Փառաբանի՛ր և երկրպագի՛ր ԱստծունՕրինակ

Փառաբանի՛ր և երկրպագի՛ր Աստծուն

ՕՐ 2 7-ից

Ցնծության ձայնը սրտից բխող փառաբանության ուրախությունն է

Տեր Աստծուն ուղղված փառաբանությունը պետք է ուրախության ցնծություն պարունակի։ Դու չես կարող տրտմության ու տխրության երգերով փառաբանել Աստծուն։ Աստվածաշունչը մեզ կարևոր ճշմարտություններ է փոխանցում Տեր Աստծուն ընդունելի փառաբանության վերաբերյալ։ Մենք կարող ենք տրտմել, տխրել, սգալ, լինել կոտրված ու փշրված, սակայն Տեր Աստծուն ուղղված փառաբանության հիմքը պետք է լինի մեր շնորհակալությունը, քանի որ Տերը այս բոլոր իրավիճակների մեջ մեր կողքին է, մեզ մենակ չի թողել և Իր միջամտությամբ ելք ու հաղթանակներ է հոգացել Իրեն սիրողների համար։

Սիրելի՛ բարեկամ, գիտե՞ս արդյոք, որ մեր ներսից բխող ցնծությունը մեր սրտի ուրախության այնպիսի առատությունն է, որն այլևս չենք կարողանում պահել մեր ներսում։ Երբ մեր սիրտը լի է Տեր Աստծուն ուղղված երախտագիտությամբ և Նրա զավակը լինելու ուրախությամբ և այդ երախտագիտությունն ու ուրախությունը մեր մեջ այնքա՜ն շատ են, որ անկարող ենք դրանք պարփակել մեր ներսում, այդ ժամանակ մեր սրտից առ Աստված է ուղղվում ցնծության ձայնով ուղեկցվող փառաբանությունը։

«Ծա՛փ տվեք, բոլո՛ր ժողովուրդներ, ցնծության ձայնով աղաղակե՛ք Աստծուն, որովհետև Տերը Բարձրյալ և ահեղ է. մեծ Թագավոր է ամբողջ երկրի վրա։ Ժողովուրդներին Նա մեզ է հպատակեցնում և ազգերին մեր ոտքերի տակ դնում։ Նա մեզ համար ընտրում է մեր ժառանգությունը՝ Հակոբի փառավորությունը, որին Նա սիրում է» (Սաղմոս 47․1-4)։

«․․․ցնծության ձայնով աղաղակե՛ք Աստծուն»։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է Աստծուն ընդունելի փառաբանության կերպը։ Մեր ավանդույթները, մեր սովորությունները, մեր պատկերացումներն ու ընդունված նորմերը մեզ կարող են այլ բաներ սովորեցնել։ Սակայն երբ Տերն Ինքն է սովորեցնում մեզ Իր Խոսքի մեջ, մենք իրավունք չունենք որևէ այլ աղբյուր կամ կարծիք վեր դասելու Տեր Աստծու անսխալական խոսքից։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ ամեն բանի համար ժամանակ կա։ Կա՛ սուգի ու լացի ժամանակ և կա՛ նաև ուրախության ու ցնծության ժամանակ (տե՛ս Ժողովող 3․4 խոսքը):

Այսօր աղոթում եմ, որպեսզի քեզ համար լինի Տիրոջը ցնծության ձայնով աղաղակելու օր։ Եվ, որպես վերջաբան, ուզում եմ, որ միասին ընթերցենք մի հատված Նեեմիայի գրքից, որտեղ նկարագրվում է մեղքի բերած տրտմությունն ու սուգը, ինչպես նաև ապաշխարության հաղթանակն ու Տեր Աստծու ակնկալած ցնծության ուրախությունը։

«Եվ Նեեմիան, որ Աթարսաթան է, և Եզրաս քահանա դպիրը և ղևտացիները, որ բացատրում էին ժողովրդին, ասացին ամբողջ ժողովրդին. «Այս օրը սուրբ է ձեր Տեր Աստծու համար, սուգ մի՛ արեք և մի՛ լացեք», որովհետև ամբողջ ժողովուրդը լաց էր լինում, երբ լսում էր օրենքի խոսքերը։ Եվ նրանց ասաց. «Գնացե՛ք, յուղալի բանե՛ր կերեք և քաղցր բանե՛ր խմեք և բաժիննե՛ր ուղարկեք պատրաստություն չունեցողին, որովհետև այս օրը սուրբ է մեր Տիրոջ համար, և մի՛ տրտմեք, որովհետև Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է»։ Եվ ղևտացիները լռեցրին ամբողջ ժողովրդին՝ ասելով. «Լռեցե՛ք, որովհետև այս օրը սուրբ է, և մի՛ տրտմեք» (Նեեմիա 8․9-11):

Քննի՛ր քո սիրտը։ Ինչո՞վ է այն լցված։ Քո սրտից բխո՞ւմ է արդյոք ցնծության ուրախությունը, որի հիմքը Տեր Աստծու զավակը լինելու իրողությունն է։ Շուրթերից բխում է այն, ինչով լցված է սիրտը․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 1Օր 3

Այս Ծրագրի Մասին

Փառաբանի՛ր և երկրպագի՛ր Աստծուն

Տեր Աստծուն ուղղված փառաբանությունը պետք է ուրախության ցնծություն պարունակի։ Աստծուն ուղղված փառաբանությունը և երկրպագությունը Նրա իշխանության տակ լինելու և այդ իշխանության տակ լինելուց բխած գոհության արտահայտություն է։ Փառաբանությունը մեծարում է մեր երկնային Թագավորին և արտահայտում Նրան արժանի գովասանքը։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/