Կավե անոթը Բրուտի ձեռքերումՕրինակ

Կավե անոթը Բրուտի ձեռքերում

ՕՐ 7 7-ից

Դու կարո՛ղ ես պատվի անոթ լինել

Եթե հավատում ես Տեր Աստծուն, Նրա Սուրբ Խոսքին՝ Աստվածաշնչին, և եթե որոշել ես կյանքդ հանձնել Նրա՝ ապահով ու քո մեջ մի նոր էություն կերտող ձեռքերին, ապա դու ճիշտ տեղում ես։ Դու այն կավն ես, որը Բրուտը վերցրել է Իր հմուտ ձեռքերի մեջ և աշխատանք է տանում, որպեսզի քեզ պատրաստի ու դարձնի Իր փառքի համար գործածվող մի առանձնահատուկ անոթ։

Սիրելի՛ բարեկամ, ես չգիտեմ, թե ինչ դժվարությունների ես բախվել քո կյանքում։ Բրուտի ձեռքերում հայտնված կավի տարբեր տեսակները տարբեր խնդիրներ են ունենում։ Որոշների պարագայում կարիք է լինում ջուր ավելացնելու, որպեսզի փափկի նրանց էությունը, որոշները դեռ հասունանում են, որպեսզի Բրուտի ձեռքերը սկսեն նրանց փոխակերպման ընթացքը, իսկ մյուսներն էլ արդեն ճախարակի վրա են և պտտվում են այն արագությամբ, որը Բրուտն է որոշել նրանց համար։

Հավատքի կյանքում կան մարդիկ, որոնք արդեն իսկ ստացել են այն ձևը, որը Բրուտն է որոշել նրանց համար։ Կան նաև մարդիկ, որոնք ճանապարհի կեսից փլուզվել են և կրկին դրվել են Բրուտի ճախարակի վրա ու անցնում են իրենց փլուզված կյանքի վերականգնման ընթացքը։ Որոշները ձևավորվելուց հետո ամրացման փուլում են՝ չորանոցում կամ վառարանի մեջ։ Կան նաև մարդիկ, որոնք անցել են այս բոլոր փուլերով և արդեն պատրաստ են Տեր Աստծուն պտղաբեր ծառայություն մատուցելու և Նրա փառքի անոթը լինելու համար։

Պատրաստի անոթը ստուգման ընթացք է անցնում, երբ Բրուտն Իր մատներով հարվածում է դրան ու զրնգացնում։ Անոթի արձագանքը՝ դրանից հնչող ձայնը, խոսում է պատրաստի անոթի որակական հատկանիշների մասին։ Այս անոթները վստահելի անոթներ են։ Նման մարդիկ անցել են հնազանդ լինելու և դժվարությունների մեջ Աստծու կամքին հավատարիմ մնալու բոլոր փորձությունները։ Նրանց խոսքերը, սկզբունքներն ու ապրելակերպը Տեր Աստծու փառքի վկայություններն են իրենց շրջապատի մարդկանց համար։

«Մի՞թե Ես չեմ կարող այս բրուտի պես անել ձեզ․․․,- ասում է Տերը,- ահա ինչպես որ կավն է բրուտի ձեռքին, նույնպես դուք՝ Իմ ձեռքին» (Երեմիա 18.6)

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված՝ հմուտ Վարպետը, կարող է նույնը քո կյանքում անել։ Եթե հանձնվես Նրա հոգատար ու հանճարեղ ձեռքերին, ապա Նա կարո՛ղ է քո անկանոն կամ փլուզված կյանքը վերածել այնպիսի մի հրաշալի ընթացքի, որ ապրես Նրա բարի, հաճելի և կատարյալ կամքի ներքո (տե՛ս Հռոմեացիս 12.2 խոսքը):

Ճիշտ ինչպես բրուտն է հունցում ու ձև տալիս կավին, այդպես Աստված է մեզ հետ աշխատանք տանում, որպեսզի փոխակերպի մեզ և մեր կյանքերում բացահայտի Իր կողմից արարված լինելու նպատակն ու նշանակությունը։ Նա երբե՛ք չի հոգնում և թևաթափ չի լինում անգամ այն ժամանակ, երբ մենք անհնազանդ ենք լինում Նրա կամքին ու ուղղորդումներին։ Ընդհակառակը՝ Նա կրկին վերցնում է մեզ Իր հայրական հոգատար ձեռքերի մեջ և համբերությամբ ևս մեկ անգամ փորձում մեր կյանք այցելած հանգամանքների օգնությամբ մեզ համապատասխանեցնել Իր կատարյալ կամքին ու մեր կյանքի համար Իր ունեցած ծրագրերին։

Իսկ դու քո կյանքն ու էությունը պատրա՞ստ ես հանձնել հմուտ Բրուտի տնօրինմանը, թե՞ որոշել ես ինքդ քո իմաստությամբ առաջ ընթանալ․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.amկայքում։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 6

Այս Ծրագրի Մասին

Կավե անոթը Բրուտի ձեռքերում

Մենք նման ենք կավի, իսկ Աստված Բրուտն է։ Նա ոչ միայն արարել է մեզ, այլև ուզում է մեզնից կերտել Իր փառքի անոթները։ Երբ մենք մեր կյանքերը հանձնում ենք Տեր Հիսուսի տնօրինմանը և վստահում, Տերն օգնում ու փոխակերխում է մեր էությունը։ Ինչպես կավն է բրուտի ձեռքերի մեջ, այնպես ես և դու՝ Աստծու ձեռքերում։ Առանց կրակների միջով թրծվելու, մեր սիրտը երբե՛ք չի ամրանա։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/