի՛ր ընթացքդ․․․ Նա քեզ զորացնող Տերն է
Սիրելի՛ բարեկամ, Սաղմոս 46․10 խոսքում կարդում ենք․ «Հանդարտ մնացեք և ճանաչեք, որ Ես եմ Աստված»։
Եբրայերեն բնագրում «հանդարտ» բառը «ռաֆահ» բառն է։ Մենք կարող էինք թարգմանել որպես «հանգիստ» կամ «խաղաղ»։ Իսկ այս նախադասության իմաստային թարգմանությունը այսպիսին կարող է լինել․ «Մի՛ փորձիր վերահսկել ամեն բան, Ինձ հանձնիր քո հոգսերը և վստահաբար կտեսնես, որ Ես Աստված եմ»։
Մեր խնդիրների լուծումն Աստծուն վստահելու և հոգսերը մեր ուսերից ցած դնելու մասին Աստվածաշունչը հետևյալն է սովորեցնում Եբրայեցիներ 4․16 խոսքում․ «Ուրեմն Նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք ու շնորհ գտնենք մեզ օգնության պատեհ ժամին»։
Աստվածաշնչյան վերը բերված մեջբերումն ինձ հիշեցնում է Եսթեր թագուհու պատմությունը, որը կարող եք ընթերցել Աստվածաշնչի Եսթերի գրքում։ Մի օր, երբ հրեաները բախվեցին չար ու նենգ Համանի ձեռքով կոտորվելու վտանգին, Եսթեր թագուհին որոշեց աղոթել ու ծոմ պահել, որպեսզի փնտրի և գտնի Տիրոջ օգնությունը։ Երեք օր անց նա գնաց թագավորի մոտ, ով իր գավազանն ուղղեց դեպի նա։
Ընթերցենք Եսթեր5․3 խոսքը․ «Թագավորն ասաց նրան. «Ի՞նչ ունես, Եսթե՛ր թագուհի, և ի՞նչ է ուզածդ. իմ թագավորության մինչև կեսն անգամ քեզ կտրվի»։
Սա մի հրաշալի նկարագրություն է այն հնարավորության մասին, որը տրված է մեզնից յուրաքանչյուրին, որպեսզի համարձակորեն մոտենանք շնորհքի գահին։ Դու ազատ մուտք ունես Աստծո ներկայության մեջ Տեր Հիսուսի մաքրագործող և սրբագործող արյան շնորհիվ։ Եվ սա՝ ոչ թե մեր արժանիքների արդյունքում, այլ Տեր Հիսուսին հավատացող մարդկանց արտոնվող շնորհքի արդյունքում։
Այսօր մոտեցի՛ր այդ շնորհքի գահին։ Բե՛ր Աստծո առաջ այն ամենը, ինչ ծանրացել է քո սրտին, ինչն անհանգստացնում է քեզ։ Բա՛ց թող հոգսերդ և հանձնիր Աստծուն։ Թո՛ւյլ տուր, որպեսզի Նա՛ միջամտի և լուծի այդ դժվարին իրավիճակը, բժշկի քեզ քո հիվանդությունից, շտկի լարվածության հասած բարդ հարաբերությունները և այլն։
Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, Տերն այսօր էլ քե՛զ է ուղղում Իր խոսքը․ «Խաղաղվի՛ր, հանդարտվի՛ր, բա՛ց թող խնդիրներդ, իջեցրո՛ւ դրանք քո ուսերից, հանդարտ եղիր և իմացիր, որ ես եմ Աստված։ Ինձ համար չկա անհնարին ոչինչ։ Ես կարող եմ փոխել ամեն բան,վերափոխել ու փոխակերպել ցանկացած իրավիճակ ու ընթացք, որովհետև ես եմ Տերը՝ Ամենակարողը»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Առաջիկա յոթ օրերին միասին կտեսնենք, թե որքան զորեղ է Աստված, որ Նա ամենակարող է և որ քաջալերում ու զորացնում է նաև քեզ։ Դու թույլ մարդ չես։ Աստված պարգևել է քեզ այն ուժը, որի կարիքն ունես բոլոր դժվարին իրավիճակները հաղթահարելու համար։ Աստված հոգացել է այն քեզ համար։ Ես իմ ողջ էությամբ հավատում եմ, որ դու կարողանալու ես հաղթահարել քո առջև կանգնած խոչընդոտը։ Այս ընթերցանության ծրագիրը հենց այդ մասին է․․․
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/