Ինչպե՞ս ունենալ Քրիստոսին մեր մեջՕրինակ
Աստված Իր որոշած ժամանակին ամեն բան շատ գեղեցիկ կերպով է անում
«Նա ամեն բան պատշաճ է արել իր ժամանակին» (Ժողովող 3.11):
Սիրելի՛ բարեկամ, նկատե՞լ ես, որ մեր կյանքում անհամբերությունը բազմաթիվ խնդիրների և հոգեբանական պոռթկումների պատճառ կարող է դառնալ։ Անհամբերությունը մեր մեջ մեծ ցանկություն է ծնում, որպեսզի կատարվի այն, ինչի ժամանակը դեռ չի հասունացել կամ ինչը մենք շատ ենք ուզում, որ տեղի ունենա։
Աստված երբեմն մեր աղոթքներին ուշ է պատասխանում, երբեմն շատ ուշ, բայց ոչ երբեք՝ ուշացած։ Նա երբե՛ք հետ չի ընկնում իրադարձությունների ընթացքից։ Նաև քո պարագայում Նա երբե՛ք չի ուշանում և ունի Իր կատարյալ ժամանակացույցը։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, քո օրհնություններն իրենց հատուկ տեղն ունեն Աստծո օրացույցում։ Դրանք ճանապարհին են։ Եթե տեսիլքը ուշանում է, սպասի՛ր նրան, որովհետև անպատճառ պիտի գա և չի ուշանա։ (Տե՛ս Ամբակում 2.3 խոսքը)
Ամբողջ խնդիրը Աստծո օրհնությունները ընդունելու մեր կարողության և դրանց պատրաստ լինելու մեջ է։ Արդյոք մենք սովորո՞ւմ ենք այն դասերը, որոնք Տերն է մեզ փորձում սովորեցնել, երբ ուշացնում է մեր աղոթքի պատասխանը։ Արդյոք մեր խնդրանքն Աստծո կամքի մե՞ջ է։ Արդյոք մենք վստահո՞ւմ ենք Նրա կամքի բարության դրսևորումներին։ Արդյոք մենք խնդրում ենք եսասիրակա՞ն շարժառիթներից դրդված, թե՞ Աստծո ծրագրին ու դրանում մեր ներգրավվածությանը համահունչ կերպով։
Մեր գործը, մեր բարժինը Աստծո կամքի մեջ ապրելն է և մեր սրտի փափագներն ու ցանկությունները մեր երկնային Հոր առջև բացելը։ Աստված ունի Իր կատարյալ ժամանակացույցը։ Նա լավագույնն է ուզում մեզ համար։ Նա գիտի Իր զավակներին օրհնել և սիրո ու հոգատարության գործեր անել մեր կյանքում։ Մենք պետք է համբերությամբ սպասենք ու չթուլանանք Նրա կամքի հանդեպ մեր հավատարմության հարցում։
Առաջարկում եմ աղոթել ինձ հետ միասին այս աղոթքով. «Սիրելի՛ Հայր, հավատում եմ, որ Դու իմ կյանքում ճիշտ ժամանակին ամեն բան գեղեցիկ կերպով ես իրագործելու։ Ես վստահում եմ Քեզ։ Ես հույսով սպասելու եմ Քո միջամտությանն ու Քեզ ուղղված իմ աղոթքների պատասխաններին։ Լցրո՛ւ ինձ համբերությամբ և Քո բարի կամքի հանդեպ վստահությամբ։ Հավատում եմ, որ ինձ համար Քո պատրաստած օրհնություններն արդեն ճանապարհին են։ Դու գիտես ժամերն ու ժամանակները, և ես այլևս հոգս չեմ անելու աղոթքներիս ուշացած պատասխանների համար։ Աղոթում եմ Տեր Հիսուսի անունով։ Ամե՛ն»։
Թույլ տուր, որ հենց այս պահին Աստծո խաղաղությամբ լցվի քո սիրտը։ Նա ամեն բան համահունչ է արել, անում է ու դեռ անելու է քո կյանքում․․․ Ի՛ր ճիշտ ժամանակին։
Օրհնված և ուրախությամբ լեցուն օր եմ մաղթում քեզ։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
Ձնծաղիկը պայքարի ու հաղթանակի խորհրդանիշ է՝ ձմեռվա ցրտի ու դժվարությունների ավարտի ազդարարարը։ Ձնծաղիկի փոքրիկ ծիլերը սկսում են վեր բարձրանալ ձյան միջից՝ ճանապարհ հարթելով գարնան սկիզբն ազդարարող գեղեցկագույն ծաղիկների համար։ Մենք մեր կյանքում նույնպես կարող ենք անցնել տարբեր եղանակներով։ Դրանցից որոշները ձմռան նման ցրտաշունչ են։ Իսկ երբեմն էլ մենք ասես սառած ու մնացած լինենք երկու վիճակների՝ երկու տարբեր եղանակների մեջտեղում։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/